Բարձր ջերմաստիճանի պատճառով ամռանը ՀԱԷԿ-ը չի կարողացել աշխատել ամբողջ հզորությամբ

Բարձր ջերմաստիճանի պատճառով ամռանը ՀԱԷԿ-ը չի կարողացել աշխատել ամբողջ հզորությամբ

Վերազինման արդյունքում Հայկական ատոմային էլեկտրակայանի դրվածքային հզորությունը հասցվել է 440ՄՎտ-ի: Սակայն ամռան ամիսներին ՀԱԷԿ-ը չի կարողացել աշխատել ամբողջ հզորությամբ: «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին կայանը զարգացնում էր այդ հզորությունը, ապա հուլիս-օգոստոս ամիսների ցերեկվա ժամերին կայանի հզորությունը չի գերազանցել 390ՄՎտ-ը՝ այդ ամիսների համար բարձր ջերմաստիճանային պայմանների պատճառով տապալելով վերազինման արդյունքը»,- նշված է «Էներգետիկայի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2023-2027 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում, որը տեղադրված է www.e-draft.am կայքում։ 

Կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար փաստաթղթում որպես «բարձր» գերակայություն նշված է ՀԱԷԿ-ի հովացման համակարգի արդյունավետության բարձրացման ինժեներատեխնիկական լուծումների մշակումը։ «Ինչպես ցույց են տալիս վերջին 20 տարիների մշտադիտարկման արդյունքները, Հանրապետությունում գրանցվել է ջերմային ալիքների աննախադեպ ինտենսիվացում: Օրինակ, 2022 թվականի օգոստոսի 11-ին օդի ջերմաստիճանը հատել է +42°C շեմը, իսկ հովացման ջրինը՝ +38°C: Եթե ասվածին հավելենք կլիմայի փոփոխության հետևանքով իրատեսական համարվող կանխատեսումները (մինչև 2040-2059 թվականների միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացում 2.5°C–ով, որը կզուգորդվի ջերմային ալիքների ինտենսիվության աճով), ապա ակնհայտորեն ձևավորվում է ռազմավարական նշանակության հաջորդ միջոցառումը՝ ՀԱԷԿ-ի հովացման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով  անհրաժեշտ է իրականացնել խորը և ծավալուն ինժեներատեխնիկական ուսումնասիրություն՝ գտնել խնդրի ռադիկալ լուծում, որը կկիրառվի նաև նոր ատոմակայանի նախագծման և կառուցման համար», - նշված է փաստաթղթում:

Որպես պոտենցիալ ինժիներատեխնիկական հարմարվողականության միջոցառում փաստաթղթում ատոմային էներգետիկայի համար  նշված է. «Էներգակայանի, օդափոխման համակարգի, պահեստային դիզելային գեներատորների, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների պահպանության ջերմաստիճանային ռեժիմների կառավարման համար կարելի է նախատեսել պահեստային սառեցման համակարգեր, և հնարավորինս ապահովել ամուր պաշտպանություն ջրհեղեղներից, փոթորիկներից կամ այլ ծայրահեղ իրադարձություններից, որոնք կարող են այլ կերպ վնասել պահեստային գեներատորները և հիմնական սառեցման համակարգերը»:

Պոտենցիալ ոչ-ինժեներական հարմարվողականության միջոցառումների թվում  ՀԱԷԿ-ի անվտանգության կանոնների հարմարեցման վերաբերյալ նշված է․ «Ատոմային էլեկտրակայանի համար նպատակահարմար կլինի ավելի խիստ անվտանգության կանոնների մշակումը՝ հատկապես կլիմայական ծայրահեղ իրադարձությունների, այդ թվում՝ ջրհեղեղի դեմ»:

Ըստ փաստաթղթի՝ ՀԱԷԿ-ի հովացման համակարգի արդյունավետության բարձրացման ինժեներատեխնիկական լուծումների մշակումը պետք է իրականացնեն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը՝ 2026 թվականի 1-ին եռամսյակում։ Այս գործողության արժեքը գնահատված է 78,000,000 ՀՀ դրամ։ Ֆինանսավորում ՀՀ պետբյուջեից չի նախատեսվում, որպես աղբյուր նշված է օրենսդրությամբ չարգելված աղբյուրներ, միջազգային դոնոր կազմակերպություններ։

Փետրվար 16, 2023 at 12:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր