

Լուսինե Նազարյան, Հայաստանի Հանրապետություն
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը խրախուսեց ոլորտի ակտիվիստներին
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում իրենց ունեցած ներդրման համար երեկ հասարակական կազմակերպությունների Օրհուսի կենտրոնների եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները պարգեւատրվեցին վկայագրերով։
Միջոցառման ժամանակ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը նախ ամփոփեց բնապահպանության ոլորտում արձանագրված հաջողությունները եւ խրախուսեց հետագա առաջընթացը։ Միջոցառումը նպատակ ուներ նաեւ բարձրացնել ներկա գտնվող քաղաքացիական հասարակության, իշխանությունների, գործարար եւ մշակութային համայնքի ներկայացուցիչների իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների շուրջ։ Կապինոսն իր գոհունակությունը հայտնեց ոլորտում շահագրգիռ կողմերի ներգրավվածության, մասնավոր հատվածի եւ կառավարության միահամուռ ջանքերի միավորման կապակցությամբ։ Նրա գնահատմամբ, տարին եղել է բավական հագեցած եւ արդյունավետ։ Բավական ակտիվ համագործակցություն է տարվել Օրհուսի կենտրոնների հետ, որոնց գործունեության հաջողություններն ակնհայտ են եւ որոնց թիվը Հայաստանում, հավանաբար, դեռ կաճի։ Այս կենտրոնների ծառայություններից արդեն օգտվել է մոտ 20 հազար ՀՀ քաղաքացի։ Այդ կենտրոններում ամենասուր քննարկումներ են անցկացվել շրջակա միջավայրի պահպանման հիմնախնդիրների վերաբերյալ, որոնցից մի քանիսը լուծում են ստացել։ Այս տարի այլ երկրներից նոր մասնագետներ են ընդգրկվել գրասենյակի աշխատակազմում, որոնք տեղացի մասնագետների հետ կիսելու են էկոլոգիական ոլորտում ունեցած իրենց փորձը։ ԵԱՀԿ—ն, որպես նորույթ, սկսել է համագործակցել նաեւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հետ, որի հետ, Կապինոսի խոսքերով, համագործակցության զարգացման մեծ հեռանկարներ կան։
Մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանի խոսքերով, Հայաստանում էկոլոգիական իրավունքի, շրջակա միջավայրի վիճակը բավական տխուր է, անելիքներ շատ կան։ Արմեն Հարությունյանը շատ կարեւորեց ԵՊՀ—ում գործող էկոլոգիական իրավունքի կենտրոնը, որտեղ կան պրոֆեսիոնալներ, ում հետ մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը պատրաստվում է համագործակցել։
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գնահատմամբ, մեկ տարվա ընթացքում ԵԱՀԿ գրասենյակի կողմից բավական մեծ աշխատանքեր են իրականացվել։ «Բնապահպանական բնագավառում չկան տարանջատումներ, եւ բոլոր խնդիրներն ընդհանուր են, որոնք հուզում են բոլորին եւ հատկապես նրանց ովքեր իրենց ուրույն դերն ու ավանդն ունեն շրջակա միջավայրի պաշտպանման գործում։ Օրհուսի 14 կենտրոնների գործունեությունը շատ կարեւոր է, ինչը թույլ կտա փոխել շրջապատի եւ հասարակության հոգեբանությունը»,–նշեց նախարարը։
Վկայագրեր շնորհվեցին Երեւանի, Գյումրիի, Հրազդանի, Գորիսի եւ Կապանի Օրհուսի կենտրոններին։ Պարգեւատրվեցին նաեւ բնապահպանական «Էկոլուր», «Խազեր», ЕРАС, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիա հասարակական կազմակերպությունները, Քաջարանի քաղաքապետը եւ էկոլոգիական իրավունքի հարցերով զբավող մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը։
Դեկտեմբեր 23, 2009
