

ԱրմԻնֆո
ՀՀ Վարչական դատարանը բավարարել է Global Gold Mining (GGM) ընկերության հայցը ՀՀ Իրավաբանական անձանց Պետական ռեգիստրի դեմ, որն անօրինականորեն GGM-ի բաժնետոմսերը ձևակերպել էր Caldera Resources Inc ընկերության անունով: Դատարանի որոշումն ընդունվել է հուլիսի 27-ին, իսկ նշված գործարքը ճանաչվել անօրինական:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Global Gold Mining ընկերության տարածաշրջանային տնօրեն Աշոտ Պողոսյանը, վեճը կապված է եղել Մարջանի հանքավայրի յուրացման հետ, Սիսիանի մոտ գտնվող Արևիս գյուղում: Սկզբում այդ իրավունքներն ամբողջությամբ պատկանում էին GGM-ին, սակայն, ներդրումների ներգրավման նպատակով 2010 թվականի մարտի 24-ին GGM և Galdera Resources Inc. ընկերություններն ստեղծում են «Մարջան Կալդերա Մայնինգ Կոմպանի» ԲԲԸ համատեղ ձեռնարկությունը, 45% և 55% բաժնեմասերով:
Պայմանագրով նախատեսվում է, որ Galdera Resources Inc. ընկերությունը ներդրումներ կիրականացնի հանքավայրի շահագործմանը և որոշակի պարտավորություններ կկատարի GGM հանդեպ: Սակայն, Պողոսյանի խոսքերով, վերոհիյալ պարտավորությունները չեն կատարվել, իսկ GGM-ը երկարաբանական հետախուզումներին արդեն ներդրել էր 4.5 մլն. դոլար: Ավելին, 2010 թվականի օգոստոսին Galdera Resources Inc. ընկերության պաշտոնական ներկայացուցիչները, առանց GGM-ին տեղյակ պահելու, կեղծ փաստաթղթերով, Պետռեգիստրի միջոցով փոփոխություններ են կատարում «Մարջան Կալդերա Մայնինգ Կոմպանի» ԲԲԸ Կանոնադրության և ղեկավարության մեջ, իրենց անունով ձևակերպելով ընկերության 100% բաժնետոմսերը:
Դրանից հետո, 2010 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին GGM-ը դադարցնում է «Մարջան Կալդերա Մայնինգ Կոմպանի» ԲԲԸ-ի հետ պայմանագիրը և Պետռեգիստրի դեմ հայցով դիմում ՀՀ Վարչական դատարան: Գլխավոր դատախազությունում GGM-ի հայցի հիման վրա Caldera-ի դեմ հարուցվում է քրեական գործ: Չնայած Վարչական դատարանը բավարարում է GGM-ի հայցը, սակայն, կանադական Caldera Respurces ընկերությունը մինչև օրս շարունակում է անօրինական կերպով շահագործել Մարջանի հանքավայրը, հսկայական վնաս պատճառելով GGM-ին, ասել է Պողոսյանը:
Օգոստոս 08, 2011 at 12:06
