Տեսչական մարմինը Կավարտի հանքում ստուգում չի անցկացնի

Տեսչական մարմինը Կավարտի հանքում ստուգում չի անցկացնի

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ԷկոԼուրին հայտնել են, որ ՀՀ Սյունիքի մարզի Լենհանքերի Կենտրոնական հանքավայրը (Կավարտ թաղամասի բաց հանք) ծանրաբեռնված չէ որևէ ընդերքօգտագործման իրավունքով: Այդ իսկ պատճառով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) ստուգում չի կարող իրականացնել։

Հիշեցնենք, որ դեռ 2009թ-ին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն հրաժարվեց Լենհանքերի Կենտրոնական հանքավայրի շահագործումից և այն վերադարձվեց պետությանը: Ինչպես նախկինում, այդպես էլ ներկայումս հանքավայրի տարածքից թթվային hանքաջրերը մոտ 300 մետր բաց ջրանցքով անցնում են Կապան քաղաքի բնակելի տների մերձակայքով և Կապանի ԼՀԿ-ի գործող արտադրական տարածքով՝ իրենց բացասական ազդեցությունը թողնելով մարդկանց առողջության, շրջակա միջավայրի, իսկ 2021թ․ փետրվարի 26-ին՝ նաև «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի արտադրական տարածքների վրա։ «KAPAN IN» նախաձեռնության 22․02․2019թ. հարցմանն ի պատասխան Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատից ի թիվս այլ պարզաբանումների հայտնել էին, որ «Այդ առվակի հոսող ջրերը ծանրաբեռնված են այլ ընդերքօգտագործողի իրավունքներով և վերջինիս նկատմամբ Ընկերության ցանկացած գործողություն կարող է դիտվել որպես այլ ընդերքօգտագործողի իրավունքների ոտնահարում»։

Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ ԷկոԼուրը դիմել էր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով կատարել ստուգումներ Լենհանքերի Կենտրոնական հանքավայրում՝ պարզել ենթադրյալ ապօրինի ընդերքօգտագործող կազմակերպության ինքնությունը, հաշվարկել ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը հասցված վնասի չափը  և նյութերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ դատախազություն, միաժամանակ, որպես պետական լիազոր մարմին, ՀՀ կառավարություն:

Լուսանկարը՝ www.kapan.in

Ապրիլ 19, 2021 at 17:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր