ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

 Panorama.am

Այսօր օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է: Հանրապետությունում ներկայումս իրականացվում է երկրի ռազմավարության մշակումն` ուղղված երկրորդ սերդի օզոնաքայքայիչ նյութերի փոխարինմանը: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան օզոնային շերտի պահպանության միջազգային օրը հաստատել է 1994 թվականին: Այս օրն ընտրվել է ի պատիվ Մոնրեալի օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրման:

Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար:

«Այս խնդրով մտահոգված են գիտնականներ, բնապահպաններ, արդյունաբերողներ: Անգլիացի մասնագետների տվյալների համաձայն այդ գործընթացը անմիջականորեն կապված է արդյունաբերությունում և կենցաղում քլոր պարունակող քիմիական նյութերի օգտագործման հետ: Այս նյութերը լայն տարածում են գտել գյուղատնտեսությունում և ժողովրդական տնտեսության շատ այլ բնագավառներում»,-ասաց Ա Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ այդ նյութերի արտանետումները օզոնային շերտի քայքայման հիմնական պատճառներն են և վնասակար են ոչ միայն մարդու առողջության, այլև Երկրի վրա բոլոր կենդանի օրգանիզմների համար:

Նշենք, որ վերնոլորտի օզոնային շերտի պահպանությունը միջազգային կարևոր խնդիրներց է, որն ամրագրված է «Օզոնային շերտի պահպանության» Վիեննային կոնվենցիայում և որն իրականացվել է օզոնային շերտը քայքայող Մոնրեալի արձանագրությունում: Արձանագրությամբ որոշվել է միջոցներ ձեռնարկել և կրճատել, իսկ հետագայում ընդհանրապես դադարեցնել օզոնի շերտը քայքայող նյութերի արդյունահանումը և օգտագործումը:

Հիշեցնենք, որ օզոնային շերտի վիճակի ուսումնասիրությունները Հայաստանում իրականացվում են 1993 թվականից: Հանրապետությունը միացել է օզոնային շերտի մոնիտորինգի համաշխարհային ցանցին և ներկայացնում է տարածաշրջանի օզոնային շերտի վիճակի և ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալները համաշխարհային կենտրոնին, որը գտնվում է Կանադայի Տորոնտո քաղաքում:

Սեպտեմբեր 16, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր