Գագիկ Մարտիրոսյան, Հայք
Երեւանում հունվարի 27-ին տեղի է ունեցել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ` Հայաստան-Ռուսաստան-Իրան երկրորդ հանդիպումը: Այս լուրը լրատվամիջոցները հայտնեցին եւ անցան:
Ամենազարմանալին այն է, որ ոչ քաղաքական ուժերը, ոչ էլ բնապահպանական կազմակերպություններն աղմուկ չեն բարձրացնում: Մի՞թե պարզ չէ, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե հանկարծ մի օր իսկապես որոշեն իրականություն դարձնել վերոհիշյալ արկածախնդիր ծրագիրը: Հայկական կողմից աշխատանքային հանդիպմանը մասնակցել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ռուսականից` ՌԴ տրանսպորտի նախարարության երկաթուղային տրանսպորտի պետական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Տուգարինովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչներ, իսկ իրանական կողմից` Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ տրանսպորտային հաղորդակցության փոխնախարար Մաջիդ Ասադին: Եվ դժվար է հասկանալ, թե այս հանդիպման մասնակիցներն ինչու են որոշել ավերել Հայաստանի բնությունը` անհեռանկարային մի երկաթուղի կառուցելու համար: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս ծրագրից ոմանք ցանկանում են հսկայական միջոցներ կուտակել, իսկ մի օր էլ հայտարարել, թե այս կամ այն պատճառով հնարավոր չէ ծրագիրն ավարտին հասցնել:
Արդյունքում, ոմանք կհարստանան, բնությանն անդառնալի վնասներ կպատճառվի, իսկ պետությունն էլ հսկայական վնասներ կկրի: Ընդգծենք, որ Ասիական զարգացման բանկը երկաթուղու նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների համար արդեն տրամադրել է 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, եւ ապրիլին կհայտարարվի այդ աշխատանքներն իրականացնող ընկերության ընտրության միջազգային մրցույթ: Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո կսկսվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները: Պարզվում է նաեւ, որ ավստրիական ilF ընկերությունն արդեն կատարել է Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկատնտեսական ուսումնասիրման նախնական աշխատանքները: Իրանն արդեն ավարտել է Իրան-Հայաստան երկաթգծի` Իրանի տարածքում մոտ 60 կմ կառուցվելիք հատվածի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման դեպքում, իրանական կողմը պատրաստ է իր միջոցներով կառուցել իրանական հատվածը:
Ընդգծենք, որ Իրանում երկաթուղու կառուցման համար որեւէ դժվարություն չկա, իսկ որ ամենակարեւորն է` բնությանն էլ ծանր հարվածներ չի հասցվելու: Որոշ տեղեկությունների համաձայն, Իտալիայի տնտեսական զարգացման փոխնախարար Պաոլո Ռոմանին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում հայտնված Գուրգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե բացառված չէ, որ իտալական ընկերությունները մասնակցեն Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը:
Իսկ հիմա վերցրեք Հայաստանի ֆիզիկական քարտեզը եւ փորձեք պատկերացնել, թե ինչ է տեղի ունենալու, եթե հանկարծ սկսվեն այս երկաթուղագծի շինաշխատանքները: Երկաթուղագծի կառուցումը որեւէ ընդհանրութուն չունի ավտոճանապարհի հետ: Գնացքները չեն կարող առաջ շարժվել ոլորաններով, մեծ թեքություններով: Հիմա պատկերացրեք, թե ինչ աշխատանքներ պետք է կատարվեն Արաքս գետից մինչեւ Երասխ երկաթուղագիծ կառուցելու համար: Ակնհայտ է, որ մի քանի բարձր լեռնաշղթաներ հաղթահարելու համար անհրաժեշտ պետք է լինեն միլիոնավոր դոլարներ, հարյուրավոր պայթյուններ, տասնյակ թունելներ: Նույնիսկ մակերեսային դիտարկումը ցույց է տալիս, որ այս աշխատանքների ընթացքում անդառնալի կորուստ կկրեն Սյունիքը եւ Վայոց ձորը` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ավելին, դեռ որեւէ մեկը չի հիմնավորել, որ այն միլիարդները, որ պետք է ծախսվեն երկաթուղագծի կառուցման համար` անհրաժեշտություն են: Լավագույն դեպքում այս երկաթուղագծով մենք կարող ենք դուրս գալ Պարսից ծոց: Բայց սա դեռ ամենալուրջ խնդիրը չէ: Այսօր իրանական երկաթուղին հասնում է մինչեւ Ջուղա: Երեւանից մինչեւ Ջուղա մի քանի կիլոմետր է: Ընդ որում, Երեւանից մինչեւ Նախիջեւանի Ջուղա երկաթուղագիծ կա, որը փակվել է հայ-ադրբեջանական պատերազմի սկզբում: Միլիարդներ ներդնելով այս ծրագրի մեջ վարչախումբը փաստորեն ցանկանում է հասկացնել, որ իրենք Ղարաբաղի հարցը լուծելու որեւէ մտադրություն չունեն, ավելին, չեն էլ պատրաստվում ջանքեր գործադրել սահմանները բացելու համար: Իսկ իրականությունն այն է, որ վարչախումբը ոչինչ էլ չի հասկացնում, պարզապես հերթական առիթն է ստեղծվել հսկայական միջոցներ յուրացնելու համար: Իսկ պատկերացնում եք, թե ինչ տեղի կունենա, երբ բացվեն սահմանները եւ գործի Երեւան-Մեղրի-Բաքու երկաթուղագիծը:
Այդ ժամանակ բոլորը կհասկանան, որ իզուր են ավերել Հայաստանի բնությունը եւ անիմաստ գումարներ վատնել: Եվ եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ սահմանները չեն բացվելու, ապա միեւնույնն է, Իրան-Հայաստան երկաթուղագծի կառուցումը կրկին արկածախնդրություն է:
Փետրվար 03, 2010
