Սեւանի ավազանում «GeoProMining Gold» ընկերության կողմից մանրացնող-տեսակավորող սարքավորման անօրինական կառուցման գործով զբաղվում է դատախազությունը

Սեւանի ավազանում «GeoProMining Gold» ընկերության կողմից մանրացնող-տեսակավորող սարքավորման անօրինական կառուցման գործով  զբաղվում է դատախազությունը

ԷկոԼուր

Սեւանի ավազանում «GeoProMining Gold» ընկերության կողմից հանքանյութի մանրացման-տեսակավորման սարքավորման անօրինական կառուցման գործով զբաղվում է դատախազությունը: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, օգոստոսի 29-ին նրան կանչել են Գեղարքունիքի մարզի դատախազություն, մեկ ամիս անց այն բանից, ինչ նա հայցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Հայցում Սանասարյանը ներկայացրել է Սեւանի ավազանում «GeoProMining Gold» ընկերության կողմից մանրացնող-տեսակավորող սարքավորման անօրինական կառուցման առնչությամբ օրենսդրության խախտումները: Խախտումների թվում է այն, որ այդ համալիր կառույցը նույնիսկ նախագիծ չունի, այսինքն` կառուցվում է առանց թույլատրող փաստաթղթերի եւ առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության:

Հանքանյութը մանրացնող-տեսակավորող սարքավորումը արտադրական համալիր է, որի գործունեությունը արգելված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով: Հայտարարությամբ պահնջվում է դադարեցնել անօրինական շինարարությունը, տարածքը բերել նախկին տեսքի եւ պատժել մեղավորներին:

Սանասարյանի խոսքերով` հացադիմումի կատարումը ՀՀ գլխավոր դատախազության` մասնավորապես Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով եւ Ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչությունների կողմից հանձնվել է Գեղարքունիքի մարզի դատախազություն, որտեղից նրան կանչել են` հանգամանքները պարզելու:

Նշենք, որ դեռ սույն թվականի ապրիլի 19-ին Սոտք գյուղում տեղի ունեցան մանրացնող-տեսակավորող սարքավորման վերաբերյալ հասարակական լսումներ` Սոտք, Ազատ եւ Կոթ գյուղերի բնակիչների, «Սեւան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի Օրհուս կենտրոնի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Transparency  International հակակոռուպցիոն կենտրոն»-ի, «Թռչնասերների կենտրոն»-ի, «Տարածաշրջանային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն»-ի, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի, «Ար» հեռուստաընկերության, «Ազատություն» ռադիոկայանի, www.ecolur.org էլեկտրոնային կայքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնակիցները ստորագրեցին համալիրի անհապաղ ապամոնտաժման եւ «GeoProMining Gold» ընկերությանը անօրինական գործունեության համար պատժելու մասին հայտարարության տակ: Հայտարարությունն ուղարկվեց ՀՀ բնապահպանության եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններ, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողով: Կրկնօրինակներն ուղարկվեցին «GeoProMining Gold» ընկերությանը եւ Գեղարքունիքի մարզպետարան:

Օգոստոս 30, 2011 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր