Ապրիլի 25-ին Հայաստանում շուրջ 300 հազար ծառ կտկնվի

Ապրիլի 25-ին Հայաստանում շուրջ 300 հազար ծառ կտկնվի

«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Նախատեսվում է տնկել շուրջ 300 հազար ծառ: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարարությունը հրապարակել է իրականացվելիք ծառատունկն ըստ մարզերի և նշել, որ քաղաքացիները ծառատունկին միանալու համար կարող են դիմել մարզպետարաններ: Մասնավորապես՝ 6000-ական տնկի նախատեսվում է տնկել Արմավիրի և Տավուշի մարզերում, 7000-ական տնկի՝ Արագածոտնի, Արարատի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, 8000 տնկի՝ Գեղարքունիքի մարզում և 10 հազարական տնկի՝ Կոտայքի և Շիրակի մարզերում:

Մայրաքաղաքում տնկվելու է 25 հազար տնկի։ Եվս 200 հազար տնկի ՇՄ նախարարությունը նախատեսել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրակրթական հաստատությունների և այլ գերատեսչությունների հետ համատեղ տնկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բացառապես բոլոր մարզային անտառտնտեսությունների տնկարկներում (ավելի քան 60 հա)։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019թ. «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման իր ելույթում հայտարարեց 10 միլիոն ծառ տնկելու ծրագրի մասին: 10 միլիոն ծառը, համաձայն վարչապետի, «կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ՝ Հայաստանի Հանրապետությունում»:

 
 

Ապրիլ 21, 2021 at 13:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր