Սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը, թույլ տալ հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց վերադարձը․ Ֆրանսիայի արտգործնախարար

Սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը, թույլ տալ հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց վերադարձը․ Ֆրանսիայի արտգործնախարար

Պետք է թույլ տան վերադառնալ վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը։ Այս մասին ասել է Ֆրանսիայի Արտաքին գործերի և Եվրոպական հարցերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, հայտնում է Հայաստանի Հանրապետությում Ֆրանսիայի դեսպանությունը։

Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարության մեջ ասված է․

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի իշխանությունների կողմից միաժամանակ արվեցին հայտարարություններ Լեռնային Ղարաբաղում զինադադար հաստատելու վերաբերյալ։ Մենք ծանոթացանք այդ հայտարարություններին և վերլուծում ենք դրանց մանրամասները և հետևանքները։ Սպասվում են հստակեցումներ դրանց նշանակությունը գնահատելու համար։

Մարտերի դադարեցումը չափազանց կարևոր է։ Դա վերջին շաբաթների ընթացքում հակամարտող կողմերի կողմից մի քանի անգամ ստանձնած պարտավորությունն է, սա առաջնահերթ խնդիր է, որին մենք հավատարիմ ենք Մինսկի խմբի շրջանակներում։ Ուստի մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները խստիվ պահպանվեն և որ նրա հարձակումներն անմիջապես դադարեցվեն։ Այս համատեքստում դիմում ենք Թուրքիային չձեռնարկել ոչինչ, ինչը կարող է հակասել մեր գերակա նպատակին։

Այս ծանր պահին Ֆրանսիան վերահաստատում է իր բարեկամությունը հայ ժողովրդի նկատմամբ՝ հաշվի առնելով մարդկային, մշակութային և պատմական առնչությունները, որ մեզ կապում են Հայաստանի հետ։ Այս օրհասական իրավիճակում մենք նրա կողքին ենք։ Մենք հատկապես հետևողական կլինենք Հայաստանին այն մարդասիրական աջակցությունը տրամադրելու հարցում, որի կարիքը նա ունի։ Տեղում տիրող իրավիճակը՝ տեղահանված բնակչությամբ և քաղաքային վայրերում մարտերով պայմանավորված, հանգեցրեց հումանիտար լուրջ հետևանքների։ Ֆրանսիան վերջին շաբաթներին մոբիլիզացրել է իր ջանքերը քաղաքացիական հասարակության բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով։ Ֆրանսիական իշխանություններն աջակցում են այս նախաձեռություններին՝ տրամադրելով բժշկական օգնություն, որը Երևան հասավ անցած շաբաթվա վերջին՝ ներառելով հակամարտությունից տուժածների բուժման ոլորտում մասնագիտացած վիրաբույժների թիմեր։ Առաջիկա օրերին ձեռնարկվելու են ուրիշ նախաձեռնություններ՝ Հայաստանին անհրաժեշտ օգնություն ապահովելու համար։

Ի վերջո, երեկ հայտարարված զինադադարի մասին համաձայնությունից զատ, հակամարտության կայուն կարգավորման մասին կողմերի միջև բանակցությունների վերսկսումն անհրաժեշտություն է։ Ֆրանսիան լիարժեք դերակատարություն կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Երկու կողմերի միջև բանակցությունները պետք է անհապաղ վերսկսվեն։ Դրանք պետք է թույլ տան վերադարձել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»։

Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունից զատ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը տարածել է նաև Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրությունը, ըստ որի՝ Ֆրանսիան ակտիվորեն կշարունակի Ռուսաստանի հետ խորհրդակցությունները՝ Հայաստանի շահերը պաշտպանող և հարգող քաղաքական կայուն լուծման հանգելու համար:

Հաղորդագրության մեջ նշված է․

«Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրություն

Փարիզ, 10 նոյեմբերի 2020թ․

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև

Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը և Ադրբեջանը երեկ երեկոյան համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այս համաձայնագիրը հաջորդում է շաբաթներ տևած մարտերին, որոնց ընթացքում Ֆրանսիան մշտապես հանձնառու է եղել բռնություններին լիովին վերջ դնելու և բանակցային ճանապարհով լուծում գտնելու հարցում:

Ֆրանսիան այժմ անցնում է համաձայնագրով նախատեսված պայմանների վերլուծությանը և ակտիվորեն կշարունակի Ռուսաստանի հետ խորհրդակցությունները՝ Հայաստանի շահերը պաշտպանող և հարգող քաղաքական կայուն լուծման հանգելու համար: Հանրապետության Նախագահը շատ շուտով կապ կհաստատի նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

Ֆրանսիան խստորեն պահանջում է Թուրքիայից դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ սադրանքները, զսպվածություն ցուցաբերել և չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք խարխլում են կողմերի միջև և Մինսկի խմբի շրջանակում կայուն համաձայնության բանակցման հնարավորությունը:

Այս պահին առաջնահերթությունը պետք է մնա մարտական գործողությունների տևական ավարտը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Ֆրանսիան այս առումով մի քանի շաբաթ է՝ ակտիվորեն մոբիլիզացվել է:

Հանրապետության Նախագահի խնդրանքով անցյալ շաբաթ օրը Երևան ժամանեց բժշկական առաքելություն: Այն ներառում է վիրաբույժների թիմ և բժշկական սարքավորումներ: Հինգշաբթի օրը Ելիսեյան պալատում տեղի կունենա համակարգող ժողով պետական և մասնավոր օպերատորների միջև, որպեսզի հնարավորինս ճշգրիտ արձագանք տրվի հակամարտությունից տուժածների և ողջ հայ ազգաբնակչության կարիքներին»:

Նոյեմբեր 11, 2020 at 19:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր