

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Վաղարշապատում 13 ապօրինի խորքային հորի շահագործում է կասեցրել։
Ապօրինի ջրառի դեպքերը տեսչական մարմինն արձանագրել է Վաղարշապատ համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկում կատարած ստուգման ընթացքում։
Համայնքի հրապարակների, այգիների, փողոցների, դպրոցների, կանաչ տարածքների ոռոգման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման ընթացքում, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, շահագործվել է 13 ապօրինի խորքային հոր։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։ Հիմնարկի տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով։
Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Դեկտեմբեր 20, 2024 at 17:48