Սառա Խոջոյան, ԱրմենիաՆաու
Հայաստանի բնապահպաններին զայրացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) գործարարներին` երկրից քաղցրահամ խմելու ջուր արտահանելու վերաբերյալ:
Նոյեմբերի սկզբին Հայաստանում գործարար համաժողովի մասնակցող ԱՄԷ-ից ժամանած ավելի քան 30 գործարարների առջև ելույթ ունենալով` Սարգսյանը համագործակցության մի շարք ոլորտներ էր մատնանշել:
«Մեզ համար հետաքրքրական են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, միջուկային ֆիզիկայի, միջուկային բժշկության բնագավառները, ինչպես նաև զբոսաշրջությունը, շինանյութերի արտադրությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը, քաղցրահամ ջրի արտահանման խնդիրը»,- ասել էր վարչապետը:
Քաղցրահամ ջրի արտահանման առաջարկը զայրացրել է բնապահպաններին հատկապես այն պատճառով, որ վերջին շրջանում հենց երկրի ներսում են ահազանգում քաղցրահամ ջրերի կորստի մասին:
«Մեզ հետաքրքրում է, թե արդյոք կարո՞ղ է Հայաստանը խմելու ջուր արտահանել, եթե մեր գյուղերը կանգնած են խմելու և ոռոգման ջրի բացակայության խնդրի առջև»,- ահազանգում է «Էկոլուր» բնապահպանական խմբի ներկայացուցիչ Ինգա Զարաֆյանը:
«Երկրի ամենաշատ բնակչություն ունեցող հատվածում` Արարատյան դաշտավայրում, գյուղերն անապատացման եզրին են այնտեղ գործող բազմաթիվ ձկնաբուծարանների պատճառով»,- խնդիրը մանրամասնում է բնապահպանը:
Ըստ վիճակագրության` Արարատյան հարթավայրում գործող 234 ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր են արդյունահանում, այն դեպքում, երբ երկրի ամենամեծ` Սևանա լճից ոռոգման նպատակներով տարեկան թույլատրվում է օգտագործել ընդամենը 170 մլն խմ ջուր:
Տիգրան Սարգսյանի օգնական Արամ Անանյանը «ԱրմենիաՆաուին» ասաց. «Զարմանալի է, երբ շահարկվում է խոսքի մի մասը, այն էլ` համատեքստից դուրս, այն դեպքում, երբ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանից քաղցրահամ ջուր արդեն իսկ արտահանվում է» (նկատի ունի ԱՊՀ երկրներ արտահանվող շշալցված ջուրը):
Նա ընդգծեց, որ խմելու ջրի խնդիրը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում է: 2009-2010 թվականներին, ըստ կառավարության տվյալների, Հայաստանում կառուցվել է ռեկորդային` 800 կմ ջրագիծ` 300 և 500 կմ համապատասխանաբար:
Կառավարության վերահսկողության տակ է նաև ձկնաբուծարանների հարցը: Աշնան սկզբներին ստեղծված կառավարական հատուկ հանձնաժողովը նույնիսկ որոշակի ուսումնասիրություններ է կատարել:
«Արարատյան դաշտավայրի ջրերի պաշարները վերջին 2-3 տարիներին լրջորեն նվազել են, և դա խնդիր է: Արարատյան դաշտավայրի ջուրը միայն ձկնարդյունաբերության համար չէ, նաև խմելու և ոռոգման համար է: Պետք է լուծում գտնենք, որ մեր ջրի պաշարներն անխնա չօգտագործվեն, և փաստի առաջ չկանգնենք»,- հայտարարել է հանձնաժողովի նախագահ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Նոյեմբեր 11, 2010
