

ԷկոԼուր
ՀՀ կառավարության կազմի փոփոխության արդյունքում նախկին 18 նախարարությունների միավորման, անվանափոխության արդյունքում կառավարության կազմում կլինի 12 նախարարություն: Երեք փոխվարչապետի փոխարեն կլինեն երկուսը:
Այս փոփոխությունները նշված են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծոում, որը մարտի 7-ին հավանության արժանացավ Կառավարության կողմից:
Նախագծի համաձայն՝ Բնապահպանության նախարարությունը նախատեսվում է անվանափոխել Շրջակա միջավայրի նախարարություն:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով կվերակազմակերպվի՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի և Կրթության և գիտության նախարարությունների միաձուլման ձևով կձևավորվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Գյուղատնտեսության ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների միաձուլման արդյունքում կստեղծվի Էկոնոմիկայի նախարարությունը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կանվանափոխվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության:
Սփյուռքի նախարարությունը կմիացվի վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
Մարտ 07, 2019 at 18:24
