Հայաստանի Հանարապետություն
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի մոսկովյան գրասենյակների հետ համատեղ Երեւանում ապրիլի 19-ին աշխատանքներն սկսեց «Էթիկական մոտեցման հարցերը կլիմայի փոփոխության ոլորտի քաղաքականության մեջ» խորագրով տարածաշրջանային կլոր սեղանը։
Ինչպես նշեց մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, քննակումները կատարվելու են ՅՈՒՆԵՍԿՕ—ի 2006 թվականին ընդունած «Բիոէթիկայի եւ մարդու իրավունքների հռչակագրի», «Երկրագնդի հրովարտակի» ու ՄԱԿ—ի տարբեր կառույցների կողմից մշակված փաստաթղթերի հիման վրա։ Կքննարկվեն կլիմայի փոփոխության մարտահրավերների հակազդեցության հետ կապված առանցքային հարցեր, միջազգային սկզբունքներ։ Կառաջարկվեն նաեւ կլիմայի փոփոխության մարտահրավերների պատասխան գործողությունների տարբերակներ, անդրադարձ կլինի բնական պաշարների գերսպառման մեղմացման հարցերին։
«Այսօրվա միջոցառումը նաեւ այլընտրանքային եղանակներով է դիտարկելու վերոհիշյալ հիմնախնդիրները»,–նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Նրա խոսքով, երկրագնդի բնակչության աճը, բնական պաշարների արդյունաբերական օգտագործումը գերազանցել է բնության ինքնավերարտադրման սահմանը, եւ բնությունն արդեն տեղի է տալիս այդ «ճնշմանը»։ Ըստ նախարարի՝ նշված խնդրի լուծման համար այսօր պետք է գործեն բարոյական սկզբունքներ, մարդու վարքագծի, գործունեության նորմերի մասին ուսմունքը, որը հենց ինքնին «էթիկան» է։ Այդ մասին քննարկվել է վերջերս Կոպենհագենում տեղի ունեցած կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմ երկրների 15—րդ համաժողովում 119 երկրների կողմից. զարգացած 35 երկրների պարտադրվել է վերցնել ջերմոցային գազերի գազերի կրճատման որոշակի քանակական պարտավորություն, դրա հիման վրա մշակվել է «Կոպենհագենյան համաձայնագիրը»։ Հայաստանն արդեն միացել է այդ համաձայնագրին՝ ջանքեր ներդնելով ջերմոցային գազերի համամոլորակային արտանետումների կրճատման գործում։ Այդ նպատակով նախարարությունում մշակվել է նաեւ պլան, որով իրականացվելու է ազգային գործողությունների համապատասխան ծրագիր՝«կոլեկտիվ մասնակցողական սկզբունքներով, բարեխճությամբ եւ արդարացիությամբ»։
Նախարարը հույս հայտնեց, որ այս միջոցառման արդյունքները գործնական կիրառություն կունենան բնության պահպանության, մասնավորապես՝ կլիմայի փոփոխությանը դիմակայելու ջանքերում։ «Էկոհամակարգային մոտեցումը կրում է հասարակական համերաշխության ներուժ, հետեւաբար դրա կիրառումը նպատակահարմար է նաեւ տարածաշրջանային մակարդակով»,–ասաց Ա.Հարությունյանը։
Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին ԱՊՀ, Կենտրոնական Եվրոպայի, ՅՈՒՆԵՍԿՕ—ի Փարիզի քարտուղարության գրասենյակի, գիտական գիտելիքների եւ տեխնոլոգիաների էթիկայի համաշխարհային հանձնաժողովի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցուցիչներ։
Ապրիլ 23, 2010
