

2021թ. փետրվարի 26-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Հայաստանում էներգետիկայի զարգացումը Փարիզյան համաձայնագրի ներքո» փորձագիտական կլոր սեղանը:
Իր բացման խոսքում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ այս ձևաչափով հանդիպումների նպատակն է քաղաքացիական հասարակությանն ավելի մոտիկից ծանոթացնել, թե ինչ քաղաքականություն է տարվում պետության տարբեր գերատեսչությունների կողմից՝ ապահովելու թափանցիկություն։ «Մասնագետները կներկայացնեն կարևորագույն փաստաթղթեր, որոնցով պետք է ղեկավարվենք հետագայում: Մենք հրապարակելու ենք բոլոր ելույթները, կարծիքները, հիմնական փաստաթղթերը, որպեսզի այս գործընթացն ավելի թափանցիկ լինի, որպեսզի մեկ տեղում հավաքենք այդ ամբողջ տեղեկատվությունը»,- ասաց նա:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կլիմայակական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը նշեց, որ Կլիմայի փոփոխությունը համապարփակ և լուրջ խնդիր է և հրատապ լուծումներ է պահանջում։ «Այն ամբողջ աշխարհում մարդկության զարգացման համար իրական սպառնալիք է, և կլիմայի փոփոխության հակազդման առումով անհրաժեշտ է իրականացնել հավակնոտ և վճռական քայլեր։ Ինչպես ցանկացած երկրի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացումը ենթադրում է տնտեսության ճյուղերի ներդաշնակ ու համահունչ զարգացումներ: Թե արտադրության, թե կենցաղի և թե ուսումնակրթական գործունեության զարգացումները ենթադրում են օրեցօր աճող էներգիայի պահանջմունք: Ներկայումս, չնայած մեր երկրում ձեռնարկված որոշակի միջոցառումներին, ածխածնային վառելիքները, որոնք ներմուծվող են և միևնույն ժամանակ գլոբալ առումով ունեն սահմանափակ պաշարներ, մնում են գերիշխող: Այս խնդիրը ինչ-որ չափով մեղմելու առումով UNDP/GEF Փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում մեր գործընկերի կողմից 2010-ից ի վեր իրականացվել են մի շարք ծրագրեր՝ նպատակաուղղված վերականգնվող էներգետիկ աղբյուրների կիրառման հնարավորությունների բացահայտմանն ու լավագույն փորձի փոխանցմանը»,- նշեց նա:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի վարչության Էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Վահագն Աթանյանը նշեց, որ «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով (մինչև 2040 թվականը)» սահմանված տեսլականն ընկած է լինելու էներգետիկայի բնագավառի բոլոր որոշումների հիմքում: «Տեսլականը հետևյալն է՝ ազատ մրցակցային և ոչ խտրական, ներառական և դիվերսիֆակցված, էներեգտիկ անկախության բարձր մակարդակով, մաքուր և էներգախնայող, կայուն զարգացող, տարածաշրջանային նշանակության, հուսալի և անվտանգ, թվայնացված և գիտելիքահեն, բարձր տեխնոլոգիատար, կանխատեսելի և թափանցիկ, հասանելի և արդարացի բոլոր՝ բավարար չափով մատչելի խոցելի խավի, ինչպես նաև՝ գրավիչ ներդրողների համար»,- նշեց նա:
Կարևորելով նմանօրինակ քննարկումների կազմակերպումը՝ ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը շեշտեց, որ ՀՀ կառավարության կողմից ընդունվող կլիմայական քաղաքականության հետ կապված որոշումները պետք է ավելի լայն շրջանակներում քննարկվեն: «Այդ որոշումների ընդունման իրականացման մեջ կան և՛ խոչընդոտներ, և՛ հնարավորություններ: Համայնքների, մասնագետների և ինստիտուտների հետ գործընկերային կապեր ստեղծելու դեպքում մենք կկարողանանք նաև իրականություն դարձնել այդ որոշումները»,- ասաց նա:
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի Էներգետիկայի ռազմավարական կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը ներկայացրեց «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը)» և վերականգնվող էներգետիկան Փարիզյան համաձայնագրի ներքո:
Փորձագետ Տիգրան Սեկոյանը ներկայացրեց ՀՀ ջերմոցային գազերի ազգային կադաստրի տվյալները։
Էներգախնայողության աջակցության հիմնադրամի տնօրեն Աստղինե Փասոյանը ներկայացրեց ՀՀ Էներգաարդյունավետության և էներգախնայողության 2020-2030թթ. ծրագիրը:
Հարցադրումներով հանդես եկան նաև «Խազեր» ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը, փորձագետ Ռոզա Ջուլհակյանը, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը, Երևանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ֊ի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը:
Քննարկման մասնակիցների ներկայացրած ելույթները կհրապարակենք հաջորդիվ:
Մարտ 02, 2021 at 16:55