

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Ալլուվիալ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Մասրիկի ոսկու հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրության հայտին:
Մասրիկ գետը Սեւանա լիճ թափվող գետերից է, այն գտնվում է Սոտքի ոսկու հանքավայրի բացասական ազդեցության տակ եւ գետի ջուրը 4-րդ կարգի վատ որակի է: Բնապահպանական փորձաքննության պահանջների մեջ գետի մասին ոչինչ նշված չէ: Նշված է միայն, որ ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի եւ կենդանիների տեսակներ հայտնաբերելու դեպքում առաջնորդվեն ՀՀ կառավարության 29.01.2010թ. N71-Ն եւ N72-Ն որոշումներով, իսկ հողի բերի շերտի օգտագործումը կատարեն` համաձայն ՀՀ կառավարության 08.09.2001թ. N 396-Ն որոշման:
Ոչ այս Հայտը, ոչ Հայտի մասին հասարակական լսումների անցկացման մասին հայտարարությունը տեղադրված չի եղել ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում: Մինչդեռ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`հանրության իրազեկումն ու մասնակցությունն ապահովելու նպատակով գնահատումների եւ փորձաքննության գործընթացները ենթակա են հանրային ծանուցման եւ քննարկման, իսկ նույն հոդվածի մյուս կետերով սահմանված է, որ հանրության ծանուցումն իրականացնում է՝ լիազոր մարմինը (բնապահպանության նախարարությունը), ձեռնարկողը եւ ազդակիր համայնքի տարածքային կառավարման մարմինները լսումներից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:
Երկրաբանահետախուզական աշխատանքները կատարվելու են ՀՀ Գեղարքունիքի մարզի հարավարևելյան մասում՝ Վարդենիսի լեռնաշղթայի արևելյան մասի հյուսիսային ստորոտներին, Վարդենիսի նախկին շրջկենտրոնից հարավ: Աշխատանքները կկատարվեն Վերին Շորժա համայնքի տարածքում:
«Մասրիկ» տեղամասի ոսկու միջին պարունակությունը ըստ առանձին լեռնային փորվածքների կազմում է 302.5մգր/մ3:
Դեկտեմբեր 09, 2014 at 16:32
