Ինչ աշխատանքներ են կատարվել ջրային և անտառային ոլորտներում վերջին մեկ տարում, ներկայացնում է ՇՄՆ-ն

Ինչ աշխատանքներ են կատարվել ջրային և անտառային ոլորտներում վերջին մեկ տարում, ներկայացնում է ՇՄՆ-ն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (ՇՄՆ) սկսել է հրապարկումների շարք՝ նվիրված ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին: Արդեն իսկ հրապարկվել են ջրային և անտառային ոլորտներին նվիրված աշխատանքների մասին հաղորդագրությունները: Ստորև ներկայացնում ենք այդ հաղորդագրությունները:

Ջրային ոլորտ

• մշակվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթը, ինչի ընդունումը կնպաստի Ջրի շրջանակային դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը, ինչպես նաև կնպաստի ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման իրավակարգավորմանը 

• շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի «Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանելու մասին» N 335-Ն հրամանով սահմանվել են ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական և ջրաքիմիական պահպանության պահանջներ 

• Կառավարության կողմից 2021 թվականի ապրիլի 8-ին հաստատվել է «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում՝ նախատեսված Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» N 488-Ն որոշումը, որով սահմանվել է ՓՀԷԿ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկը

• Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքին առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը», որը միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը

• 2021 թվականի մայիսի 26-ին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-219-Ն օրենք, որով տարափային (հեղեղային) ջրահեռացման և (կամ) ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային (հեղեղային) և ցամաքուրդային (դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային (հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և (կամ) ցամաքուրդային (դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաև լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունն ապահովելու, Սևանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար սահմանվել է վարչական պատասխանատվություն

• շրջակա միջավայրի նախարարի 2021 թվականի հունիսի 30-ի «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 233-Ն հրամանով սահմանվել են ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներ

• ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ջրային ռեսուրսների մոնիթորինգի և գնահատման պահանջներին համապատասխան «ԵՄ Ջրային նախաձեռնություն+» ծրագրի շրջանակում 2020 թվականի հունիսից իրականացվում է մակերևութային ջրերի հիդրոկենսաբանական մոնիթորինգ` Արփա, Որոտան, Դեբեդ գետերի ավազաններում (մինչ այժմ ջրի որակը գնահատվում էր կիրառելով միայն ֆիզիկաքիմիական ցուցանիշները) 

• Հայաստանում փաստացի գործող 47 հիդրոօդերևութաբանական կայաններից` Երևանում և ՀՀ վեց՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի և Արարատի մարզերում, ՄԱԶԾ օժանդակությամբ արդիականացվել են 23-ը` ավտոմատ օդերևութաբանական գերժամանակակից կայանների ներդրմամբ

• զննությունների արդյունքում ջրօգտագործողների մոտ հայտնաբերվել են անհամապատասխանություններ, 45 խախտման վերաբերյալ միջնորդագիր է ուղարկվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տրամադրվել է 183 ջրօգտագործման թույլտվություն։Երկարաձգվել է 207 ջրօգտագործման թույլտվություն։Վերաձևակերպվել է 21 ջրօգտագործման թույլտվություն։ Մերժվել է 48 ջրօգտագործման թույլտվության ստացման հայտ։

Նախարար Պետրոսյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ներկայացրել 2021 թվականի ապրիլի 27-ից ապրիլի 29-ը ներառյալ Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծական տնտեսությունում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Նախարարը խնդրել է գլխավոր դատախազին քննության առարկա դարձնել անբարեխիղճ տնտեսվարողների վարքը, ընդերքին ու պետությանն հասցված վնասի հաշվարկ կատարել և գործընթացին իրավական լուծում տալ։

Անտառային ոլորտ 

•  «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-2021թթ-ին Հայաստանի տարածքում տնկվել է 702280 ծառ

• պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2020թ. աշնանը Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացվել են 372 հա անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ, որից ցանք և տնկում՝ 113 հա, բնական վերաճի օժանդակում՝ 159 հա և կոճղաշիվային վերաճի օժանդակում՝ 100 հա    

•  հիմնադրվել է տնկարան 4.8 հա, ինչպես նաև աճեցվել է շուրջ 160000 փակ արմատային համակարգով տնկանյութ

• 2021 թվականի ընթացքում 20-70.000 դրամով բարձրացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը

• 2020 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը անտառամերձ համայնքների բնակչությանն անվճար տրամադրվել է շուրջ 68000 պահեստային խմ թափուկ վառելափայտ

• «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում Լիտվայի Հանրապետությունը շուրջ 10 հազար կեչու ծառ է նվիրաբերել Հայաստանին։ Լիտվական անտառը հիմնվել է Լոռու մազում՝ Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում

• մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծերի փաթեթը, որով ներդրվել են անտառների կամ անտառային հողերի օգտագործման համար դիմող անձանց դիմումների քննարկման նոր ընթացակարգային մոտեցումներ և փոխվել է վարձավճարների սահմանման կարգը

• պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2020-2021 թվականների ընթացքում մշակվել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի, Սևքարի և Ճամբարակի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառկառավարման պլանները, որոնք ներկայումս գտնվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլում

• ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում 2020 թվականի աշնանը կատարվել են 750 հա անտառվերականգնման աշխատանքներ

• 2021 թվականին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի և Հրազդանի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի 5533 հա անտառներում վնասատուների և հիվանդությունների դեմ կատարվել են ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ

• ի շարունակություն 2020 թվականին իրականացված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և շրջակա միջավայրի նախարարության կողմից համատեղ իրականացվել է «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը, որի շրջանակներում 2021 թ.-ի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Արգիճի, Մասրիկ, Գավառագետ գետերի ափամերձ հատվածներում տնկվել է 520,000 ուռենու կտրոն

• 2020 թվականին ՄԱԶԾ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համար ձեռք են բերվել խոտհնձիչներ, բենզինային սղոցներ և բենզինային կուլտիվատորներ

• «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին տրամադրվել են խոտհնձիչ, հողաֆրեզ և գութան:

Օգոստոս 24, 2021 at 18:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր