Ռուսական խոշոր «Ռոսգեոլոգիա» ընկերությունը եկավ Հայաստան

Ռուսական խոշոր «Ռոսգեոլոգիա» ընկերությունը եկավ Հայաստան

ԷկոԼուր

Ռուսական խոշոր «Ռոսգեոլոգիա» ընկերությունը եկավ Հայաստան: Հոկտեմբերի 24-ին Երևանում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերությունը կնքեցին համագործակցության հուշագիր:

Փաստաթուղթը նախատեսում է կողմերի համագործակցություն պինդ օգտակար հանածոների, ածխաջրածնային հումքի և ստորգետնյա ջրերի նպատակային որոնողական աշխատանքների, պահուստային հանքավայրերի երկրաբանատնտեսական վերագնահատման, առավել հեռանկարային օբյեկտների լրահետախուզման և վերահաշվարկման ոլորտում:

«Ռոսգեոլոգիա» ընկերության մասին

«Ռոսգեոլոգիա»-ն աշխարհագրական առումով Ռուսաստանի ամենամեծ երկրաբանահետախուզական ընկերությունն է: Ընկերության կապիտալի 100 տոկոսը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը:
«Ռոսգեոլոգիա»-ն միավորում է 63 ձեռնարկություն Ռուսաստանի 40 շրջաններում: Հոլդինգի ձեռնարկությունների գործունեության արդյունքում բացվել է 1000-ից ավելի հանքավայր, այդ թվում պինդ օգտակար հանածոների և ածխաջրածնային հումքի խոշորագույն հանքավայրեր: Ընկերության ձեռնարկություններն ունեն նախագծերի իրականացման հարուստ փորձ այլ երկրներում. տասնյակ բացված հանքավայրեր Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներում:

Ընկերության հաճախորդների թվում են «Գազպրոմ», «Ռոսնեֆտ», «Լուկօյլ», «Սեվերստալ», «Նորիլսկի Նիկել», «Իտերա», «ՆԼՄԿ», «Սիբուգլեմետ» և շատ այլ ընկերություններ: Իսկ ընկերության գործընկերների կազմի մեջ մտնում են ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիան, ռուսական ՎՏԲ բանկը, ընդերքի օգտագործման «Ռոսնեդր» դաշնային գործակալությունը, ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարությունը:

«Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը Ռոման Պանովն է, իսկ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Սերգեյ Դոնսկոյն է:

Սերգեյ Դոնսկոյ

Ռոման Պանով

Հայաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում նախագծերի իրականացման համար կողմերը կստեղծեն համատեղ ձեռնարկություն, իսկ «Ռոսգեոլոգիա» ընկերության համաձայն՝ կողմերը արդեն ստեղծել են համատեղ ձեռնարկություն:

Լուսանկարները՝ www.rosgeo.com կայքից:

Հոկտեմբեր 25, 2016 at 17:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր