ՆԱԻՐԻՏԻ ՎԹԱՐԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

ՆԱԻՐԻՏԻ ՎԹԱՐԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Արթուր Հովհաննիսյան, Հայոց աշխարհ

Սկիզբը նախորդիվ


Առկա հիմքերը, կարծում ենք, թույլ են տալիս եզրակացնելու, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ նախաքննության մարմնի նշանակած փորձաքննությունն այդպես էլ չի բացահայտել ճշմարտությունը: Լավագույն դեպքում, այդ փորձաքննությունը կիսաճշմարտությունն է ներկայացրել քր.գործի նախաքննությունն իրականացրած Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Իհարկե, շատ կարեւոր է նաեւ, թե նախաքննության մարմնի կողմից փորձաքննությանն ինչ հարցեր են առաջադրվել (գրեթե կասկած չունենք, որ առաջադրված հարցաշարը եղել է թերի), ինչպես նաեւ այն, թե, փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո, համապատասխան հարցադրումներով ինչու չի նշանակվել լրացուցիչ փորձաքննություն:

Նշվածը վկայում է, որ իրավապահների կողմից քրեական գործի նախաքննությունն ակնհայտորեն թերի է իրականացվել: Համենայն դեպս, փաստն այն է, որ մեղավոր անձանց շրջանակը պարզելու եւ նրանց մեղադրանք առաջադրելու համար նախաքննության մարմինն առավելապես հիմնվել է, մեղմ ասած, խիստ թերի կատարված փորձաքննության եզրակացության վրա: Մինչդեռ շատ բան կբացահայտվեր ու ջրի երես դուրս կգար, եթե նշանակվեին դատապայթյունատեխնիկական, դատահետքաբանական, դատաքիմիական, դատաճարտարագիտատեխնոլոգիական համալիր հանձնաժողովային կրկնակի եւ լրացուցիչ փորձաքննություններ: Ցավոք, չնայած վերը նշվածին, գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով ավագ դատախազ Ռ. Եղյանը հաստատել է թիվ 69104309 քրեական գործով մեղադրական եզրակացությունը, դատաքննությունն էլ, իր հերթին, չի բացահայտել ամբողջ ճշմարտությունը:

Ինչպես արդեն նշել ենք, դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ եւ փորձաքննությամբ պայթյունի օջախ են համարված քլորոպրենի արտադրության 1-12 արտադրամասի «Բ» բաժանմունքի ջերմափոխանակիչները (կոնդենսատորները): Դրանք, ավելի ճիշտ, դրանց կափարիչները չեն դիմացել ջերմափոխանակիչների ներսում տեխնոլոգիական չափորոշիչներից շեղման ու չնախատեսված քիմիական ռեակցիաների հետեւանքով գազախառնուրդի ջերմաստիճանի եւ ճնշման նույնիսկ ոչ այնքան մեծ բարձրացմանը: Չդիմանալով ճնշման բարձրացմանը, այսինքն, տեխնոլոգիական բնույթի պայթյունների հետեւանքով, այդ կափարիչները պոկվելով իրենց ամրացման տեղերից, դուրս են շպրտվել:

Նկատենք, որ թիվ 1 եւ թիվ 2 ջերմափոխանակիչներում պայթյունները տեղի չեն ունեցել դրանցում պայթյունա-հրդեհավտանգ գազախառնուրդի բռնկման (թթվածնի հետ ռեակցիայի մեջ մտնելու) հետեւանքով, այլապես ջերմափոխանակիչները ոչ թե պարզապես իրենց տեղից կպոկվեին եւ ներքեւի հարթակի վրա կընկնեին, այլ պայթյունի անհամեմատ մեծ ուժից ռումբի պես բեկորների կբաժանվեին: Պայթյունները, ինչպես նշեցինք, տեղի են ունեցել ջերմափոխանակիչներում գազախառնուրդի ջերմաստիճանի եւ ճնշման որոշ բարձրացման հետեւանքով, դրա համար էլ կոչվում են տեխնոլոգիական բնույթի:

Փորձաքննության եզրակացության վրա հիմնված մեղադրական եզրակացության մեջ նշված էր` «...մոնովինիլացետիլենի մեջ կտրուկ բարձրացել է դիվինիլացետիլենի պարունակությունը` 0,004 տոկոսի փոխարեն եղել է 0,087 տոկոս, բարձրացել է ջերմաստիճանը` 30 աստիճան ցելսիուսի փոխարեն եղել է 40-50 աստիճան»: Նույն եզրակացությունների համաձայն, այս պայմաններում «Բ» բաժանմունքի արտադրությունը չդադարեցնելը, իր հերթին, «...կոնդենսատորներում առաջացրել է օքսիդացման անկառավարելի գործընթացներ, ինքնաքայքայում, որը նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում 1-12 արտադրամասի «Բ» բաժանմունքի կոնդենսատորներում առաջացրել է տեխնոլոգիական բնույթի պայթյուններ»: 

Հենց այստեղ էլ առաջանում է գլխավոր հարցերից մեկը. թարմ մոնովինիլացետիլենում դիվինիլացետիլենի պարունակության եւ այդ գազախառնուրդի ջերմաստիճանի նշված գերազանցումներն արդյոք կարո՞ղ էին կարճ ժամանակաընթացքում` ընդամենը մեկ հերթափոխի ընթացքում, ջերմափոխանակիչներում առաջացնել օքսիդացման անկառավարելի գործընթացներ, ներքնապատերի ինքնաքայքայում:

Նույնիսկ ոչ քիմիկոսներին է հայտնի, որ հիշյալ գազախառնուրդը, նաեւ ացետիլենը պայթյունա-հրդեհավտանգ են, բայց քիմիական թթու կամ թթվուտ չեն, որ ժամերի ընթացքում օքսիդացնեին եւ քայքայեին ջերմափոխանակիչների կամ դրանց կափարիչների ներքնապատերը: Ու թեեւ նշվածը նույնիսկ ոչ մասնագետին է հայտնի, այնուամենայնիվ, որպեսզի ոմանք մեզ չմեղադրեն մասնագետ չլինելով հանդերձ, նման դատողություններ, հետեւություններ կատարելու համար, դիմեցինք եւ մասնագետի, եւ փորձագետի:

Ի պատասխան մեր այն հարցի, թե մոնովինիլացետիլենը եւ դիվինիլացետիլենը, անկախ գազախառնուրդում դրանց հարաբերակցությունից, 50 աստիճան C-ի պայմաններում արդյոք կարո՞ղ են կոռոզիայի ենթարկել սեւ մետաղը, Երեւանի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլիկ Հարությունյանն ասաց.
  
«Իհարկե, կոռոզիայի պրոցեսն անպայման կլինի, բայց այնքան արագ, որքան դուք եք ասում, չի լինի: Պրոցես կգնա, բայց մետաղն այդպես արագ քայքայման չի ենթարկվի:  Աղետալի չի լինի»:

Մայիս 20, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր