Ակունք գյուղի հողերի վարձակալին զրկեցին հնարավորությունից մասնակցել Ծարասարի ոսկու հանքի լսումներին

Ակունք գյուղի հողերի վարձակալին զրկեցին հնարավորությունից մասնակցել Ծարասարի ոսկու հանքի լսումներին

ԷկոԼուր

Սույն թվականի հունվարի 16-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունքի գյուղապետարանում տեղի ունեցան «Ինթերնեյշնլ Գոլդ» ՍՊԸ-ի Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումները:

Ծարասարի ոսկու երևակումը գտնվում է Սեւանա լճի ջրհավաք ավազանում, Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան հյուսիս-արևմտյան լանջերին, Մասրիկ գետի վերին հոսանքներում: Այս գոտում տարվա որոշ ժամանակաշրջանում հանդիպում են ՀՀ կարմիր գրքում գրանցված   բեզոարյան այծը եւ  անդրկովկասյան գորշ արջ:

«Բնակիչների հիմնական մտահոգությունը կապված է խմելու ջրի աղբյուրների հետ, սակայն լսումների ընթացքում պարզվեց, որ այդ աղբյուրները այդ տարածքի հետ կապ չունեն»,- ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ  Հերիքնազ Մկրտչյանը: Նրա խոսքերով` բնակիչները հայտնել են, որ արոտավայրերի, վարելահողերի խնդիր չունեն, և այդ սարը իրենք որևէ նպատակով չեն օգտագործում: «Վարձակալված տարածքներ չկան, դրանք համայնքային տարածքներ են, և համայնքի ղեկավարը տրամադրում է ընկերությանը՝ ուսումնասիրություններ կատարելու նպատակով», - ասաց Հերիքնազ Մկրտչյանը:

Մոտ մեկ ամիս առաջ` 2014թ-ի դեկտեմբերի 18-ին, նույն հայտի լսումները Ակունք գյուղում չկայացան անհայտ պատճառներով: ԷկոԼուրը զրուցեց բնակիչների հետ եւ  Պապին Համբարձումյանից պարզեց, որ ոմն Արզոյան Ավետիքի պատկանող «Ինթերնեյշնլ Գոլդ» ընկերությունը արդեն մտել է իր կողմից վարձակալված հողատարածքներ` պատճառելով իրեն նյութական վնաս: Հունվարի 16-ի լսումների մասին Պապին Համբարձումյանը, որպես շահագրգիռ կողմ,  տեղեկացված չի եղել եւ, հետեւաբար, լսումներին չի մասնակցել եւ որեւէ պաշտոնական փաստաթղթի հետ չի ծանոթացել: Լսումների մասին տեղեկանալով ԷկոԼուրից` նա շտապել էր գյուղապետ Արծրուն Ղարիբյանի մոտ` պարզելու իրեն հուզող հարցերը: «Գյուղապետն ասաց, որ դա սովետի ժամանակ հետախուզված տարածք է և գտնվում է Արզոյան Ավետիքի լիազորության տակ, 360  հեկտար է, իսկ իմ հողերի մասին խոսք չկա», - ասաց Պապին Համբարձումյանը՝ նշելով, որ ինքը դեռ կպարզի՝ իր տարածքում է պատրաստվում վերանշյալ ընկերությունը գործունեություն իրականացնել, թե` ոչ:

Ծարասարի հանքերեւակման ուսումնասիրության հայտում պաշարների վերբերյալ տվյալներում մասնավորապես նշված է, որ Ծարասարում ոսկու պարունակությունը 1 տոննայում հասնում է մի քանի տասնյակ գրամների:



Հունվար 22, 2015 at 17:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր