ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՎԱՐԱԿՈՒՄԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ԷԿՈԼՈԳՆԵՐԸ

Արմինֆո

Հայաստանում ուրանի ծրագրի իրագործումն իր մեջ մեծ էկոլոգիական վտանգ է կրում: Նոյեմբերի 12-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

«Ուրանի ծրագրի արդյունքը կլինի Սյունիքի մարզի գրունտային ջրերի վարակումը: Դրանից հետո արդեն անիմաստ կլինի խոսել զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացման մասին», - նշել է նա: Կ.Դանիելյանը նաև նշել է, որ Հայաստանը սեյսմավտանգ գոտում է: «Այսօրվա դրությամբ աշխարհում գոյություն չունեն տեխնոլոգիաներ, որոնք երաշխավորեն ուրանի հանքավայրերի շրջակա միջավայրի համար անվտանգ մշակում», - ընդգծել է նա: Կ.Դանիելյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ էկոլոգիական իրավիճակը Հայաստանում արդեն մտահոգություն է հարուցում: «Հանրապետության տարածքում կա հանքամնացուկների 15 պահեստարան և թունավոր նյութերի առնվազն 2 գերեզման: Իսկ եթե դրան ավելանա նաև ուրանի մշակումը, ապա մարդիկ կսկսեն զանգվածաբար մեկնել երկրից», - հայտարարել է նա:

Ուրանի հանքերում թաքնված վտանգը նշել է նաև «ԷկոԼուր» կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ուրանի հանքավայրերի թափոնները պարունակում են ծանր մետաղներ և քիմիական ռեակտիվներ: «Լեռնաձորի և Սյունիքի մյուս բնակավայրերի բնակիչները չափազանց մտահոգված են: Նրանք խոստովանում են, որ եթե ուրանի ծրագիրն, այնուամենայնիվ, իրագործվի, ապա իրենք ստիպված կլինեն հեռանալ իրենց տներից», - ասել է նա:

Նախօրեին Կապանում կայացել է հանրահավաք ընդդեմ ուրանի ծրագրի, որին մասնակցել է շուրջ հազար մարդ: Հանրահավաքին միացել են էկոլոգիական ոչ կառավարական կազմակերպություններ, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցությունը, որի կողմից ելույթ է ունեցել Զարուհի Փոստանջյանը: Սյունիքի մարզի վարչակազմի ղեկավար Սուրիկ Խաչատրյանի անունից ելույթ է ունեցել նրա տեղակալ Վաչե Գրիգորյանը, ով նշել է, որ Սյունիքի վարչակազմը միշտ կպաշտպանի բնակչության իրավունքները և խնդիրը կներկայացնի վերադաս ատյաններում:

ԼԵՌՆԱՁՈՐՈՒՄ ԱՐԴԵՆ ՀՈՓՐԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ
Ա1+


Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության կողմից Սյունիքի մարզում իրականացվող ուրանի պաշարների ուսումնասիրման ծրագիրը կործանարար է Հայաստանի համար: Հենց այդ այդ ծրագրի դեմ էր երեկ Կապանում հրավիրվել հանրահավաք:

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, ով այսօր վաղ առավոտյան է վերադարձել Սյունիքից, նշեց, որ ներկայումս Լեռնաձոր համայնքում հորատման աշխատանքներ են ընթանում: Անկախ փորձագետների հավաստմամբ` ընդհանուր առմամբ ուրանն է հանվում:

«Իսկ մնացած մասը մնում է պոչերի մեջ, այսինքն` վտանգները մնում են, եւ մենք իրականացնում ենք նույն միջուկային քաղաքականությունը»,- նշեց նա:

Ինգա Զարաֆյանը վերջերս ձեռք է բերել մի փաստաթուղթ, որում նշվում է, որ «մենք ոչ միայն հումքը պետք է որոնենք եւ շահագործենք, այլեւ գերեզմանոց շահագործենք»:

Հիմա Հայաստանում կա 15 պոչամբար եւ 2 խիստ վտանգավոր թունաքիմիկատների գերեզմանոց: Ինչը բնապահպանների համոզմամբ` Հայաստանի համար փոքր երկրի համար շատ է:

«Այսօր, իրոք, ոսկե միջինը գտնել հնարավոր չէ: Պետք է կանգնեցնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Բնապահպանի խոսքերով` իրենց համար սկզբունքորեն ընդունելի չէ այդ ծրագիրը, որովհետեւ այսօր չկան այնպիսի տեխնոլոգիաներ, որ հանքարդյունահանման պարագայում չգրանցվի շրջակա միջավայրի աղտոտվածություն:

ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՋՐԵՐԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳ
Ա.Հարոյան, Հայոց Աշխարհ

 
Նոյեմբերի 11-ին Կապանում, ինչպես արդեն հայտնի է, տեղի է ունեցել հակաուրանային հանրահավաք։ Այդ միջոցառմանը մասնակցել են ոչ միայն Կապանի, Լեռնաձորի եւ Սյունիքի մյուս համայնքների բնակիչները, այլեւ Երեւանից եւ Գյումրիից եկած հասարակայնության ներկայացուցիչներ։
  
«Ուրբաթ» ակումբը «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ընկերության կողմից Լեռնաձոր համայնքում իրականացվող ուրանի պաշարների ուսումնասիրման ծրագրից բխող վտանգների, ինչպես նաեւ նախօրեին Կապանում տեղի ունեցած հանրահավաքի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ եւ «ԷկոԼուր» ՀԿ նախագահ ԻՆԳԱ ԶԱՐԱՖՅԱՆԻՆ։
  
Ի.Զարաֆյանի տեղեկացմամբ, նոյեմբերի 11-ի հանրահավաքը նախապատրաստվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում, իսկ ամիսներ առաջ սկսված ստորագրահավաքով արդեն շուրջ 11 000 ստորագրություն է հավաքվել ընդդեմ ուրանային ծրագրի։
  
-Տեղի բնակչությունը, հասարակությունը շատ են անհանգստացած,- հավաստեց «ԷկոԼուրի» ղեկավարը։
  
Նրա տեղեկացմամբ, լեռնաձորցիների մեծ մասը վճռական են տրամադրված եւ հայտարարել են, որ եթե տվյալ վայրում հանքախորշեր բացվեն, ապա այդտեղից ստիպված կհեռանան։
  
-Հենց համայնքի վերեւում սկսվում են հորատման աշխատանքներ, ամբողջ համայնքն այդ վտանգի տակ է, նրանք շատ են անհանգստացած,- հայտարարեց Ի.Զարաֆյանը։
  
Իսկ բնակչության մտավախությունն ունի՞ ինչ-որ հիմքեր։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը քանիցս փորձել է հանգստացնել, ասելով, որ ոչ մի ռիսկ չկա՝ կապված հետախուզական աշխատանքների հետ։ Սակայն ուրանի պաշարների հետախուզական աշխատանքները ինքնանպատակ չեն կատարվում, եւ բոլորին էլ պարզ է, որ հանքաքարի արդյունաբերական պաշարների հայտնաբերման կամ հաստատման դեպքում հաջորդ քայլը լինելու է այդ պաշարների արդյունահանումը՝ դրանից բխող լրջագույն ռիսկերով, վտանգներով հանդերձ։
  
Տեղի բնակչության եւ բնապահպանական մի շարք կազմակերպությունների տագնապը, սակայն, պայմանավորված չէ սոսկ նրանով, որ ուրանի հետախուզման աշխատանքներին, բավարար պաշարների առկայության դեպքում, կհաջորդի դրանց արդյունահանումը։ Հետախուզական եւ ուրանի պաշարների գնահատման նպատակով նախատեսված բազմաթիվ հորատումների հետեւանքով ռադիոակտիվ նյութերը կարող են խառնվել ստորգետնյա ջրերին։
  
-Հանրահավաքում տեղական փորձագետներն ասացին, որ ամբողջ Սյունիքի մարզը գրունտային շատ բարդ ռելիեֆ ունի, եւ ամբողջ գրունտային ջրերը տակից կվարակվեն այդ ռադիոակտիվ նյութերով՝ ռադիոնուկլիդներով,- ասաց Ի.Զարաֆյանը։ -Այս մտահոգությունը տեղի հասարակության ներկայացուցիչները հայտնել են դեռ մի տարի առաջ, օգոստոսի 4-ին, երբ կազմակերպվել էին այդ հայտնի հասարակական լսումները։
  
Ըստ Կ.Դանիելյանի, այս պարագայում հնարավոր չէ ինչ-որ միջին լուծում գտնել, որպեսզի ե՜ւ ուրան արդյունահանվի, ե՜ւ շրջակա միջավայրն ու մարդկանց առողջությունը չտուժեն։
  
-Մեզ համար սկզբունքորեն ընդունելի չէ այդ ծրագիրը, որովհետեւ ինչքան ծանոթ ենք միջազգային պրակտիկային, այսօր չկան այնպիսի տեխնոլոգիաներ, որպեսզի լինի ուրանի հանքարդյունահանում, եւ չլինի շրջակա միջավայրի աղտոտվածություն, կամ վնասը մեծ չլինի, ասաց նա։ -Անպայման չէ, որ այդ աղտոտվածությունը լինի վերգետնյա, կան նաեւ ստորգետնյա խնդիրներ։ Եթե անգամ համարենք, որ միանգամից մեծ գումարներ կստանանք, վնասը պիտի լինի այնպիսին, որ մաքուր գյուղատնտեսություն հնարավոր չի լինի զարգացնել, ինչն առաջնահերթություն է կառավարության ծրագրում, զբոսաշրջություն հնարավոր չի լինի զարգացնել։ Բայց չէ՞ որ սրանք էլ տնտեսական օգուտ են բերում երկրին։
  
Ըստ բնապահպանի, այնպիսի փոքր տարածքում, ինչպիսին Հայաստանի տարածքն է, ընդ որում, երկրաշարժավտանգ տարածքում նմանատիպ աշխատանքներ գոնե այսօրվա տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների պայմաններում ուղղակի չի կարելի անել։
  
-Մենք արդեն ունենք շուրջ 15 պոչամբար, ունենք թունաքիմիկատների առնվազն երկու խիստ վտանգավոր գերեզմանոց,- ասաց Կ.Դանիելյանը։ -Մենք մեր ընդերքից հանում, թույնով ծածկում ենք երկիրը, հիմա էլ վրան ռադիոակտիվությունն ավելացնենք, հետո ասենք՝ զբոսաշրջություն ենք զարգացնում, գյուղատնտեսություն ենք զարգացնում, մեր ժողովուրդը պետք է ապրի։ Սա արտագաղթի մի նոր, հսկայական ալիք է սկսելու։
 
Կ. ԴԱՆԻԵԼՅԱՆ. ՈւՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ԱՐՏԱԳԱՂԹՈՎ
Aysor.am


«Մեզ համար ուրանային ծրագիրը սկզբունքորեն ընդունելի չէ, որովհետև միջազգային պրակտիկայում այսօր չկան այնպիսի տեխնոլոգիաներ, որպեսզի ուրանային հանքարդյունահանում լինի և չլինի շրջակա միջավայրի աղտոտվածություն ու շատ մեծ վնաս»,- այսօր ասուլիսում հայտարարեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

Ըստ նրա, տնտեսական տեսանկյունից, եթե նույնիսկ ուրան արդյունահանվի և վաճառվի Իրանին, թեև «այստեղ էլ քաղաքական խնդիրներ են առաջանում», վնասը կլինի այնպիսին, որ ոչ միայն մաքուր գյուղատնտեսություն, որն առաջնահերթություն է կառավարության ծրագրում, այլ նաև տուրիզմ հնարավոր չի լինի զարգացնել:

Կ. Դանիելյանը շեշտեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում, ու թեև հանքը բաց տարբերակով չի նախատեսվում շահագործել, այնուամենայնիվ ուսումնասիրություններն ապացուցում են, որ ամբողջ տարածաշրջանում և մեզ մոտ սեյսմիկ ռիսկերն աճում են, և հնարավոր չէ ընդերքում աշխատել ու չվանսել շրջակա միջավայրին. «Մի փոքր երկրաշարժի դեպքում ամբողջը կարող է դուրս գալ մակերևույթ»:

Կ. Դանիելյանը հիշեցրեց, որ հանրապետության այս փոքր տարածքում ունենք մոտ 15 պոչամբարներ, թունաքիմիկատների առնվազն 2 խիստ վտանգավոր գերեզմանոց:

«Մենք մեր ընդերքը հանում ենք, երկիրը` թույնով ծածկում: Սա արտագաղթի մի նոր հսկայական ալիք է սկսվելու»,- ընդգծեց Կ. Դանիելյանը, միաժամանակ հույս հայտնելով, որ ի վերջո այս իրավիճակը կփոխվի:

Aysor.am-ի հարցին, թե ԽՍՀՄ տարիների կատարված հետազոտության արդյունքներով որքա՞ն ուրանի պաշար կա Սյունիքում և դա բավարա՞ր է, որպեսզի ներկայումս արդյունահանում սկսվի, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը պատասխանեց, որ այն ժամանակ ինֆորմացիան փակ էր, բայց սկզբում հայտարարվեց 30 հզ. տոննայի մասին, երկրորդ անգամ` 60 հզ. տոննա, հետո երբ աղմուկ բարձրացավ, թիվը միանգամից սկսեցին իջեցնել: Նրա խոսքով, Ռուսաստանը, քանի որ շատ մեծ տեմպերով զարգացնում է իր ատոմային քաղաքականությունը, 2015 թ-ին ընդհանրապես կմնա առանց ԽՍՀՄ ժամանակաշրջանում կուտակված պաշարների, իսկ այդ դեպքում ամեն մի գրամ ուրանը շատ մեծ նշանակություն կունենա, քանի որ գները մի քանի` 10 կամ 15 անգամ կբարձրանան:

Նոյեմբեր 15, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր