ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է «ՄՈԼՈՐԱԿԻ ԺԱՄ» ԱԿՑԻԱՅԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է «ՄՈԼՈՐԱԿԻ ԺԱՄ» ԱԿՑԻԱՅԻՆ

ԱրմԻնֆո

Հայաստանը միանում է «Մոլորակի ժամ» ակցիային: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են WWF մամլո ծառայությունում, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF), ՀՀ բնապահպանության նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Կոնգրես հյուրանոցը, ՍՓՅՈՒՌ տեղեկատվական կենտրոնը, «Մոսկվա» Կինոթատրոն ՍՊԸ-ն եւ մի շարք այլ կազմակերպություններ համատեղ կազմակերպում են «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան Հայաստանում, որի նպատակն է միավորել հասարակությանը եւ բիզնես աշխարհին, կառավարություններին եւ համայնքներին մեկ ժամով անջատել լույսերը հանուն մեր մոլորակի կենսական պայմանների եւ ռեսուրսների պահպանման:

«Մոլորակի ժամ» համաշխարհային քարոզարշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը, որի հիմնական նպատակն էր` միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: 2008թ-ին ամբողջ երկրագնդում ավելի քան 50 միլիոն մարդ մասնակցել էր այս միջոցառմանը: 2009թ-ին «Մոլորակի ժամ» ակցիային մասնակցել էր 1 մլրդ բնակչություն ավելի քան 4000 քաղաքներում: 2010թ-ին «Մոլորակի ժամ»-ը նպատակ ունի ներգրավել ավելի քան 1 մլրդ բնակչություն աշխարհի 6000 քաղաքներում: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն և իր աշխատակիցները երկրորդ տարին շարունակ միանում են Բնության համաշխարհային հիմնադրամի նախաձեռնած «Մոլորակի ժամ» ակցիային` անջատելով իր բոլոր գրասենյակների լույսերը: Այս ակցիային միանում է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքամայր` Երեւանը:

«Մոլորակի ժամ» միջազգային ակցիային նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում տեղի կունենան 2010թ-ի մարտի 27-ին, ժ. 20:30-ից 21:30-ը: Երեւան քաղաքում նույնպես մեկ ժամով կանջատվեն մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, ինչպես նաեւ քաղաքի պողոտաների ու հիմնական փողոցների լուսավորությունը:

Մարտ 25, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր