

2025թ․ նոյեմբերի 4-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տրվել ՀՀ ջրային օրենսգրքում և «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծին։
Նախագիծը քննարկման էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկել է փոփոխություն կատարել, որով տնտեսավարողը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) դրական եզրակացություն ունենա և չբախվի ջրօգտագործման թույլտվությունը մերժելու խնդրին: Համատեղ քննարկումների արդյունքում այդ լրամշակումները կատարվել են:
Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հիմնավորման՝ տնտեսավարողը մինչև ՇՄԱԳ փորձաքննություն անցնելը հնարավորություն կունենա նախագծային աշխատանքներ կատարելու համար դիմել և ստանալ ջրօգտագործման ժամանակավոր թույլտվություն (տեղեկանք) տվյալ տեղանքում օգտագործման ենթակա ջրի քանակի վերաբերյալ: Եվ միայն ՇՄԱԳ փորձաքննության ավարտից հետո այդ թույլտվությունն օրինական ուժ կստանա: Սա կբացառի այն դեպքերը, երբ տնտեսավարողն անցնի ՇՄԱԳ փորձաքննությունը` ծախսելով ռեսուրսներ և ժամանակ, որից հետո պարզվի, որ այդ աշխատանքն անիմաստ էր, քանի որ օգտագործվող ջրի հնարավոր քանակը բավարար չէ նախագծի իրականացման համար:
Պատգամավոր Բաբկեն Թունյանը նշել է, որ փոփոխությունները նպաստում են համակարգի ճկունությանը և տնտեսավարողների համար հասկանալի կանոնների սահմանմանը:
Նոյեմբեր 06, 2025 at 13:45
