

ԷկոԼուր-ՀՀ կառավարության պաշտոնական կայք
Ապրիլի 3-ին Հայաստանը նշեց երկրաբանի օրը: Երկրի հանքարդյունաբերական ոլորտի մասնագետներին շնորհավորել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգարժան երկրաբաններ և երկրաբանության ոլորտի մասնագետներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` երկրաբանի օրվա առթիվ: Մեր երկրի զարգացումն ու առաջընթացն անհնար է պատկերացնել առանց ձեզնից յուրաքանչյուրի կատարած աշխատանքի, որը կարելի է համեմատել բնական հարստությունների համար բնության տարերքների դեմ յուրատեսակ պայքարի հետ: Հայաստանի տնտեսությունն այլ դիմագիծ կունենար առանց հանքարդյունաբերության, ընդերքի հումքային ու տնտեսական ներուժի բացահայտման:
Հայ երկրաբանների` խիզախ, նպատակաուղղված ու իրենց գործին նվիրված մարդկանց աշխատանքի շնորհիվ մեր երկիրն ունի հանքահումքային արդյունաբերության կայացած համալիր: Վստահ եմ, այսօր էլ ոլորտի զարգացման համար առանցքային են մասնագիտական որակները, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու ընդերքի արդյունավետ կառավարման մեխանիզմները: Դրանք կամրապնդեն արձանագրված հաջողություններն ու հանքարդյունաբերության և ընդհանրապես տնտեսության դինամիկ ու կայուն աճի հիմք կհանդիսանան»:
Կրկին շնորհավորում եմ երկրաբանի օրվա առթիվ, ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարին, իսկ ձեզ` առողջություն և նորանոր հաջողություններ:
Ապրիլ 05, 2011
