Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ

ԷկոԼուր-www.president.am

Նախագահ Սերժ Սարգսյանն հուլիսի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկա, որտեղ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը նախատեսում է նորարարական տեխնոլոգիայի ներդրմամբ Արարատի ոսկու արդյունահանման նոր՝ «Ալբիոն» ֆաբրիկայի կառուցումը, որը շահագործման կհանձնվի 2013թ.:

Մինչ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության գործունեության արդյունքներին և ֆաբրիկայի շինարարական նախագծերին ծանոթանալը, Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և արտադրական գործընթացին:

Նախագահ Սարգսյանին ներկայացվել է, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կողմից «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի ներդրումն ուղղված է ձեռնարկության արտադրական արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես՝ նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա զգալի չափով մեծացնել մետաղի կորզումը Սոթքի հանքավայրի դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից: Զեկուցվել է, որ արտադրության արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները համապատասխանում են միջազգային բնապահպանական չափանիշներին:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը և «Էքստրատա» ընկերության ներկայացուցիչ Մայք Հորնն ստորագրել են համաձայնագիր՝ «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի օգտագործման լիցենզիան Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկային տրամադրելու վերաբերյալ, այնուհետև տեղի է ունեցել նոր ֆաբրիկայի հիմնարկեքի արարողությունը:

Աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն Արարատի մարզպետարանում մարզպետ Էդիկ Բարսեղյանի և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ քննարկել է մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները:

Արարատի ոսկու կորզման գործարանի նոր արտադրամասի կառուցման ծրագիրը կարևոր է Հայաստանի համար. Տիգրան Դավթյան
Tert.am

Արարատի ոսկու կորզման գործարանի նոր արտադրամասի կառուցման ծրագիրն ունիկալ է և Հայաստանի համար նշանակալի։ Այս մասին հուլիսի 6-ին Արարատում ֆաբրիկայի հիմնարկեքի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ Նախարարը նշեց, որ ծրագիրը Հայաստանի էկոնոմիկայի, երկրի սոցիալական զարգացման համար ենթադրում է նախևառաջ աշխատատեղեր, արտադրության, ներմուծման և արտահանման ծավալների մեծացում և նաև պետական բյուջեի համար լրացուցիչ եկամուտներ։

«Շատ կարևոր է, որ այսպիսի ծրագրեր իրականացվում են Հայաստանի մարզերում, և սա ևս մեկ անգամ հաստատում է մարզերի տնտեսական համագործակցության զարգացման հստակ քաղաքականությունը։ Ուզում եմ նշել, որ այս ծրագիրը շատ կարևոր ներդրում է նաև երկրի ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման առումով, որովհետև ծրագրում ներառվելու են ինովացիոն լուծումներ։ Դա նաև արտադրության նոր կուլտուրա է, դա նաև արդյունաբերության կառավարման նոր մեթոդ է և մեր էկոնոմիկայի էական առաջխաղացում է նշանակում»,– ասաց Տիգրան Դավթյանը։

Նախարարը նշեց, որ լեռնահանքային արդյունաբերությունն ու մետալուրգիան եղել և մնում են Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը, և դրա վառ ապացույցը նախագահի մշտական աջակցությունը և նախաձեռնողականությունն է այս ոլորտում։

Հիշեցնենք, որ նոր ֆաբրիկայի կառուցման հիմնարկեքին մասնակցում էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ Իսկ հիմնաքարը տեղադրեցին էկոնոմիկայի նախարարն ու «Գեոպրոմայնինգ» ընկերության փոխտնօրենը։

Հուլիս 07, 2011 at 14:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր