ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊՈԱԿ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊՈԱԿ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Հունվարի 18-ին  տեղի ունեցավ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը` փոխվարչապետն անհրաժեշտ համարեց խորհրդի աշխատակարգի մշակումը` նշելով, որ դրանում պետք է հաշվի առնվեն խորհրդի կանոնադրությամբ նախատեսված լիազորությունները եւ գործառույթները: Նկատի ունենալով, որ հողի վարձակալության թույլտվությունները եւ պայմանագրերը, համաձայն կանոնադրության, հավանության պետք է արժանանան խորհրդի կողմից, խորհուրդը նիստերը կգումարի ըստ անհրաժեշտության:

Նիստում քննարկվեց եւ հաստատվեց «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2010թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Մասնավորապես անդրադարձ եղավ հողի վարձավճարներից համայնքին փոխանցվող գումարների չափին եւ ՊՈԱԿ-ի հարկային պարտավորությունների կատարմանը:

Ներկայացվեց նաեւ ՊՈԱԿ-ի 2011թ. բյուջեի նախագիծը: Ա. Գեւորգյանը հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարարությանը եւ ՊՈԱԿ-ին վերանայել այն` առաջարկելով փաստաթուղթը ձեւավորել հաշվի առնելով ՊՈԱԿ-ի բազային եկամուտների եւ իրավական ակտերից բխող ֆինանսական պարտավորությունների ողջ ծավալը, այդ թվում` ՊՈԱԿ-ի պարտավորությունները համայնքների նկատմամբ: Առաջարկվեց բյուջեի նախագծում միջոցներ նախատեսել նաեւ ինքնակամ շինությունների քանդման համար: Փաստաթղթի նախագիծը կներկայացվի խորհրդի հաջորդ նիստի քննարկմանը:

Խորհուրդը որոշեց դիմել ՀՀ ֆինանսների նախարարությանը` ՊՈԱԿ-ի վերջին տարիների ֆինանսական գործունեության վերաբերյալ աուդիտ իրականացնելու համար, եւ համոզմունք հայտնվեց, որ դրա արդյունքները հիմք կհանդիսանան ՊՈԱԿ-ի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Առաջարկվեց նաեւ, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ ՊՈԱԿ-ը մշակեն «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի զարգացման ծրագիր` հաշվի առնելով ՊՈԱԿ-ի լիազորություններից բխող վճարովի ծառայությունների տրամադրումը եւ նոր եկամուտների բացահայտումը:

Հունվար 18, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր