Հասարակական լսումներ Սեւանի ափին քրոմիտների բաց հանք շահագործելու վերաբերյալ

Հասարակական լսումներ Սեւանի ափին քրոմիտների բաց հանք շահագործելու վերաբերյալ

ԷկոԼուր

Սույն թվականի փետրվարի 22-ին` ժամը 10.00-ին,  ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղապետարանում տեղի կունենա «Գեգամետ պլյուս» ՓԲԸ կողմից ներկայացված Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, ազդակիր համայնքի ղեկավարի և հասարակական կարծիքի շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:

Հանքավայրը ձգվում է Սևանա լճի ամբողջ հյուսիս-արևելյան ափով եւ գտնվում է Սևանա լճի մակարդակից մոտ 250մ բարձրության վրա: Հանքավայրը մոտ է «Սևան» ազգային պարկին:

Հանքավայրի շահագործումը տեղի է ունենալու փուլերով:  Առաջին փուլը տեւելու է 50 տարի:  Բացվելու է երեք հանքային տեղամաս, որոնց ընդհանուր տարածքը կազմում է մոտ 120 հա տարածք: Տարեկան արդյունահանվելու է 120.0 հազար տոննա հանքաքար: Նախագծի համաձայն` շահագործման ավարտից հետո  կատարվելու է միայն բացահանքերի  հատակների վերջնական հարթեցում 1.7հա մակերեսով:  Հարց է մնում, թե ինչ է լինելու 120 հեկտարանոց բաց հանքերի տարածքը, որ հարթեցվելու է միայն 1,7 հա տարածքը:

Բացհանքի  փոշու գումարային արտանետումների ծավալը կազմելու է  տարեկան 4,04 տոննա:

«…Ռադիոճառագայթային առումով հումքը բնութագրվում է նվազագույն գամմա ակտիվությամբ, ըստ բնական ռադիոնուկլիդների գումարային տեսակարար ակտիվության պատկանում է բնական շինարարական նյութերի 1-ին դասին և կարող է օգտագործվել շինարարական նյութերի արտադրության առանց սահմանափակման:

…Հանքարդյունահանման աշխատանքների ժամանակ շրջակա միջավայրին վնաս չի սպասվում: Ախտոտված օդի արտանետումներ և աղտոտված ջրերի արտահոսքեր չկան, տարածքի բուսական և կենդանական աշխարհին վնաս չի պատճառվում»,- մասնավորապես նշված է նախագծում:

Հիշեցնենք, որ 2009 թվականի նախագծում այդ հանքավայրը կոչվում էր դունիտ-պերիդոտիտների հանքավայր եւ շահագործվում էր միեւնույն «Գեգամետ պլյուս» ընկերության կողմից: Ենթադրվում էր, որ պետք է արտադրվեն հրակայուն աղյուսներ: Եւ այն ժամանակ, եւ հիմա նախագծում ոչ մի խոսք չկա Սեւանա լճի վրա հանքավայրի ազդեցության մասին:  2009թ. նախագիծը դիմադրության հանդիպեց ոչ միայն հասարակայնության կողմից, այլեւ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից, որը մերժեց նախագիծը:

Փետրվար 15, 2013 at 13:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր