

Հանրային քննարկման է ներկայացվել «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագիծը տեղադրվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծերի փաթեթը նպատակ ունի Հայաստանում ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության ինստիտուտը, որը նախատեսում է արտադրողների և ներմուծողների կողմից որոշ ապրանքատեսակների (ԱԸՊ ապրանքներ) առաջացրած հատուկ թափոնների պատշաճ ու անվտանգ կառավարման համակարգերի ստեղծում և արդյունավետ գործունեության ապահովում։
Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է ստեղծել Արտադրողի պատասխանատվության կազմակերպություններ (ԱՊԿ), որոնք կապահովեն ֆինանսական միջոցների հավաքագրման արդյունավետ և ինքնածախսածածկող տնտեսական մոդել, կկարգավորեն իրենց փոխհարաբերությունները արտադրողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այս կազմակերպությունները գործելու են բնապահպանական, ֆինանսական, իրավական և տեղեկատվական գործիքակազմերի կիրառմամբ։
Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ապահովելու հատուկ թափոնների պարտադիր գործածությունն էկոլոգիապես անվտանգ եղանակներով։ Այդպիսի եղանակներ են հատուկ թափոնների տեսակավորված հավաքը (առաջնային տեսակավորում սկզբնաղբյուրում), երկրորդային տեսակավորումը (առաջնային տեսակավորում անցած թափոնի գործարանային տեսակավորում), փոխադրումը, պահումը, տեղադրումը, կրկնակի օգտագործումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, հեռացումը և վնասազերծումը, որոնք ունեն նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի, մարդու առողջության և կլիմայի վրա։
ԱԸՊ համակարգի ներդրման շնորհիվ Հայաստանում թափոնների առանձին տեսակների կրկնօգտագործման, օգտահանման և վերամշակման արդյունքում կնվազեցվի աղբավայրերում տեղադրվող աղբի ծավալը։

Նախագիծը նպատակ ունի ապահովելու Հայաստանում թափոնների կառավարման ոլորտում ԵՄ օրենսդրության մոտարկումը՝ մասնավորապես Եվրոպական Միության համապատասխան դիրեկտիվներին շրջանակներում առաջարկվող ԱԸՊ կարգավորումներին, մոդելներին, թափոնների նոր դասակարգումներին համապատասխանության ապահովումը։
Ըստ հրապարակված փաստաթղթի՝ ՀՀ-ում ԱԸՊ ապրանքների (արտադրանքի) իրացման, սպառման կամ օգտագործման արդյունքում առաջացող թափոնների ծավալները անընդհատ աճում են, և դրանց հիմնական մասը (առնվազն 98%) տեղափոխվում է երկրի ոչ սանիտարական աղբավայրեր․ արդյունավետ տնտեսական խթանների ու ինստիտուցիոնալ մեխանիզմի բացակայության պայմաններում հատուկ թափոնները վերամշակվում կամ օգտահանվում են միայն փոքր ծավալով (վերամշակելի թափոնների ողջ ծավալի ոչ ավելի, քան 10%-ը՝ համաձայն փորձագիտական ուսումնասիրությունների տվյալների)։ Արդյունքում, ավելանում են աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալները, ինչն իր հերթին հանգեցնում է վերամշակման ենթակա թափոնների, օրինակ՝ ապակու, թղթի, պլաստիկի, մետաղյա տարաների և փաթեթավորման (օրինակ՝ շշեր, տուփեր և այլն)՝ որպես երկրորդային հումքի տնտեսական արժեքի կորստի։ Ավելին, խառնվելով չտեսակավորված կենցաղային թափոնների հետ և աղտոտվելով սննդի մնացորդներով, կենցաղում օգտագործվող քիմիական, այդ թվում՝ թունավոր նյութերով, թափոնները հանրային առողջության և շրջակա միջավայրի համար դառնում են վտանգավոր։ Աղբավայրերից բացի, թափոնները հայտնվում են բնական միջավայրում և բացասական ազդեցություն ունենում շրջակա միջավայրի, մարդու առողջության և կլիմայի վրա։

Ըստ նախագծի հիմնավորման՝ Հայաստանի տարածքում 2025թ․ դրությամբ գործում է պլաստիկ թափոններ վերամշակող 5 ընկերություն, թղթե թափոններ վերամշակող առնվազն 9 ընկերություն, ապակյա թափոններ վերմշակող 1 խոշոր ընկերություն, մետաղյա թափոններ վերմշակող առնվազն 5 ընկերություն, օգտագործված ավտոմոբիլային, անվադողեր, յուղեր, ֆիլտրեր և այլ վտանգավոր թափոններ վերմշակող 1 ընկերություն, բժշկական վտանգավոր թափոններ ոչնչացնող առնվազն 3 ընկերություն և այլ տեսակի վտանգավոր թափոնների գործածությամբ զբաղվող առնվազն 3 ընկերություն։
2024թ․ նոյեմբերին Հայաստանում ստեղծվել է Վերամշակողների միություն, որի նպատակներն են թափոնների կառավարման ոլորտում օրենսդրական փոփոխությունների, պետական քաղաքականության և ներդրումային ծրագրերի շուրջ Միության անդամների իրազեկումը, աջակցությունը և կարծիքների ներկայացումը համապատասխան պետական մարմիններին, թափոնների կառավարման ոլորտում առաջադեմ փորձի, տեխնոլոգիաների, սարքավորումների և ավտոմատացված տեղեկատվական համակարգերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, տարածումը և կիրառման խթանումը։
2025թ․ արդեն երեք ընկերությունների նախաձեռնությամբ ՀՀ-ում հիմնադրվել է առաջին պաշտոնապես գրանցված ԱՊԿ (Արտադրողների պատասխանատվության կազմակերպություն) հիմնադրամը, որը համագործակցում է Հրազդանի համայնքապետարանի և ոլորտային պետական գերատեսչությունների հետ։ Ընկերություններն իրենց կողմից կատարել են ընդհանուր առմամբ շուրջ 300,000 եվրոյի համարժեք ներդրում՝ եռամյա կտրվածքով ԱՊԿ գործունեություն իրականացնելու համար։
Նախագծով նաև նախնական հաշվարկներ են արվել, թե ԱԸՊ համակարգի ներդրումն ինչպես կանդրադառնա պետության տնտեսական վիճակի վրա։ «ԱԸՊ համակարգի ներդրումը կարող է էականորեն բարձրացնել ինչպես պետական եկամուտները, այնպես էլ խթանել թափոնների վերամշակման, մասնավոր ներդրումների և աշխատատեղերի ստեղծման գործընթացները։ Մասնավորապես, ակնկալվում է, որ մեկ տոննայի հաշվով պետական եկամուտը կկազմի 127,092 դրամ մարտկոցների, 22,946 դրամ էլեկտրական և էլեկտրոնային սարքավորւմների թափոնների, 5,179 ՀՀ դրամ փաթեթավորման և փաթեթվածքի թափոնների, և 51,222 դրամ անվադողերի դեպքում։ Թափոնների ողջ ծավալը վերամշակվելու պարագայում տարեկան հարկային եկամուտը կկազմի ավելի քան 2.4 միլիարդ դրամ մարտկոցներից, 458 միլիոն դրամ փաթեթավորումից, 968 միլիոն դրամ անվադողերից, և 40 միլիոն դրամ էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների թափոններից։ Բացի ֆինանսական ազդեցությունից, համակարգը կնպաստի կանաչ աշխատատեղերի ստեղծմանը՝ ընդհանուր առմամբ՝ մոտ 450 նոր աշխատատեղ, որից 347-ը միայն փաթեթավորման և փաթեթվածքի գործածության ապահովման ոլորտում»,- նշված է փաստաթղթում։
Նշենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող քառամյա ծրագրի օժանդակությամբ, որն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից:
Հուլիս 02, 2025 at 16:20
