

Օգոստոսի 27-ից Հայաստանում մեկնարկել է հերթական սիրողական որսաշրջանը։ Օրերս Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ստորագրել է ՀՀ տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թթ․ օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության մամլո ծառայությունը։
«Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները.
Լոր - 2020 թ․ օգոստոսի 27-ից մինչև հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 125500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),
Թխակապույտ աղավնի - 2020 թ․ օգոստոսի 27-ից մինչև հոկտեմբերի 3-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 55500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավելի որս/օրվա ընթացքում),
Քարակաքավ - 2020 թ․ նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 22500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),
Կռնչան և մոխրագույն բադեր - 2020 թ․ սեպտեմբերի 15-ից 2021 թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 40 հազար հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),
Եղեգնահավ - 2020 թ․ սեպտեմբերի 15-ից 2021 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 15 հազար հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),
Սև փարփար - 2020 թ․ սեպտեմբերի 15-ից 2021 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 30 հազար հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),
Մորակտցար - 2020 թ․ սեպտեմբերի 15-ից 2021 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 8 հազար հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),
Տափաստանային արտույտ - 2020 թ․ սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 200 հազար հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում):
2020-2021 թթ․ որսաշրջանի ընթացքում սույն հրամանի 1-ին կետով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, սովորական աղվեսի, շնագայլի անսահմանափակ որս: Որս իրականացնել թույլատրվում է միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։
Հրամանն ուժի մեջ մտնելու հաջորդ օրը որսորդական միություններին կտրամադրվեն նախապես հայտագրված քանակի լիցենզիաներ, որոնք կազմակերպությունների ներսում կբաշխվեն որսորդական միության անդամների միջև»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Օգոստոս 31, 2020 at 19:51