

ԷկոԼուր
Երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը համոզված է, որ Սեւանա լճի ավազանում նավթ չեն գտնի: «Սևանի ողջ ավազանը հանքային ծագման ապարների և մակերես դուրս եկող լավային ապարների օջախներ են: Ես չեմ կարծում, որ նավթի անգամ մեկ երևակում կլինի այնտեղ: Դեռևս խորհրդային իշխանության տարիներին Հայաստանի տարածքում 108-110 հորատանցք են ծակել նավթ որոնելու նպատակով, բայց Սևանի ավազանի մասին խոսք անգամ չկար: Նավթի մասին նույնիսկ ավելորդ է խոսել: Ես համոզված եմ, որ չեն գտնի», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Հրաչյա Ավագյանը:
Սեւանա լճի ավազանում`ձկնորսությամբ զբաղվող Հայրավանք, Ծաղկաշեն, Նորատուս գյուղերի տարածքներում, նավթ եւ գազ պատրաստվում է որոնել «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ն: Ընկերության ներկայացրած նախագծի հասարակական լսումները տեղի ունեցան սույն թվականի հունվարի 30-ին` Գավառ քաղաքում: Ազդակիր համայնքներից լսումների մասին տեղյակ էին միայն Ծաղկաշենում. համայնքապետարանի երկու ներկայացուցիչ է մասնակցել լսումներին: «Լավ կլինի, որ նավթ և գազ լինի, կփրկվի մեր գյուղը», - ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում ասաց Ծաղկաշենի համայնքապետ Սերյոժա Սարգսյանը: Իր համայնքի տարածքում նավթ գտնելուն դեմ չէր նաեւ Նորատուսի համայնքապետ Մուրադ Հարությունյանը. «Ինչ վատ է, հարուստ գյուղ կլինի»: Միայն Հայրավանքի համայնքապետ Դավիթ Բադոյանը մտահոգվեց. «Ցանկալի կլինի, որ մեր վարելահողերի տարածքում չլինի»:
Սեւանի ավազանում նավթ որոնելու հանգամանքը անհանգստություն է առաջացրել հասարակայնության շրջանում: «Այդ կազմակերպությունն արդեն երկար տարիներ աշխատում է Հայաստանում, զբաղվում է նավթի և գազի որոնումներով: Դա մեզ համար նորություն չէ, բայց որ պետք է Սևանի տարածաշրջանում լինի՝ ապշեցուցիչ է: Սևանա լիճը պաշտպանվում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով: Հիմա մենք ի՞նչ է, կրկին օրենք ե՞նք ուզում խախտել»,-ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: Նա նշեց, որ կա մտադրություն ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպել լսումներ այդ հարցի շուրջ:
Փետրվար 11, 2015 at 14:41
