«Գեգամետ պլյուս» ընկերությունը Սեւանա լճի ափի մոտ մտադիր է մոտ 120 հա տարածքում բաց հանք շահագործել

«Գեգամետ պլյուս» ընկերությունը Սեւանա լճի ափի մոտ մտադիր է մոտ 120 հա տարածքում բաց հանք շահագործել

ԷկոԼուր

«Գեգամետ պլյուս» ընկերությունը մտադիր է Սեւանա լճի ափին մոտիկ, մոտ 120 հա տարածքում բաց եղանակով շահագործել Շորժայի մագնեզիումասիլիկատային  ապարների   և քրոմիտների հանքավայրը: Հանքավայրի շահագործման վերաբերյալ հասարակական լսումները տեղի ունեցան հոկտեմբերի 30-ին` ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղապետարանում:  Նախագծի համաձայն` հանքավայրը ձգվում է Սևանա լճի ամբողջ հյուսիս-արևելյան ափով եւ գտնվում է Սևանա լճի մակարդակից մոտ 250մ բարձրության վրա: Հանքավայրը մոտ է «Սևան» ազգային պարկին:

Հանքավայրի շահագործումը տեղի է ունենալու փուլերով:  Առաջին փուլը տեւելու է 50 տարի:  Բացվելու է երեք հանքային տեղամաս, որոնց ընդհանուր տարածքը կազմում է մոտ 120 հա տարածք: Տարեկան արդյունահանվելու է 120.0 հազար տոննա հանքաքար: Նախագծի համաձայն` շահագործման ավարտից հետո  կատարվելու է միայն բացահանքերի  հատակների վերջնական հարթեցում 1.7հա մակերեսով:  Հարց է մնում, թե ինչ է լինելու 120 հեկտարանոց բաց հանքերի տարածքը, որ հարթեցվելու է միայն 1,7 հա տարածքը:

Բացհանքի  փոշու գումարային արտանետումների ծավալը կազմելու է  տարեկան 4,04 տոննա:

«…Ռադիոճառագայթային առումով հումքը բնութագրվում է նվազագույն գամմա ակտիվությամբ, ըստ բնական ռադիոնուկլիդների գումարային տեսակարար ակտիվության պատկանում է բնական շինարարական նյութերի 1-ին դասին և կարող է օգտագործվել շինարարական նյութերի արտադրության առանց սահմանափակման:

…Հանքարդյունահանման աշխատանքների ժամանակ շրջակա միջավայրին վնաս չի սպասվում: Ախտոտված օդի արտանետումներ և աղտոտված ջրերի արտահոսքեր չկան, տարածքի բուսական և կենդանական աշխարհին վնաս չի պատճառվում»,- մասնավորապես նշված է նախագծում:

Հիշեցնենք, որ 2009 թվականի նախագծում այդ հանքավայրը կոչվում էր դունիտ-պերիդոտիտների հանքավայր եւ շահագործվում էր միեւնույն «Գեգամետ պլյուս» ընկերության կողմից: Ենթադրվում էր, որ պետք է արտադրվեն հրակայուն աղյուսներ: Եւ այն ժամանակ, եւ հիմա նախագծում ոչ մի խոսք չկա Սեւանա լճի վրա հանքավայրի ազդեցության մասին:  2009թ. նախագիծը դիմադրության հանդիպեց ոչ միայն հասարակայնության կողմից, այլեւ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից, որը մերժեց նախագիծը:

Հոկտեմբեր 30, 2012 at 14:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր