

News.am
Հայաստանի բնապահպանության նախարարության «Սեւան ազգային պարկի» տնօրեն Աշոտ Գնդոյանը չի հերքում, որ Սեւանա լճից ձկնագողություն է իրականացվում: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում` միաժամանակ հերքելով տեղեկություններն այն մասին, որ իրեն որպես «նալոգ» ձկնագողերից յուրաքանչյուրն ամիսը 30 հազար դրամ է վճարում: «Ես շատ ուրախ կըլնեի, որ Սեւանում էնքան ձուկ ըլներ, որ 300 ձկնորսական խումբ որսագողություն աներ ու ինձ էլ նալոգ կարողանային տալ: Դա նշանակում ա, որ Սեւանում յեսիմինչքան ձուկ պըտի ըլներ: Բայց, ցավոք սրտի, էդքան ձուկ չկա: Տա Աստված, որ Սեւանում էնքան ձուկ ըլնի, ինչքան որ ասում են»,-հայտարարեց Գնդոյանը:
Նա նշեց, որ եթե նման չափի «նալոգի» մասին է խոսվում, դա նշանակում է, որ որսագողերը ահռելի եկամուտ ունեն, ինչը հնարավոր է միայն մեծ քանակությամբ ձուկ որսալու դեպքում: Եւ բացի այդ, ըստ Գնդոյանի, եթե ամեն օր 300 ձկանագող ձուկ որսա լճից, ապա լճի ողջ ձկնային պաշարը կվերանա:
Գնդոյանի ներկայացմամբ` ձկնագողությունն իսպառ բացառել հնարավոր չէ եւ հավելեց, որ ձկնագողերի թիվը հազիվ 30-40 է, իսկ սիգի ու իշխանի ձկնագողերը «հատուկենտ են»: Հարցին, թե ինչո՞ւ չի կանխվում թեկուզ այդքան թվով որսագողերի ապօրինի գործողությունները` «Սեւան ազգային պարկի» տնօրենն արձագանքեց, թե «անհնարին ա կանխելը»: «Էդ մասին հարցրեք նաեւ ոստիկանսությանը: Բռնում էլ են, արձանագրություն էլ կազմում, ակտավորում էլ ենմ մի երկու հատ էլ քրեական գործ են բացել»,-հավաստիացրեց Գնդոյանը: Նա նաեւ հավելեց, որ լճից թույլատրվում է միայն խեցգետնի եւ կարասի որսը, իսկ սիգի ու իշխանի ձկնագողերը տուգնվում են: Ըստ այդմ` մեկ սիգը գնահատվում է 5000 դրամ եւ այդ գումարի չափով քառապատիկ տուգանք է սահմանվում: Իսկ իշխանի՞ դեպքում տուգանքն ինչքան է` հարցին Գնդոյանը արձագանքեց` քահ-քահ ծիծաղելով. «Վա~յ, իշխան բռնողը վաբշե կորած ա: 40-50 հազար դրամ ա տուգանքը»:
Նշենք, որ 2007-2010 թթ. ժամանակահատվածում Սեւանա լիճ է բաց թողնվել շուրջ 1 միլիոն հատ գեղարքունի եւ ամառային իշխանի մանրաձուկ: «Սեւանա լճի արդյունագործական ձկնատեսակների եւ խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ» ծրագրի շրջանակներում որոշում է կայացվել արգելել 2011 թ. Սեւանա լճում սիգի որսը: Ըստ այդ որոշման, խեցգետնի որսը սահմանափակվել է 210 տոննայով, իսկ կարասի որսն պետք է իրականացվի 70-80 տոննայի սահմաններում:
Բնապահպանների համոզմամբ, այս արգելքները արդյունք չեն տալիս, քանի որ կարասի որսի անվան տակ ձկնագողերը նաեւ սիգ են որսում:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, մոտ 300 ձկնորսական խմբեր կանոնավոր զբաղվում են ձկան եւ խեցգետնի որսով։ 2-3 հոգուց կազմված որսագողերի խմբերը 50-60 մետրանոց ձկնորսական ցանցեր են նետում լճի մեջ։ Արգելված որսի կանխումը պետք է իրականացնեն ոստիկանությունը եւ Սեւան ազգային պարկը, սակայն, ըստ մամուլի, այս երկուսն էլ աչք են փակում դրա վրա։ Ավելին, որս անելու համար ձկնագողերը «նալոգ» են վճարում՝ ամիսը 30 հազար դրամ։
Մայիս 13, 2011 at 12:38
