

ԷկոԼուր
Սույն թվականի հունվարի 21-ին` ժամը 12.00-ին, Շորժայի գյուղապետարանում, տեղի կունենան Շորժայի տրակտոլիտ-պերիդոտիտային ապարների հանքավայրի աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները: Նախագիծը փորձաքննության է ներկայացրել «Գեգամետ պլյուս» ընկերությունը:
Նախագծի համաձայն` Շորժայի տրակտոլիտ-պերիդոտիտային ապարների հանքավայրը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում և տեղակայված է համանուն գյուղից 3.2 կմ հյուսիս-արևելք, Սևանի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկի լանջերին: Այն զբաղեցնում է 2.65 հա տարածք, իսկ հանքավայրի լցակույտերի 2 տարածքները միասին զբաղեցնելու են 1 հա, որտեղ տարեկան տեղադրվելու է միջինը 3360.0մ3 դատարկ ապար: Մոտակա բնակավայրերն են Աղբերք, Դրախտիկ, Արտանիշ, Ջիլ գյուղերը: Իսկ Շորժա գյուղը հանքից հեռու է 3.5 կմ: «01.03.2014 թ. դրությամբ հանքավայրում հաշվարկվել են 1836.0 հազար տոննա ընդհանուր քանակությամբ պորտլանդցեմենտի հավելանյութի համար պիտանի պոտենցիալ հաշվեկշռային պաշարներ»,- մասնավորապես նշված է նախագծում: Այդ պաշարներից տարեկան ստացվելու է 19763մ3 ցեմենտի հավելանյութ: Նախատեսվում է բաց եղանակով հանքավայրը շահագործել 37 տարի: Նախագծում նշված չեն շրջակա միջավայրի եւ հատկապես Սեւանա լճի համար ռիսկերը:
- Նախագծում նշված չէ, թե հանքավայրը քանի մետր է հեռու Սեւանա լճից եւ «Սեւան» ազգային պարկից ընդհանրապես, որքանով կաղտոտվի լիճը լեռնահանքային աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած փոշուց: Ըստ նախագծի հաշվարկների` ավտոտրանսպորտի աշխատանքի ժամանակ մթնոլորտ կարտանետվի 9812.3գր/տարի փոշի, հանույթաբարձման աշխատանքների ժամանակ` 0,0527 տ/տարի փոշի, լցակույտի մակերևույթից` 0,7651տ/տարի փոշի, բուլդոզերի աշխատանքից` 0.850տ/տարի փոշի:
- Նախագծում նշվում է, որ շրջանի գետերը` Դրախտիկը, Փամբակը, Ծափաթաղը, Դարանակը, պատկանում են Սևանի ավազանին, որոնք հիմնականում սակավաջուր են: Նախատեսվում է տեխնիկական ջուր վերցնել այդ սակավաջուր գետերից, սակայն չի հստակեցվում, թե օրական որքան ջուր է վերցվելու եւ որ գետից: Գնահատված չէ այն ռիսկը, թե արդյոք այդ տեխնիկական ջրառի արդյունքում սակավաջուր գետը չի ցամաքի եւ չի խախտվի Սեւանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգը: Նշենք, որ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետով «Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն»:
- Նախագծում նշված չէ, թե որտեղ է վերամշակվելու հանքանյութը, սակայն նախագծի Հավելված 4-ում ուշագրավ է 3-րդ կետը, որում ասված է. «Օգտակար հանածոյի տեղափոխումը նախատեսել մինչև ջարդիչ կայանք 3.0կմ հեռավորության վրա»: Սա նշանակում է հանքանյութի վերամշակման գործընթացի սկիզբ: Եթե այդ ջարդիչ կայանքը գտնվի Սեւանա լճի ջրհավաք ավազանում, ապա վերջինիս գործունեությամբ կխախտվի «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետը, որով արգելվում է հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը անմիջական ազդեցության գոտում:
- Նախագծում ներկայացված չէ տեղի բուսական եւ կենդանական աշխարհի մասին տեղեկատվությունը:
- Բացակայում է տեղեկատվությունն այն մասին, թե ինչ սեյսմիկ գոտում է գտնվում հանքավայրը եւ ինչ միջոցառումներ են արվելու սեյսմիկ ռիսկերը նվազեցնելու համար:
Հիշեցնենք, որ 2012թ-ին «Գեգամետ պլյուս»-ը բնապահպանական փորձաքննության ներկայացրեց Սեւանա լճի ափի հարեւանությամբ մոտ 120 հա տարածքում Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը: Այդ նախագծում եւս ոչ մի խոսք չկար Սեւանա լճին սպառնացող վտանգների եւ ռիսկերի մասին: 2013թ-ի մայիսին ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն տվեց այդ նախագծին:
Հունվար 20, 2015 at 18:10
