

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նոյեմբերի 23-ի մամուլի ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց, որ հաջորդ տարի Սևանա լճից հավելյալ ջրառ չի իրականացվելու: «Ես չեմ կարող երաշխավորել, որ ջրամբարների խնդիրն է լուծվելու, սակայն կարող եմ երաշխավորել, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Սևանից հավելյալ ջրառ չլինի: Ես համոզված եմ, որ չենք վերցնելու` նաև հաշվի առնելով, որ Արփա-Սևանից լրացուցիչ ակնկալում ենք ջրի մուտք», - հայտարարեց Էրիկ Գրիգորյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ նոյեմբերի 22-ի կառավարության նիստին հայտարարել էր, որ Սևանին չպետք է անդրադառնալ, հավելյալ ջրառ չպետք է անել:
Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ Սևանա լճից հավելյալ ջրառը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ ջրամբարների տակ գտնվող փոքր ՀԷԿ-երն աշխատել և զգալի չափով էլեկտրաէներգիա են արտադրել այն սեզոններին, որ չպետք է աշխատեին:
«Ջրօգտագործողներ կան, որոնք տասնյակ տարիներով ջուր են ստացել, չեն վճարել, չեն հաշվառվել: Այդ մասով են Վերահսկողական ծառայության կողմից վերջին շաբաթներին արված ուսումնասիրությունները, և վարչապետի կողմից եղավ հանձնարարական աշխատանքային խումբ ստեղծելու:
Խնդիրը մի քանի բաղադրիչից է կախված. առաջինը՝ հստակեցնել ջրի պահանջարկը, որովհետև այն ծավալի ջուրը, որը տրամադրվում է և գումարը, որը հավաքագրվում է այդ ջրի համար, անգամներով տարբեր են: Պետք է հստակ հասկանալ՝ ինչքան ջուր է պետք և հետո տեսնել այդ ջրի առկայության աղբյուրները:
Սա միայն Սևանի հետ առնչվող խնդիր չէ: Մենք ունենք 7-8 միլիարդ խմ մակերևութային ջուր, բայց չենք կարողանում ապահովել այդ 2 միլիարդ խմ ջրապահանջարկը, այդ պատճառով խնդիրներ ենք ունենում կոնկրետ ամիսների և կոնկրետ բնակավայրերի հետ», - ասաց Էրիկ Գրիգորյանը:
Նոյեմբեր 26, 2018 at 15:45
