«Կյանքի պուրակ» նախագծի շրջանակներում Երևանի բուսաբանական այգին ոռոգման նոր ցանց կունենա

«Կյանքի պուրակ» նախագծի շրջանակներում Երևանի բուսաբանական այգին ոռոգման նոր ցանց կունենա

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգին ոռոգման նոր ցանց կունենա: Այն կկառուցվի այգու տարածքում «Կյանքի պուրակ» նախագծի իրականացման շրջանակներում: Այս կապակցությամբ օգոստոսի 4-ին ՀՀ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

Որոշման նախագիծը ներկայացնելով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն, դիմելով ՀՀ վարչապետին, ասաց. «Հուլիսի 18-ին Ձեզ մոտ տեղի ունեցավ «Կյանքի պուրակի» նախագծի քննարկումը, որտեղ, ի թիվս մի շարք հանձնարարականների, հանձնարարական եղավ ոչ միայն «Կյանքի պուրակի» 35 հա ընդգրկող տարածքը, այլև ամբողջ Բուսաբանական այգու 80 հա տարածքը ապահովել ոռոգման համար անհրաժեշտ ջրով: Այդ հանձնարարականի շրջանակներում հիմա բերել ենք նախագիծ, որով առաջարկվում է ջրագիծն անցկացնել մինչև Բուսաբանական այգի, որով արդեն 2-րդ փուլում արդեն ամբողջ Բուսաբանական այգու տարածքում կանցկացվի համապատասխան ցանց և կապահովի ջրով: Մոտ 1,5 կմ երկրարությամբ ջրագծի մասին է խոսքը, որը Սարկավագի փողոցից պետք է սկսվի և հասնի Բուսաբանական այգի: Ամբողջ ծրագրի արժեքը 245 միլիոն դրամ է: Քանի որ նախագծով նախատեսված է 200 օր իրականացման համար, մենք քննարկումների արդյունքում հանգել ենք նրան, որ հիմա կարելի է կեսը պլանավորել այս տարվա համար, …Բյուջեից գումար տրամադրելու կարիք չկա: Ոռոգման ցանցի առողջացման ծրագիր ունենք, որտեղ որոշակի խնայված գումարներ կան, և այս տարի 122 միլիոն դրամ այդ ծրագրին կուղղենք»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  այս առնչությամբ, մասնավորապես ասաց. «Երբ տարածք էինք փնտում «Կյանքի պուրակի» համար, մեզ ասվեց, որ Բուսաբանական այգում մոտ 30 հա ամայի տարածք կա, որը չորացել է ժամանակի ընթացքում չխնամվելու բերումով: Հետո քննարկումների արդյունքում պարզվեց, որ իրականում ամբողջ Բուսաբանական այգին է, կամ մեծ մասն է այդ վիճակում, ինչը մեզ համար անակնկալ էր: Եվ մենք հասկացանք, որ իրականում, «Կյանքի պուրակի» գաղափարն օգտագործելով, պետք է վերակենդանացնենք ամբողջ Բուսաբանական այգին և ծրագրի մասշտաբներն ընդլայնենք: …Երբ ծրագիրն իրականացնենք, նա Երևանի համար շատ մեծ էկոլոգիական նշանակություն կունենա, և համայնքային կյանքի կազմակերպման համար շատ մեծ նշանակություն կունենա և մեր նահատակների, ընկած զինվորների, եղբայրների, սպաների հիշատակի ընդգծման մի նոր մեթոդ կդառնա»:

Օգոստոս 04, 2022 at 15:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր