

2022թ. սեպտեմբերի 13-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նախագահող Հայաստանի Հանրապետության նախաձենությամբ տեսակոնֆերանսի միջոցով տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին հատվածներում իրավիճակի սրման և իրավիճակի հանգուցալուծմանն օժանդակելու մասին» օրակարգով: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքից: Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը:
Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին, նշել, որ 2022թ. սեպտեմբերի 13-ի կեսգիշերից սկսած տեղի են ունեցել բախումներ ծանր սպառազինության և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Հանդիպման մասնակիցներն իրենց ցավակցությունն են հայտնել հայկական կողմին։
Տեղի է ունեցել կարծքիների հանգամանալից և անկեղծ փոխանակում։ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի բոլոր մասնակիցները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ և հանդես են եկել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով դրա կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի և պարտավորությունների ընդհանուր ճանաչված սկզբունքների և 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում ամրագրված համաձայնագրերի հիման վրա։ Տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը լիակատար աջակցություն են ստացել։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին՝ ուղղված ստեղծված լարվածության թուլացմանը։
Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետություն ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելությանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի և ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ միասին՝ գնահատելու ստեղծված իրավիճակը, Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում (որը նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը՝ Երևանում) երկրների ղեկավարների կողմից տարածաշրջանի իրավիճակի մասին մանրամասն զեկույց պատրաստելու և առաջացած լարվածության թուլացման առաջարկների մշակման համար:
Համաձայնեցվել է նաև Քարտուղարության աշխատակազմից և Միացյալ շտաբի զինվորականներից աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական մոնիտորինգի նպատակով։
Սեպտեմբեր 14, 2022 at 17:20
