

2021թ. մայիսի 11-ին Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի բնակիչները թույլ չտվեցին «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին Գլաձորի բազմամետաղային հանքավայրում երկրաբանական հետազոտության ծրագրի վերաբերյալ համայնքում հանրային լսումներ անցկացնել: Այս մասին տեղեկացնում է Գլաձորի համայնքապետարանը:
«Կներեք, բայց մեր տան դռները փակ են ձեր առջև»՝ այսպիսին էր բնակիչների արձագանքը հանրային լսումների անցկացման վերաբերյալ:
Նշենք որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 26․02․2021 թվականին «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ին 3 տարի ժամկետով տվել է արդյունաբերական նպատակով երկրաբանական հետազոտության ԵՀԹ-29/309 թույլտվությունը և նրա հետ կնքել Պ-309 20․02․2021թ․ պայմանագիրը։ Եվ ընկերությունը նախատեսում էր համայնքում քննարկել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի 02.06.2009 թ. դրությամբ հաստատված կոնդիցիաների պարամետրերի և պաշարների 2020-23թթ. վերագնահատման և վերահաշվարկման համար» ծրագիրը: Ըստ ընկերության ծրագրի՝ աշխատանքները կրելու էին զուտ գրասենյակային և համակարգչային բնույթ և դաշտի հետ որևէ առնչություն չէին ունենալու։ Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու գրասենյակային աշխատանքի համար պետք է ընկերությունը համայնքից թույլտվություն ստանալու համար հանրային լսում կազմակերպեր, եթե ցանկացած հետազոտողի նման կարող էր իր գրասենյակում փաստաթղթեր ուսումնասիրել:
Հիշեցնենք, որ 2019թ-ին Գլաձոր համայնքի կազմի մեջ մտնող Գլաձոր, Վերնաշեն և Գետափ գյուղերի բնակիչները Գլաձորի համայնքի ղեկավարին և ավագանուն 2152 բնակչի ստորագրությամբ հանրագիր ներկայացրեցին՝ պահանջելով արգելել Գլաձոր համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերական գործունեությունը: 2019թ․ ապրիլի 29-ին Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին միաձայն ընդունեց «Գլաձոր համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին» N 44 որոշումը, որն առ այսօր գործում է:
Հանրագիր ընդունելու անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ «Վայկ մետալ» ՍՊԸ-ն 2016թ. բնապահպանական փորձաքննության էր ներկայացրել Գլաձորի բազմամետաղային հանքի շահագործման ծրագիրը, սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունը տվել է ԲՓ-105 15.12.2016թ. բացասական փորձաքննական եզրակացությունը: Ի թիվս այլ պատճառների, բացասական եզրակացության տրամադրումը հիմնավորված էր նաև տեղի բնակչության բացասական դիրքորոշմամբ։
Լուսանկարը՝ Գլաձորի համայքնապետարանի
Մայիս 12, 2021 at 13:38