ԵՍ ՈՉ ՆԱՍՏՐԱԴԱՄՈՒՍՆ ԵՄ, ՈՉ ԷԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Սեւակ Գրիգորյան, Հրապարակ

«Սեւանա լճի հետ կապված բոլոր խնդիրները լուծվելիք խնդիրներ են, ժամանակ է պետք»,- ասում է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանը:

- Տարին ավարտվում է, ո՞րն եք համարում թիվ 1 խնդիրը, որ չհասցրեցիք լուծել:

- Սեւանա լճի հիմնական խնդիրներից կարեւորը առափնյա հատվածի մաքրումն է: Աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն տրամադրված 270 միլիոն դրամը չի բավարարում ձեռք բերելու այնպիսի տեխնիկա, որ լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրի մեջ հայտնված անտառածածկ շերտը մաքրի: Մեր ունեցած տեխնիկան այդ հնարավորությունը չունի: Մաքրման աշխատանքները կատարում են երկու կազմակերպություններ: Դրանք պատշաճ մակարդակով իրենց գործն անում են միայն այն մասերում, որտեղ ջրածածկ չէ:  Եթե առափնյա հատվածի բուսական շերտը լրիվ չմաքրվի, ճահճացման վտանգն ակնհայտ է:

-  Չե՞ք կարծում, որ եթե այդ ամենը ժամանակին արվեր, ե՛ւ լիճը չէր վնասվի, ե՛ւ գումարներ կտնտեսվեին: Հիմա ո՞վ պետք է պատասխանատվություն կրի անտնտեսվարության եւ լճի ճահճացման վտանգի համար: Կարծիք կա, որ մաքրման աշխատանքները միտումնավոր ժամանակին չեն արվել, որպեսզի ջրի տակ հայտնված դժվար տեղահանվող հաստաբուն ծառերը մաքրելու համար ավելի շատ գումար հատկացնելու հիմք լինի:

- Դա իմ պատասխանելու հարցը չէ: Կարծում եմ, նախատեսված ջրի բարձրացումն ավելի արագ է տեղի ունեցել, քան առափնյա մասերի մաքրումը:

- Պարտավոր չէի՞ն գոնե մոտավոր հաշվարկ անել, նախատեսելով բարձրացման մակարդակը:

- Պարտավոր էին, բայց դա կառավարության եւ մեր գերատեսչության խնդիրն է: Ազգային պարկը պարտավոր էր ընդամենը հսկել գործողությունները: Մենք հսկողություն ենք իրականացնում նաեւ ազգային պարկի սեփականությունը դարձած, մաքրման ընթացքում գոյացած շինափայտի եւ վառելափայտի նկատմամբ:

- Ջրի բարձրացման հետ ափամերձ շինությունները եւ նրանց տերերը տուժում են: Ասում են, որ արվում է հնարավորը, որպեսզի ջուրը դանդաղ բարձրանա:

- Էդ շահարկումները չար լեզուների գործն է: Ջուրը բարձրանալու է, ու կարծում եմ, քանի դեռ ժամանակ կա, ու այդ շինությունները չեն հայտնվել ջրի հատակին, պետք է տերերը մտածեն դրանք տեղափոխելու մասին: Ջուրը բարձրանում է նախատեսված չափով՝ տարեկան 10-15 սմ-ով:

 - Նախատեսվածը 20 սմ չէ՞:

- Դա իրատեսական չէ, 15 սմ-ի կարգի բարձրանում է: Կան կառույցներ, որոնք օրինական են, կան, որ կառուցելուց հետո են օրինականացվել, կան, որ մինչ օրս ապօրինի են: Բնականաբար, ապօրինի կառույցների մասին մտածելու խնդիր չի լինի: Մնացածի համար որոշումը պիտի կայացնի կառավարությունը:

- Առափնյա կառուցապատման համար տարածքներ են հատկացվել նաեւ վերջին երկու-երեք տարում, երբ հստակ էր, որ ջուրը բարձրանալու եւ վնասելու է շինությունները: Այդ տարածքների վրա կառուցվել են հանգստյան գոտիներ եւ վաճառվել: Հիմա ո՞վ պետք է պատասխանատվություն կրի՝ շինթույլտվություն տրամադրո՞ղը, թե՞ կառուցապատողը: Չի բացառվում, որ շուտով խաբված գնորդները սկսեն հերթական աղմկոտ ու անպտուղ դատավարությունը:

- Ես դատավոր չեմ, իմ կարծիքով, եղածը եղած է, պետք է հարցն իրավական դաշտով լուծել: Դա նշանակում է, որ կառավարությունը պետք է հատուցի օրինական շինություններին պատճառված վնասը:

- Կարծում եք կառավարությունն այդքան վնաս փոխհատուցելու հնարավորություն ունի՞:

- Ինչ ասեմ, ես այդքան գումար չունեմ, որ ինքս փոխհատուցեմ:

- Հնարավո՞ր է, որ կառավարությունը որոշում կայացնի նաեւ ապօրինի շինություններն օրինական դաշտ բերելու եւ պետական գրանցում տալու մեխանիզմների մասին, թե՞ այդ գործընթացը կսառեցվի:

- Ես ոչ Նաստրադամուսն եմ, ոչ էլ կառավարության անդամ, որ ասեմ, թե կառավարությունն ինչ որոշում կկայացնի, բայց որպես էս երկրի քաղաքացի՝ կարծում եմ, որ մի ողջամիտ որոշում կլինի: Էդ մարդիկ մեր թշնամիները չեն,  պիտի աշխատեն, որ կոմպրոմիս լինի:

- Իսկ ջրի տակ հայտնվելու վտանգի ենթակա օբյեկտների մասով կոմպրոմիս նախատեսվո՞ւմ է:

-  Որպես էս երկրի քաղաքացի ասում եմ, որ առափնյա օբյեկտներում մեր երկրի սոցիալապես ծանր վիճակում ապրող խավը ոչինչ չունի, հետեւաբար այնքան էլ պետք չի դարդ անել, թե ոնց պիտի լինի: Ովքեր որ էդքանը կարողացել են սարքել, կարող են նաեւ լուծել իրենց հարցերը:

- Դուք էլ սոցիալական ծանր վիճակում չեք, լավ կլինի՞, որ Ձեզ խաբեն:

- Ցավդ տանեմ, ես, փառք Աստծո, սոցիալական ծանր վիճակում չեմ, խաբեությունն էլ վատ բան է, բայց խիստ ճշգրտման կարիք ունի, թե ով ում է խաբել:

- Իսկ ձկան որսի մասին ի՞նչ կասեք: Շուկաներում միշտ կարելի է սիգ գնել:

- Չի բացառվում սիգի գողությունը, նաեւ վաճառքը: Դրա համար պայքարում ենք, բայց որսագողերի դեմ պայքարը ոստիկանության վրա է դրված:

- Սեւանում դեռ կա՞ն ափամերձ չվարձակալված հողեր:

- Այո, շատ: Վարձակալված տարածքներն ավելի խիտ են  Այրիվանքից մինչեւ Շորժա ընկած հատվածում: Իսկ Սեւանա լճի առափնյա մասերում ինչքան ասեք ազատ տարածքներ կան: Իմ տնօրինության ընթացքում դեռ  որեւէ կտոր հող վարձակալության չի տրվել:

Դեկտեմբեր 04, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր