Նոր արշավանք Սյունիքի դեմ

Նոր արշավանք Սյունիքի դեմ

Սամվել Ալեքսանյան, Սյունաց Երկիր

Հիմա էլ Քաջարան գյո՞ւղն են մատաղ անում` հանուն «գերակա հանրային շահի»:

1950-60-ականներին խորհրդային իշխանությունը քանդեց Կավարտի Սբ Գեւորգ եկեղեցին, գյուղի դարավոր գերեզմանատունն ու ամբողջ գյուղը` այդ տարածքում եղած հանքապաշարն արդյունահանելու համար: Քաջարան գյուղի բնակիչները համոզված են, մինչդեռ, որ Սերժ Սարգսյանի ու Մաքսիմի քրիստոնեական զգացմունքները թույլ չեն տա, որ Քաջարան գյուղը տարվի Կավարտի ճանապարհով, որ գյուղի գերեզմանի, Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի եւ բնակելի տների տարածքում հանքարդյունահանում իրականացվի, թեեւ կառավարության որոշմամբ այդ տարածքն այլեւս պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:

Գյուղ Քաջարան. պատմական համառոտ ակնարկ

Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանից հեռու է 8-10 կմ: Ե՛վ նախկինում, ե՛ւ հայ-ադրբեջանական վերջին պատերազմում յուրօրինակ վահան է եղել Սյունիքի հարավարեւմտյան սահմանագծում: Ունի հեթանոսական եւ քրիստոնեական մի քանի հնավայր: Նաեւ պատմական փառապանծ իրադարձությունների վայր է: Առայսօր կանգուն Սբ Հակովբ եկեղեցին կարեւոր դեր ունեցավ Դավիթ Բեկի, ապա եւ Նժդեհի մաքառումների ժամանակ: 61 զոհ է տվել Հայրենական մեծ պատերազմում: 230 առանձնատուն ունեցող գյուղում խոյանում է Մեծ հայրենականում զոհված քաջարանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Քաջարան գյուղի ռազմավարական դերն ու նշանակությունը ժամանակին նկատել եւ իրենց ստեղծագործություններում արտացոլել են բազմաթիվ գրողներ ու ստեղծագործողներ:

Մեկ այլ առիթով արդեն ասել ենք («Սյունյաց երկիր», 25 փետրվարի 2009թ.), որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տարիների ընթացքում կուլ է տվել եւ վերացրել կամ վերացման հանգրվան հասցրել մի քանի հնամենի հայկական գյուղ: Քաջարան գյուղի հաշվին էլ կոմբինատին քանիցս հողատարածքներ են հատկացվել` 90 հա` 1947-ին, 380 հա` 1958-ին:

1991թ. փետրվարի 19-ին, ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, հողօգտագործման նախկին վարչական սահմաններով վերականգնվեց Քաջարան գյուղը, որը 1958թ. ներառվել էր Քաջարան քաղաքի մեջ: 1992թ. հուլիսի 9-ին գյուղը մտցվեց ՀՀ բնակավայրերի ցանկի մեջ: Գյուղի տարածք է ճանաչվել Քաջարանի նախկին կոլտնտեսության` 1948-ին հաստատած քարտեզով սահմանված տարածքը: Գյուղի սահմաններում որոշ փոփոխություն է կատարվել 2006-ին` Քաջարան քաղաքի եւ Քաջարան գյուղի սահմանների նկարագիրը ճշտելու ընթացքում:

Քաջարան գյուղը մեծ վնաս է կրել 1968-ի երկրաշարժի հետեւանքով: Դրանից հետո այնտեղ տեղադրվել է 105 փայտե տնակ, որոնց մեջ էլ առայսօր ապրում են բնակիչները:

Գյուղում առկա տնտեսությունների թիվը, ըստ մարզպետարանի, 93 է, բնակչության թիվը` 212 (փաստացի բնակվողների թիվը` 256):

Գյուղաբնակները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսով: Երիտասարդության մի մասը (20-25 հոգի) աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում:

Գյուղի արեւելակողմում` մոտ 1 կմ հեռավորության վրա, կոմբինատի բաց հանքն է: Այդտեղ կատարվող պարբերական պայթեցումներից գոյացած փոշին իր վերջին հանգրվանն է գտնում գյուղում` շարունակաբար առաջացնելով փոշու շերտեր: Այդտեղ սովորական են դարձել թույլ երկրաշարժ հիշեցնող ամենօրյա ցնցումները` պայթեցումներից առաջացող, որոնցից պարբերաբար խախտվում են ջրագծերը, ջարդվում՝ տների ապակիները:

Գյուղում է գտնվում, ինչպես նշեցինք, 17-րդ դարում կառուցված Սբ Հակովբ եկեղեցին, որը վերջին տարիներին մասնակիորեն վերանորոգվել է քաջարանցիների հանգանակած միջոցներով, ինչպես եւ ԲՀԿ-ի կողմից հատկացված 4 մլն դրամով:

Ինչո՞ւ մի առվով չեն հոսում Մաքսիմի ու Քաջարան գյուղի բնակիչների ջրերը

Գյուղապետ Ռաֆիկ Աթայանի վկայությամբ` Մաքսիմ-Քաջարան գյուղ հարաբերությունները կտրուկ վատթարացան 2004-ի դեկտեմբերյան չարաբաստիկ սեփականաշնորհում-աղետից հետո: Հենց այդ ժամանակ սկիզբ առան (ու մինչեւ այժմ շարունակվում են) խոսակցություններն այն մասին, որ Քաջարան գյուղի տարածքը, որի ընդերքում պղնձամոլիբդենային հարուստ հանքավայր կա, վաղ թե ուշ անցնելու է կոմբինատի տնօրինության ներքո: Սկիզբ առան խոսակցություններ, որ գյուղը, միեւնույն է, տարհանվելու է, որ տեղափոխվելու են անգամ գյուղի գերեզմանատունն ու գյուղի տարածքում գտնվող պատմական հուշարձանները եւ այլն: Այդ ամենի հետեւանքով, մի քանի տարի է՝ անորոշ վիճակ է ստեղծվել գյուղում:

Ըստ գյուղապետի` կոմբինատի ղեկավարությունը մասնավորեցում կոչված արհավիրքից հետո որեւէ աջակցություն ցույց չի տվել գյուղին: Ավելին` 2006-ին կոմբինատի ղեկավարների ոտնձգությունները գյուղի հանդեպ ավելի անթաքույց ագրեսիվ բնույթ են ստացել: Այդ ժամանակ «Կյարմուր քար» անվանյալ հանդամասում տեղադրվեց երկրաբանական-հետախուզական աշխատանքներ կատարող խոր փորման հաստոց` ընդերքի (գյուղի զբաղեցրած տարածքի) հանքային պաշարներն ուսումնասիրելու նպատակով: Այնուհետեւ սկսեցին քանդել «Խաչին կողք» վայրում գտնվող նախկին դպրոցի, ակումբ-գրադարանի կիսականգուն շինությունները: Գյուղացիների բողոքներից հետո խոր փորման հաստոցը հետ տարան, բայց նախկին դպրոցի, ակումբ-գրադարանի շենքերը հասցրին սրբել հողի երեսից: Հիմա այդ շենք-շինությունների տեղն աղբավայր է: Դրանից հետո, սակայն, մաքսիմականները գյուղ մտնող երկու ճանապարհից մեկի վրա ուղեփակոց դրեցին, մյուսի վրա` տեսախցիկներ` փոխադրամիջոցների ելումուտը վերահսկելու համար: Այդ ժամանակ էր, որ թերթի խմբագրություն եկած քաջարանցիները հանրապետության վարիչներին հարց ուղղեցին. «…Այդ ինչպե՞ս է պատահել, որ Երեւանում, Ծաղկաձորում, Ջերմուկում հազար ու մի սուտի-մուտի միջոցառում հովանավորող, հանրապետության հազար ու մի գյուղում սուտի-մուտի գործերի տեսիլք ստեղծող եւ դրանք իբրեւ բարեգործություն ներկայացնող քաջարանյան կլանը կոմբինատ ծնած Քաջարան գյուղում մի կոպեկի ներդրում չի կատարում: 1968-ի երկրաշարժի հետեւանքներն անգամ մինչեւ հիմա պահպանվում են գյուղում, չնայած հենց այդ գյուղն ու գյուղի մարդիկ են իրենց մաշկի վրա կրում բնապահպանական բոլոր մայմունությունների առաջին հարվածը» («Սյունյաց երկիր», 25 փետրվարի 2009թ.):

Ստեղծված այս մթնոլորտում էլ լիովին խզվել են Քաջարան գյուղի ղեկավարներ-Մաքսիմ առնչությունները: Գյուղապետը վկայում է, որ երկու-երեք տարի շարունակ ինքը չի կարողանում մտնել Մաքսիմի աշխատասենյակ եւ գյուղ-կոմբինատ առնչություններին վերաբերող հարցերը քննարկել: Գյուղապետը, վերջին հաշվով, կլանի կողմից հայտարարվել էր անցանկալի անձ: Եվ ահա այս մթնոլորտում ս.թ. ապրիլի 28-ին ծնվեց Հայաստանի կառավարության` մարզում մեծ աղմուկ առաջացրած որոշումը «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին»:

Ի՞նչ է ասում կառավարության խնդրահարույց որոշումը (քաղվածք)

I. Հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղինձմոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը եւ բաց հանքի ընդլայնման հեռանկարները` սույն որոշման 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ ենթակետերով սահմանված համայնքների, քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետեւյալ հիմնավորումներով`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ` ա) ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարեւոր նշանակություն, բ) ծրագրի իրականացումը կապահովի Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման ծավալների էական աճ, գ) ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը, դ) ծրագրի իրականացումը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ օգտագործումը չի կարող ապահովել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ օտարվող սեփականության օբյեկտների տարածքներում եւ (կամ) դրանց անմիջական հարեւանությամբ գտնվող տարածքներում իրականացվելու են հանքավայրի շահագործման աշխատանքներ:

II. Սահմանել, որ` 1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքների ձեռքբերող է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, 2) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն է, 3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2012թ. հունվարի 1-ն է:
III. Սույն որոշման 1-ին կետի համաձայն`

1) ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականության 310.0 հա, վարձակալությամբ տրամադրված` 27.0 հա հողերը փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:

2) ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականության 113.65 հա եւ սեփական` 1917.3501 հա հողերը փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:

3) ՀՀ Սյունիքի մարզի Սեւաքար գյուղական համայնքի սահմաններում գտնվող` համայնքային սեփականության` 80.9 հա եւ սեփական` 10.585 հա հողերը փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:

4) ՀՀ Սյունիքի մարզի Աճանան գյուղական համայնքի սահմաններում գտնվող` համայնքային սեփականության 9.5 հա հողերը փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:

5) ՀՀ Սյունիքի մարզի Չափնի գյուղական համայնքի սահմաններում գտնվող` սեփական` 17.7 հա հողերը փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:

6) ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք գյուղական համայնքի սահմաններում գտնվող` համայնքային սեփականության` 250.0 հա հողերը փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:

IV. ՀՀ Սյունիքի մարզպետին`
3) սույն որոշման 3-րդ կետի 1-6-րդ ենթակետերի համաձայն` փոխադրված պետական սեփականություն հանդիսացող հողերը վարձակալության իրավունքով տրամադրել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ին,

4) ՀՀ Սյունիքի մարզի գ. Քաջարան, Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք համայնքների ղեկավարների միջոցով ապահովել սույն որոշմամբ նպատակային նշանակությունը փոխված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրումը «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ին:

VII. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետին համապատասխան` պետության կարիքների համար հետ վերցվող, ինչպես նաեւ հանքարդյունահանման համար անհրաժեշտ 2736.6851 հա հողամասերն ընդգրկվում են արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայում:

Իսկ ի՞նչ հիմնավորումներ է դրել կառավարությունն այս որոշման հիմքում

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի կողմից Քաջարանի պղինձմոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի եւ բաց հանքի գործարկման հեռանկարների իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Սյունիքի մարզի Կապան քաղաքի, Աճանան համայնքի եւ Սյունիք համայնքի վարչական ու համայնքային սահմաններում գտնվող` ընդհանուր 2736.6851 հա մակերեսով հողատարածքը ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ:

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի կողմից հանքավայրի շահագործման նախագծով նախատեսված արդյունահանման ծավալների աճի դեպքում հանքաքարի վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման ծավալները 90388 մլն դրամից կհասնեն 102200 մլն դրամի, վճարվելիք հարկերը եւ վճարները 21059 մլն դրամից` 28785 մլն դրամի, աշխատողների թվաքանակը 3081 մարդուց` 3200 մարդու, ԱԱՀ-ն 4189 մլն դրամից` 6060 մլն դրամի, շահութահարկը 7252 մլն դրամից` 8550 մլն դրամի:

- Նշված հողերի` գերակա հանրային շահ ճանաչելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղինձմոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարեւոր նշանակություն, ծրագրի իրականացումը կապահովի հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման ամրապնդումը, խթան կհանդիսանա տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

- Նախագծի իրագործման արդյունքում տարածաշրջանում կիրականացվեն ֆինանսական ներդրումներ, կավելանան պետական եկամուտները, կստեղծվեն աշխատատեղեր, տնտեսապես կզարգանա Սյունիքի մարզը:

Քաջարան գյուղի բնակիչներն ու ծագումով քաջարանցիներն արձագանքում են կառավարության քայլին

Երբ հայտնի դարձավ կառավարության մտադրությունը (որոշման նախագիծը շրջանառության մեջ էր դրվել նախապես), քաջարանցիներն անմիջապես իրենց դժգոհությունն արտահայտեցին եւ դիմեցին մարզի ու երկրի ամենատարբեր ատյաններ` կասեցնելու դրա կիրարկումը: Մայիսի 2-ին Քաջարան գյուղի պատվիրակները եկել էին նաեւ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն եւ խնդրել մեր աջակցությունը: Թերթի ստեղծագործական խումբը մայիսի 3-ին եղավ գյուղում, լսեց մարդկանց, որոնց արտահայտած մտքերի համառոտ շարադրանքը ներկայացնում ենք ստորեւ: Մարդկանց դժգոհության պատճառ է դարձել հատկապես այն, որ գյուղի գերեզմանատունը, Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը եւ մի քանի բնակելիներ նույնպես հայտնվել են ընդերքօգտագործման նպատակով հատկացված հողատարածքում: Մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մուշեղ Կոստանդյանը մեր թերթի լրագրողին դժվարացավ ստույգ ասել, թե որ տարածքն են Քաջարան գյուղից տվել կոմբինատին` նշելով միաժամանակ, որ այդ գործարքին անտեղյակ է եղել նաեւ Սյունիքի մարզպետարանը, որ իրենց հետ չեն խորհրդակցել: Իսկ ահա գյուղապետը մեզ ցույց տվեց, թե որ տարածքն է տրվում կոմբինատին:

Արդ, ինչպե՞ս են արձագանքում քաջարանցիները կառավարության որոշմանը

Մերուժան Աթայան. Երկու օր է, ինչ տեղս չեմ գտնում, չեմ հասկանում` ինչ է կատարվում: Ասում են` եկեղեցին չի մտնում այդ տարածքի մեջ, բայց ո՞նց… Եթե 100-200 մ հեռավորության վրա պայթեցումներ կատարվեն, ապա ինչպե՞ս կարող է դիմանալ 300 տարի առաջ կառուցված եկեղեցին: Ինչպե՞ս է լուծվելու գերեզմանների հարցը: Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող բացառիկ հուշարձան ունենք, ո՞ր կոտրած ձեռքը կհամարձակվի քանդել այն: Ասում են, որ այդ հողերն օգտագործելու դեպքում հարյուր աշխատատեղ է ավելանալու, բայց չեն ուզում խոստովանել, որ այսօր էլ, առանց նոր հանքավայր բացելու, այդքան մարդ է գյուղում աշխատում: Ասում են` կոմբինատի հիմնական սեփականատերը գերմանացի է (եթե, իհարկե, այդպես է). մի՞թե մեր գերեզմանները պիտի քանդենք հանուն գերմանացիների շահույթի: Խորհուրդ չէի տա, որ մարդիկ ձեռք բարձրացնեն մեր գերեզմանների, մեր հուշարձանների, մեր եկեղեցու վրա: Թող փորձեն մոտենալ, ո՞ւմ է պետք ապրելը, եթե պղծվելու են մեր սրբությունները:

Գառնիկ Զաքարյան. Սովորաբար անվտանգության գոտի պետք է լինի շահագործվող հանքավայրի եւ մոտակա բնակավայրի միջեւ: Վաղուց մեր եւ գործող բաց հանքի միջեւ նման գոտի չկա, փոշին ամբողջապես մեր գյուղի վրա է նստում, եւ ոչ ոք չի մտածում փոխհատուցման մասին: Իսկ եթե գյուղի կողքին եւս մեկ հանքավայր բացվի, ապա գյուղում անհնար կլինի ապրել: Կարծեք թե ստեղծվում են բոլոր պայմանները, որ բոլորս կամավոր թողնենք մեր տներն ու հեռանանք:

Լենդրոշ Աթայան. Մեր գյուղի անունն իզուր չեն Քաջարանց դրել, հիմա քաղաքն էլ են Քաջարան կոչում, բայց իսկական Քաջարանն այս է, իսկական քաջարանցին մենք ենք: Մեր պապերն իրենց արյան գնով են այս հողերը պաշտպանել, հիմա ինչ-որ մարդիկ են խցկվել այստեղ, տեր ու տնօրեն դարձել եւ ուզում են վերջնականապես մեզ քշել մեր գյուղից: Որտե՞ղ պիտի ապրենք, եթե գյուղի այս կողմում եւս հանք բացվի: Մի՞թե ինչ-որ մեկի կամ մի քանի հոգու անձնական շահի համար տարիների ընթացքում մեր ստեղծածը պիտի ոչնչացվի: Գոնե մեզ մարդու տեղ դնեին, գային ու խորհուրդ անեին: Ամեն ինչ, կարծեք, արվում է մի քանի հոգու անձնական շահի համար: Եթե խոսքն իսկապես վերաբերեր պետական շահին, ապա առաջինը պետք է հանդիպեին մեզ հետ ու մեր մասին մտածեին. չէ՞ որ պետություն ասվածը հենց մենք ենք, չէ՞ որ պետական շահ ասվածն էլ մեզ նման մարդկանց հոգսերի լուծումը պետք է լինի:

Ռոմիկ Աթայան. Կարելի էր չէ՞ նախապես մարդկանց հետ զրույցի նստել, քննարկել: Երեք ամիս առաջ է կինս մահացել, ի՞նչ ենք անելու մեր գերեզմանների հետ: Երկու տարի է` եկեղեցու վրա մեր միջոցներով գործ ենք անում, դրա պատասխանն ո՞վ է տալու:

Մարգո Փարամազյան. Մենք խնդրում ենք, որ իշխանությունները մեզ հետ վարվեն հարգալից, հաշվի նստեն մեր պատմության, մեր իրավունքների, մեր արժանապատվության հետ:

Ռաֆիկ Աթայան. գյուղապետ. Ուրիշ տեղերից ենք իմացել, որ այդպիսի գործարք է կատարվում, անակնկալի ենք եկել: Կուզենանք հանդիպել կոմբինատի սեփականատերերի, կոմբինատի տնօրենի հետ եւ այս հարցը քննարկել, բայց այդ մարդկանց հետ հանդիպելն անհնարին է, վերջին անգամ տնօրենին տեսել եմ երկու-երեք տարի առաջ: Ներկայումս գործող հանքավայրում, ինչպես տնօրենն էր սիրում ասել, 100-200 տարվա պաշար կա, ասում էր, թե գործող հանքավայրը պարունակում է աշխարհի մոլիբդենի պաշարների 6 տոկոսը: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի նոր տարածքներ զավթելը: Մեր գյուղի բնակիչներն այսօր իրենց աշխատանքով 1000 մարդ են սնում, իսկ իրենք 100 աշխատատեղ բացելու խոստում են տալիս, ամոթ է: 8 կմ է մինչեւ սահմանը, թող վերցնեն ամբողջը (միգուցե կշտանան), եւ մենք էլ Նախիջեւան տեղափոխվենք: Ամեն օր երկրի ղեկավարները խոսում են գյուղապահպանության մասին, բայց մեր գյուղը քանդում, բա եղա՞վ: Մեզ նույնիսկ չեն էլ ասում, թե ինչ է սպասվում գյուղի բնակիչներին:

Այլ մարդիկ էլ ելույթ ունեցան, բայց բոլորի մտահոգությունները, կարծեք, նույնն էին, ուստիեւ չենք շարունակում դրանց թվարկումն ու շարադրումը: Ըմբոստացած, վիրավորված, հուզված գյուղացիների մեջ առավել զգուշավոր կամ համարյա լուռ էին գյուղի այն բնակիչները, ովքեր աշխատում են կոմբինատում: Տարեց մի քաջարանցի խորհուրդ տվեց չզարմանալ նրանց պահվածքից. «Մի փոքր ընդվզելու, բերանները բացելու դեպքում հենց վաղը նրանց կհեռացնեն կոմբինատից, եւ ամբողջ հանրապետությունում չի գտնվի նրանց պաշտպանող գոնե մի պաշտոնյա»: Մարդիկ, միաժամանակ, համոզմունք հայտնեցին, որ Սերժ Սարգսյանի ու Մաքսիմի քրիստոնեական զգացմունքները թույլ չեն տա, որ գյուղի գերեզմանի, հուշարձանի եւ բնակելի տների տարածքում նոր հանքավայր բացվի:

Վերջաբան

Գրեթե բացառվում է տարբերակը, որ կառավարությունը հետ կկանգնի տվյալ որոշումից, մանավանդ որ պետական խնդիրների հետ մեկտեղ կա նաեւ կորպորատիվ ու անձնական շահ, ինչն ակնհայտորեն տեսանելի է: Ընդ որում` դրանք այնպիսի մարդկանց կամ կլանների հետաքրքրություններ են, որոնք ոչ մի պարագայում (որքանով ճանաչում ենք) պետական շահը չեն ստորադասի ինչ-որ մի գյուղի պահպանության գաղափարին: Այդ մարդկանց համար կարեւոր չէ նույնիսկ, որ հանրության գերակշռող մասը կասկածամտությամբ է վերաբերում Քաջարանի կոմբինատի հետ կապված ամեն մի գործարքի, ինչի համար բյուրավոր պատճառներ կան: Կարեւորը, ըստ նրանց, այն է, որ ե՛ւ կառավարության որոշման մեջ, ե՛ւ այդ որոշման հիմնավորումներում քանիցս շեշտվում է, թե իբր այդ ձեռնարկումը նպաստավոր է Սյունիքի համար: Որոշման հեղինակներին, սակայն, այդ առիթով ուզում ենք հիշեցնել` Սյունիքում քմծիծաղով են ընթերցում այդ ձեւակերպումները, քանի որ հետմասնավորեցման շրջանում Քաջարանի կոմբինատը գրեթե կապ չի ունեցել եւ չունի մարզի հետ: Այնպես որ, հարգելի՛ իշխանավորներ, ձեր «ղալաթներն» արեք առանց «Սյունիքի մարզի շահ» բառակապակցությունը շահարկելու: Եվ, ի վերջո, հարգելի՛ կառավարություն, ձեր պատկերացրած Սյունիքը եւ իրական Սյունիքը իրար հետ գրեթե առնչություն չունեն: Մի խնդիր կա այս դեպքում` եթե կարող եք, սահմանային այդ գյուղը մատաղ մի՛ արեք: Իսկ եթե չեք կարող, ապա գոնե մտածեք անհուսության ու անորոշության մեջ հայտնված քաջարանցիների մասին: Ձեր արժանապատվությունը, պարոնա՛յք, չի տուժի, եթե մի անգամ գոնե հասնեք գյուղ եւ լսեք այնտեղ բնակվող մարդկանց: Եվ հետո, բազմաթիվ թվերով որոշման մեջ ու հիմնավորումներում հիշեցնում եք մեզ, թե որքան են աճելու պետության մուտքերն այդ ձեռնարկումի շնորհիվ: Գոնե մի երկու թվով էլ ասեիք, թե այդ գործարքի արդյունքում որքան են աճելու բիրդան սեփականատերերի (ովքեր շարունակում են մնալ ծպտված) շահույթները, որքան է վնասվելու այս երկրամասի բնաշխարհն ու շրջակա միջավայրը: Տվեք մեզ պարզագույն հաշվարկի հնարավորություն` այդ ձեռնարկումի շնորհիվ պետությո՞ւնն է շատ շահույթ ստանալու, թե՞ սեփականատեր խումբը: Եթե իսկապես կառավարությանը մտահոգում է հանքարդյունաբերությունից պետությանը վճարվող հարկերի ծավալը, ապա ինչո՞ւ հանրությանը բացատրություն չի տրվում Համաշխարհային բանկի` մեկ-երկու տարի առաջ հնչեցրած այն մեղադրանքի առիթով, որ մեր հանքարդյունաբերության մոտ 40 տոկոսը ստվերում է: Եվ վերջապես, Հայաստանի ամենախոշոր ձեռնարկությանը հանքարդյունաբերությունն ընդլայնելու համար տալիս եք եւս 2.7 հազար (մոտ) հա հողատարածք, բայց շարունակում եք գաղտնի պահել այդ ձեռնարկության սեփականատերերի անունը եւ ուզում եք, որ մարդիկ ձեզ հավատան:

Իսկ Մաքսիմը… Ճիշտ կաներ Մաքսիմը, որ ժամանակ գտներ եւ դիտեր կամ վերադիտեր Թենգիզ Աբուլաձեի «Պոկայանիյե» («Զղջում») գեղարվեստական ֆիլմը` նկարահանված 1984-ին. Վառլամ Արավիձեի կերպարը նրան շատ բաներից հետ կպահի: Վառլամի ճանապարհը, պարզվում է, անգամ շատ-շատ փող եւ իշխանություն ունեցողներին դեպի տաճար չի տանում: Իսկ Վառլամի ուրվականը, ըստ էության, Մաքսիմին հետապնդում է այն օրվանից, երբ Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանու ներքո մոտ երկու հազար լեռնագործ զրկվեց Քաջարանի կոմբինատի բաժնեմասերի` իրենց հասանելիք 20 տոկոսից:

Մայիս 16, 2011 at 17:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր