

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել Սևանա լճից 30 միլիոն խմ հավելյալ ջրառ իրականացնելու օրինագիծ, որը Ազգային ժողովը սույն թվականի սեպտեմբերի 12-ի արտահերթ նիստում ընդունել է միանգամից առաջին, երկրորդ ընթերցումներով և ամբողջությամբ։ Այսպիսով, Սևանա լճից ընդհանուր ջրառը կազմել է 200 միլիոն խմ։ Հավելյալ ջրառը նախատեսված էր վերցնել մինչև հոկտեմբերի 1-ը։
Օրինագիծը չի շրջանառվել ո՛չ ՀՀ կառավարության կայքում, ո՛չ էլ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am հարթակում։
Որպես արդեն ընդունված փաստաթուղթ՝ այն հասանելի է Ազգային ժողովի կայքում։
Ըստ փաստաթղթի՝ հավելյալ ջրառի արդյունքում կմեղմվի ջրի դեֆիցիտը․ կոռոգվեն Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքները։
Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում արտադրված լրացուցիչ էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը կուղղվի ՀՀ կառավարության սահմանած նպատակային ներդրումների իրականացմանը։
Նշենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը դադարեցրել է ամենօրյա կտրվածքով տվյալներ հրապարակել ջրամբարների լցվածության, ինչպես նաև Սևանա լճի մակարդակի, ներհոսքի և բացթողումների մասին։ ՊՈԱԿ-ի կայքում միայն որոնման համակարգով հնարավոր է գտնել Սևանա լճի հաշվեկշռի, ջրամբարների մասին տեղեկություններ։ Ամենաթարմ տեղեկատվությունը հրապարակվել է սույն թվականի սեպտեմբերի 7-ին, ըստ որի, լճի մակարդակը, երբ դեռ հավելյալ ջրառ չէր իրականացվում, կազմել է 1900․49 մ, ինչը 9 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից։
Նշենք, որ այս տարի Սևանա լիճը կրկին ծաղկեց կապտականաչ ջրիմուռներով։
Հոկտեմբեր 01, 2025 at 14:28