141 օր ՀԱԷԿ-ը կկանգնի՝ հերթական վերանորոգումների համար

141 օր ՀԱԷԿ-ը կկանգնի՝ հերթական վերանորոգումների համար

2021թ-ի մայիսից մինչև հոկտեմբեր՝ 141 օր, ՀԱԷԿ-ը կկանգնի հերթական պլանային նախազգուշական վերանորոգումների (ՊՆՎ) համար: Այս մասին հայտնում է ՀԱԷԿ ՓԲԸ-ն:

«ՊՆՎ-2021-ի ավելի քան երկու անգամ ավելացած տևողությունը պայմանավորված է վերանորոգման աշխատանքների ստանդարտ ծավալին պլանավորված լրացուցիչ, աննախադեպ մեծ ծավալի աշխատանքների ավելացմամբ (ռեակտորի կորպուսի ջերմային մշակում, անվտանգության հիմնական համակարգերի արդիականացում, ջրամբարային աշտարակների վերականգնում և այլն):

Այդ միջոցառումների ներդրումով  կհիմնավորվի ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի հետագա անվտանգ շահագործումը ոչ միայն մինչև 2026 թվականի սեպտեմբերը, ինչպես դա նախատեսված է էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով, այլ նաև 2026 թվականից հետո»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրի համաձայն՝ մոտակա տարիների ՀԱԷԿ-ի արտադրական պլանները ձևավորվել են դեռևս 2017 թվականին՝ հաշվի առնելով կայանի հետազոտության արդյունքները (էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում) և Հայաստանի էներգաարտադրող ձեռնարկությունների միջև արտադրության ծավալների բաժնային բաշխումը: Վերանորոգման և էներգաբլոկի արդիականացման ամենամյա պլանավորված աշխատանքների հետ կապված ճշտվում է ամեն տարվա կանգառի տևողությունը: Այդ պլանները հաստատվել էին ՀՀ կառավարության 03.05.2018 թ. թիվ 548 որոշմամբ, ելնելով օբյեկտիվ ֆինանսական, հաղորդակցության, տեխնիկական և տեխնոլոգիական գործոններից, ճշգրտվել էին ՀՀ կառավարության 11.06.2020 թ. թիվ 953 որոշմամբ:

Ավելի վաղ ՀԱԷԿ ՓԲԸ-ն տեղեկացրել էր, որ 2021թ․ նախատեսվում է ավարտին հասցնել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի վերջին փուլի աշխատանքները:

Նոյեմբեր 09, 2020 at 16:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր