

Արմավիրի մարզի Արտամետ համայնքի վարչական տարածքում գտնվող ընկերությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվել է ապօրինի արդյունահանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքից:
Պարզվել է, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Վ.Գ.-ի կողմից Արտամետ համայնքի տարածքում գտնվող ընկերությանը պատկանող մոտ 8 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքում օգտակար հանածոյի արդյունահանման գործունեությունը կազմակերպվել է առանց ընդերքօգտագործման իրավունքի և առանց հարկային մարմիններում հաշվառում ունենալու:
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տեղամասից տեղահանվել է շուրջ 63 հազար խ/մ լեռնային զանգված, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 159 միլիոն դրամ: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի մասով կազմվել է արձանագրություն, որի համաձայն հարուցվել է վարչական վարույթ: Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դեկտեմբեր 14, 2021 at 15:28
