ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել Սևանա լճից մինչև 75 միլիոն խմ հավելյալ ջրառ իրականացնել

ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել Սևանա լճից մինչև 75 միլիոն խմ հավելյալ ջրառ իրականացնել

Սույն թվականի օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել Սևանա լճից մինչև 75 միլիոն խմ հավելյալ ջրառ իրականացնել:

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եվ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը: Նա նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու հանգամանքով:

«2021թ.  օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը եղել է 226.21 մլն խմ, որը 2020թ. նույն ժամանակահատվածի 351.98 մլն խմ-ի համեմատ պակաս է 125.77 մլն խմ-ով:

Շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել են պլանավորածից շուտ ջրի բացթողումներ:

Սևանա լճից 2021թ. նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրի բացթողումները սկսվել են 10 օր շուտ և այդ ընթացքում արդեն իսկ իրականացվել է 19 մլն խմ ջրառ:

Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող 5 ջրօգտագործման ընկերություններ պայմանագրերով ունեն 31.4 հազ հա հողատարածքների ջրապահովվածության հաշվարկներում Հրազդան գետի ջրատվության 2021թ. ամբողջ ոռոգման ժամանակահատվածի համար 170 միլիոն խմ: Վերջին 4 տարիների միջին ցուցանիշը կազմել է 190,8 միլիոն խմ: Սակայն ինչպես փաստացի իրավիճակը, այնպես էլ գետերի բազմամյա ջրագրության տվյալները վկայում են, որ այս տարի նման պայմաններում հնարավոր կլինի վերցնել 116 միլիոն խմ նախատեսված 170 միլիոնի փոխարեն: Եվ այստեղ նույնպես առաջանում է 54 միլիոն խմ դեֆիցիտ:

Նախագծով առաջարկվում է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2021թ. բացթողման 170 միլիոն խմ չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 245 միլիոն խմ»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց ՏԿԵ նախարարը:

Արձագանքելով ելույթին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս համատեքստում երկու հարց է ծագում: Սկսած մարտ ամսից մեր պետական ինստիտուտներն ինձ զեկուցել են, այդ թվում գրավոր, որ այս տարի մենք ունենալու ենք Սևանի աննախադեպ բարձր մակարդակ: Սա առաջինը: Երկրորդը, ոռոգման սեզոնի վերաբերյալ ես խորհրդակցություն եմ անցկացրել դեռևս մեկ ամիս առաջ: Դա կարծեմ հուլիսի 1-ը կամ 2-ը պետք է եղած լինի: Այն ժամանակ այս պրոբլեմների մասին մենք քննարկել ենք և եզրակացություններ ենք արել, և ես տվել եմ համապատասխան հանձնարարականներ: Հիմա ես այսօր կարդում եմ, որ մեր 170 միլիոն խմ-ն, այսինքն, օրենքով ի սկզբանե նախատեսված, արդեն առաջիկա օրերին կսպառվի: Դուք ասում եք, որ մեր լրացուցիչ պահանջը կլինի 75 միլիոն խմ: Այդ կանխատեսումներն անում են այն նույն պետական մարմինները, որոնք երկու ամիս առաջ ուրիշ բան էին կանխատեսում, 4 ամիս առաջ ուրիշ բան էին կանխատեսում: Հիմա այս երկու հարցի պատասխանն ո՞վ ունի: Նախ, որ այն ժամանակ զեկուցում էիք, որ ունենալու ենք Սևանա լճի աննախադեպ բարձր մակարդակ, այն ժամանակ չգիտեի՞նք, որ ամառ է գալու, ոռոգում է լինելու և էսպես շարունակ: Եվ երկրորդը, ինչու է հուլիսի 2-ին կայացրած որոշումն իրականություն դառնում էլի վերջին պահին առանց պատշաճ հանրային քննարկումների: Ո՞վ ունի այս հարցերի պատասխանը»:

Ի պաստասխան ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Մեծարգո պարոն վարչապետ, դեռևս մարտ-ապրիլ ամիսներին մեր կանխատեսումներով մենք հայտնեցինք և՛ Ձեզ, և՛ հանրությանը, որ այս տարի վերջին 60 տարիների համեմատությամբ ամենաբարձր նիշին է հասնելու Սևանը, և, կանխատեսումների համաձայն, հունիսի 30-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը պետք է հասներ 1901 մ բացարձակ նիշին: Խնդիրը պարզապես նրանում է, որ մենք այս տարի 12 օր առաջ ջրառն իրականացրեցինք՝ պայմանավորված աննախադեպ բարձր ջերմային ֆոնով: Ջերմային ֆոնը կանխատեսելի էր, որ կլիներ բարձր, բայց որ այս չափ վերջին 60 տարիների համար, և առհասարակ հայկական հիդրոօդերևութաբանության կանխատեսումների պատմության համար ամենաշոգ ամառը կլիներ, դա, ցավոք սրտի, չէր կանխատեսվել: Եվ 12 օր առաջ՝ հունիսի 5-ին, ավանդաբար ջրառ իրականացնելու փոխարեն մենք առաջին ջրառն իրականացրեցինք մայիսի 25-ի դրությամբ: Դրան նաև գումարվեց աննախադեպ շոգերի պատճառով սակավաջրության ընդհանուր ֆոնը հանրապետությունում, և գետերում առկա ջրային զանգվածի շուրջ 40 տոկոս նվազումը, որը հանգեցրեց այս վիճակին: Այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ 4 սմ ցածր է, և իրականացված ջրառն օրենքով թույլատրելի 170 միլիոն խմ-ի ընդհանուր պաշարից արդեն սպառվել է շուրջ 157 միլիոն խմ-ը: Օրական շուրջ 2-2,5 միլիոն խմ է բաց թողնվում: Այսինքն, մենք մինչև օգոստոսի առաջին կեսի ավարտ դեռևս ունենք բնականոն ոռոգման համար, նաև էներգետիկ նպատակներով բացթողնման որոշակի ծավալ: ՏԿԵ նախարարության հետ օրինագծի մշակման ընթացքում, անխուսափելիորեն կողմ լինելով հանդերձ, քանի որ խնդիրը վերաբերում է գյուղացիական տնտեսություններին և ագրոբիզնեսին առհասարակ, մենք մի շարք մտահոգություններ ենք հայտնել ոլորտի կարգավորումների, այդ թվում կորուստների նվազեցման, կանխատեսումների կատարելագործման վերաբերյալ, մի շարք առաջարկություններով եմ հանդես եկել»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Սա լուրջ պրոբլեմ է, ընդորում, այս պրոբլեմը մեր բոլոր ոլորտներում է: Մենք կանխատեսելու շատ լուրջ պրոբլեմներ ունենք՝ սկսած բյուջեի եկամուտներից, ամեն ոլորտում: Եվ երբ որ մենք ասում ենք կառավարման որակ, կառավարման որակը հետևյալն է, որ յուրաքանչյուրն իր տված կանխատեսման իրականություն դառնալու համար պետք է կրի պատասխանատվություն: Եվ սա պետք է լինի մեր գործելակերպը և գործելաոճը»:

ՀՀ վարչապետն այնուհետև հետաքրքրվեց, թե արդյոք որոշման արդյունքում էներգետիկ համակարգում լրացուցիչ եկամուտներ են գեներացվելու: «Մենք, եթե չեմ սխալվում, օրենսդրությամբ արդեն ունե՞նք կարգավորած, թե այդ եկամուտները ոնց են բաշխվում ու ոնց են գեներացվում, ինչ է տեղի ունենում այդ եկամուտների հետ»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ասաց. «Իրականում հետևյալն է, օրենքը կա, օրենքը թույլ է տալիս Սևանի հավելյալ ջրառի պարագայում գեներացված գումարն ուղղել միայն ջրային համակարգի բարելավմանը: Այսինքն, առանձին դա կուտակվում է, ու մենք դա կարող ենք օգտագործել ջրային համակարգի բարելավման, Արփա-Սևանի բարելավման, ոռոգման համակարգի բարելավման համար: Եվ այս տարի կունենանք որոշակի գումարի գեներացիա և կուղղենք ըստ որոշման»:

«Իսկ նախկինում այդ նպատակով կուտակված գումարների վերաբերյալ ունե՞նք ինչ-որ զեկույց, հաշվետություն, թե ինչ հարցեր են լուծվել, ինչքա՞ն գումար է գեներացվել և ինչի՞ համար է ծախսվել այդ գումարը»,- հարցրեց ՀՀ վարչապետը:

ՏԿԵ նախարարը պատասխանեց. «Ես ամբողջական պատասխանը չունեմ, բայց Ֆինանսների նախարարությունում կա արտաբյուջետային ֆոնդ, այդ գումարները հավաքվում են այդտեղ, և դրված է հստակ նպատակ, թե ինչի վրա պետք է ծախսվեն: Ուզում եմ թեմայի հետ կապված մի լրացում էլ անել: Մենք փորձելու ենք Ռանչպարի և Մխչյանի պոմպակայանները մեծ հզորությամբ աշխատացնել, և այդ կերպ բացը լրացնենք, որ հնարավորինս քիչ Սևանից ջուր վերցնենք»:

ՀՀ վարչապետի հարցին ի պատասխան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց. «Ուզում եմ տեղեկացնել, որ նման պրակտիկա ունեցել ենք, որ եթե Սևանից լրացուցիչ ջուր է բաց թողնվել, այդ գումարներն ուղղվել են ջրային համակարգի, ոռոգման համակարգի ներդրումների իրականացմանը: Բայց եթե ուզում ենք այս անգամ էլ լրացուցիչ ջուրը բաց թողնելուց հետո էլ այդ գումարները գեներացվեն ոռոգման համակարգում, պիտի նախ օրենքում դրա մասին գրենք, և երկրորդը,  կառավարության որոշմամբ պետք է համապատասխան կարգը տանք, թե դա ոնց է ձևավորվելու, որովհետև այն ժամանակ այդպես է եղել: Եթե ուղղակի ծավալն ավելացնենք, ուղղակի ջուրը բաց թողնենք, այսօրվա գործող իրավակարգավորումներով Սևան-Հրազդան կասկադում արտադրվելու է լրացուցիչ էլեկտրաէներգիա, որը հավելյալ եկամուտներ է ստեղծելու Հայաստանի էլեկտրական ցանցերում: Հաջորդ սակագների վերանայման ժամանակ վերադարձնելու ենք սպառողներին: Այդ գումարը չի գեներացվի ոռոգման համակարգում, եթե օրենքում հավելյալ չգրենք դրա մասին»: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Նախ, ես կարծում եմ, որ արժե ստուգել, թե նախկինում այս նպատակով կուտակված գումարները ինչպես են ծախսվել: Թող Պետական վերահսկողության ծառայությունը զբաղվի դրանով: Ստուգում արեք և զեկուցեք, թե քանի անգամ է այս կարգի որոշում կայացվել, և ինչպես են այդ գումարները բաշխվել: Եվ այս նրբությունը պարոն Բաղրամյան, եթե մենք ուզում ենք գումարը կոնկրետ նպատակային օգտագործվի ոռոգման համակարգի կամ ջրային համակարգի բարելավման վրա, պիտի դա օրենքում հատուկ գրենք, եթե ոչ, այդ գումարները գեներացվելու են ցանցում, և սակագների հետագա վերանայման ընթացքում, այսինքն, սա հաշվի է առնվելու ի շահ սպառողների: Այսինքն, սա է մեր ընտրությունը: Այստեղ երևի քաղաքական ընտրության հարց էլ կա: Եվ ահա նաև այն հարցի պատասխանը, որ երբ ամսի 2-ից հետո պատշաճ այս հարցերը քննարկվեին, մենք հիմա կառավարության նիստում այս հարցերը քննարկելու անհրաժեշտություն չէինք ունենա: Հետևաբար, այս հարցում պետք է կողմնորոշվենք, թե ինչ ենք անում, որպեսզի համապատասխան լրացումով այդ հարցը.... Շատ լավ:

Այլ հարցեր, դիտարկումներ: Ովքեր են դեմ որոշման ընդունմանը: Դեմ չկա, որոշումն ընդունվեց»: 

Ըստ էության, որոշումն ընդունվեց հապճեպ, առանց պատշաճ քննարկումների: Ու էլի Արարարտյան դաշտի ոռոգման ջրի խնդրի բեռը դրվեց Սևանա լճի վրա, որն՝ ինքն, օգնության կարիք ունի:  

Դեռ 2021թ. հուլիսի 22-ին ՀՀ կառավարության 1201-Ա որոշման հիմնավորումից պարզ դարձավ, որ մենք առաջընթաց չունենք Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների գերշահագործման կանխարգելման հարցում: Ինչպես 4-5 տարի առաջ, այնպես էլ այսօր, ըստ պաշտանական տեղեկատվության, Արարատյան դաշտի արտեզյան ավազանից պոմպերի միջոցով դուրս է մղվում 1,6 միլիարդ խմ ջուր թույլատրելի 1.1 միլիարդի փոխարեն: Այդ ջրից 809 միլիոն խմ-ն լցվում է դրենաժային համակարգ և հոսում երկրից դուրս՝ խաթարելով նաև դրենաժային համակարգերի աշխատանքը: Մինչդեռ Արարատյան դաշտի բնակչի չորացող դաշտերը մնացել են առանց ջուր՝ հույսները Սևանից 170 միլիոն խմ ջուրն է, որն էլ լիովին տեղ չի հասնում ոռոգման համակարգի ջրակորուստների պատճառով: Այդ ջրակորուստները նվազագույնի հասցնելու, Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու փոխարեն 2017 թվականին լճից շուրջ 100 միլիոն խմ և 2018 թ-ին՝ 40 միլիոն խմ հավելյալ ջրառի արդյունքում Սևան-Հրազդան հիդրոկասկադում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած հասույթի համապատասխանաբար 1,6 միլիարդ 481 միլիոն դրամից 1,4 միլիարդ դրամն ուղղվել է SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների ձեռքբերման և օգտագործման վրա: Այս մասին ԷկոԼուրի 2019թ. հարցմանն ի պատասխան հայտնել են ՏԿԵՆ-ից: 

Կառավարության նիստում ներկայացված օրենքի նախագծում ևս հավելյալ էլեկտրաէներգիայի արտադրության մասով հոդված է նշված, որին ՀՀ կառավարության անդամները, կարծես, քաջածանոթ չէին: Գումարները պետք է ուղղվեն Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումների իրականացմանը:

Օգոստոս 06, 2021 at 17:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր