Բնապահպանները՝ 2014 թ-ի նվաճումների և անկումների, ինչպես նաև 2015 թ-ի ակնկալիքների մասին

Բնապահպանները՝ 2014 թ-ի նվաճումների և անկումների, ինչպես նաև 2015 թ-ի ակնկալիքների մասին

ԷկոԼուր

Ինչպե՞ս է գնահատում 2014 թվականը բնապահպանական հանրությունը և ի՞նչ ակնկալիքներ կան գալիք 2015 թ-ից: Այս հարցերի շուրջ ԷկոԼուրը զրուցեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանի և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի հետ:

Որպես 2014 թ-ի գլխավոր նվաճում Սիլվա Ադամյանը համարում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կայացրած աննախադեպ որոշումը՝ Թուխմանուկի հանքավայրի շահագործման նախագծին տրամադրած բացասական եզրակացությունը:

«Եթե 2011 թ-ից նայենք, նման իրադարձություն փաստորեն չի եղել: Սա ասում եմ նրա համար, որպեսզի ավելի խրախուսեմ բնապահպանության նոր նախարարին, որպեսզի ինքը հետագայում էլ այդ տեմպով շարժվի՝ նամանավանդ հանքարդյունաբերության խնդիրներում», - նշեց Սիլվա Ադամյանը:

Որպես հաջորդ նվաճում բնապահպանն առանձնացրեց Սևանա լճից լրացուցիչ ջրբացթողումների ժամանակահատվածի կրճատումը՝ 5-ից հասցնելով մինչև 1 տարի:

Մյուս կարևոր նվաճումը, ըստ Սիլվա Ադամյանի, այն է, որ այսօր գայլ և մարդ հակամարտությունը կարողացել են ինչ-որ չափով մեղմել: “Առաջ գյուղացին, ով թշնամական վերաբերմունք էր ցույց տալիս բնապահպաններին, այսօր անցել է մեր կողմը և հասկացել է, որ կենդանիներին ոչնչացնելով մենք չենք հասնում որևէ նպատակի», - ասաց Ս. Ադամյանը:

Բնապահպանը նշեց, որ գալիք 2015 թ-ին իրենք նույն տեմպերով կշարունակեն իրենց գործունեությունը և կփորձեն ավելի խորանալ խնդիրների մեջ:

Արսեն Գասպարյանը, որպես դրական տեղաշարժ բնապահպանական ոլորտում համարում է բնապահպանության նախարարի փոփոխությունը: «Առաջին հերթին տեղի ունեցավ բնապահպանության նախարարի փոփոխություն, արձանագրվեցին առաջին դրական շարժերը, սակայն հիմնական այն բնապահպանական խնդիրների հետ կապված, որոնք առկա էին երկրում, ցավոք, առաջընթաց չի գրանցվում», - ասաց Արսեն Գասպարյանը:

Ըստ նրա՝ առաջնային խնդիրները կապված են հանքարդյունաբերության և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի հետ: «Որպես օրինակ կարող եմ բերել Մեղրասարի հանքավայրը, որտեղ հանքավայրը գտնվում է բնության հատուկ պահպանվող տարածքում, սակայն նախագծի ՇՄԱԳ-ում այդ մասին ոչ մի խոսք չկա, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա այդ ծրագրի ազդեցությունը չի գնահատվել, և ծրագիրը ստացել է դրական եզրակացություն: Այսինքն, այն բացասական փորձը, որ մենք ունեինք նախորդ տարիներին հանքավայրերի և բնության, բնապահպանության բախման տեսանկյունից, մենք, ցավոք սրտի, դեռ պարտվում ենք, սակայն հույս ունեմ, որ 2015 թ-ին այդ խնդիրների վերաբերյալ ավելի լուրջ մոտեցում կդրսևորվի», - նշեց Արսեն Գասպարյանը:

Բնապահպան Լևոն Գալստյանը 2014 թ-ի միակ դրական իրադարձությունը համարում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների 700 միլիոն խմ-ից ավելի ջրի խնայողությունը, ինչը կարող է հույսեր ներշնչել, որ արտեզյան ավազանի հաշվեկշիռը կվերականգնվի:

«Մնացած առումներով, ճիշտն ասած, մեծ տեղաշարժեր չենք տեսել: Ընդհակառակը, զգացել ենք, որ հանքարդյունաբերության ոլորտում շատ ավելի ագրեսիվ է դարձել թույլատվությունների տրամադրումը և հետո դրանց հաստատումը՝ դրական եզրակացություն տալու գործընթացները բնապահպանության նախարարության կողմից: Բացի այն, որ նոր բազմաթիվ հանքեր են շահագործման հանձնվում և հետախուզման նոր թույլատվություններ են տրվում, նաև այն հանքավայրերը, որոնք շահագործվում են, նրանց վրա, ըստ էության, վերահսկողությունն իսպառ բացակայում է», - ասաց Լևոն Գալստյանը:

2015 թ-ի ակնկալիքների վերաբերյալ բնապահպանը նշեց. «Մեր ակնկալիքը միանաշանակ այն է, որ մենք պետք է կարողանանք ժողովրդի մոտ իր էկոլոգիական գիտակցության և էկոլոգիական իրավունքի մակարդակը հասցնենք գոնե այն նվազագույն շեմին, որպեսզի ինքը կարողանա ինքնուրույն դիմակայել այդ մարտահրավերներին, որովհետև, ի վերջո, այս պահին Հայաստանում ընթանում է բնակչության առողջ միջավայրում ապրելու իրավունքի խախտում, որովհետև այն ծավալներով, որ մենք այսօր օգտագործում ենք մեր բնական էկոհամակարգերը՝ մեր կարծիքով, անթույլատրելի է: Ես մեծ ակնկալիքներ չունեմ, բայց, ամեն դեպքում մենք մեր գործունեությունը նույն կերպով շարունակելու ենք: Ճնշումը, վերահսկողությունը բերում է գոնե ինչ-որ գործընթացների, քննարկումների այդ թեմայով, որը կարող է նաև բերել ինչ-որ դրական փոփոխությունների»:  



Դեկտեմբեր 29, 2014 at 16:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր