

ԷկոԼուր
Հայաստանը պաշտոնական զեկույց է ներկայացրել Օրհուսի կոնվենցիայի կողմերի հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 1-ը Քիշինեւում: Զեկույցն ընթերցեց ՀՀ բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը: Նա մասնավորապես հայտարարեց. «Այս տարի լրանում է Օրհուսի կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 10 տարին, եւ այսօր մենք կարող ենք գնահատել անցած 10 տարվա ուղին, ձեռքբերումները, հայտնաբերված խնդիրները եւ նրա իրականացման հարցում փորձի փոխանակումը:
... Կոնվենցիայի իրականացման ուղղությամբ երկրում էական աշխատանք է կատարվել: Հայաստանում 2002թ-ից գործում են հասարակական, Էկոլոգիական տեղեկատվության կենտրոններ` Օրհուս կենտրոններ:
Այսօր մենք ունենք 15 Օրհուս կենտրոններ մայրաքաղաքում եւ մարզերում, որոնք ստեղծվել են ՀՀ բնապահպանության նախարարության, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի եւ տարածքային կառավարման մարմինների կառուցողական համագործակցության շնորհիվ:
Ցանկանում եմ հատուկ կանգ առնել Օրհուսի կոնվենցիայի 6-րդ հոդվածի դրույթի վրա, դա գործունեության ստույգ տեսակների վերաբերյալ որոշումների ընդունմանը հասարակայնության մասնակցությունն է: Այդ հոդվածի դրույթը միանգամայն համապատասխանում է ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի դրույթներին: Հայաստանը 1997թ-ից Էսպո կոնվենցիայի կողմ է: 1995թ-ից երկրում գործում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը: 1995թ. ընդունված տվյալ օրենքն ամբողջությամբ չէր համապատասխանում 1995թ-ից հետո վավերացված միջազգային կոնվենցիային, մասնավորապես նրանում բավարար չափով լուսաբանված չէին հասարակության մասնակցության մեխանիզմները եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության անդրսահմանային գնահատականի հարցերը: Հայաստանի խնդրանքով Էսպո կոնվենցիայի քարտուղարությունը մեզ աջակցեց համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործման հարցում: Մշակված ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն` հավանություն ստանալու համար:
2001թ-ից սկսած` Հայաստանում անցկացվում են օրենքների նախագծերի, խոշոր պլանների եւ ծրագրերի հասարակական լսումներ: Բնապահպանության նախարարության եւ այլ շահագրգիռ գերատեսչությունների, Օրհուս կենտրոնների կաքերում տեղադրվում է առկա էկոլոգիական տեղեկատվությունը, ծրագրվող գործողությունների մասին տեղեկատվությունը եւ հասարակական լսումների անցկացման ժամկետների մասին տեղեկատվությունը:
…Այն դրականի կողքին, որին մենք հասանք Օրհուսի կոնվենցիայի իրականացման շրջանակներում, մենք, այնուամենայնիվ, դեռ որոշակի դժվարություններ ունենք: Հայաստանը` որպես Կողմ, ակտիվ համագործակցում է Կոնվենցիայի քարտուղարության հետ, ինչպես նաեւ Համապատասխանության կոմիտեի հետ, որը դիտարկում է հասարակության դիմումները: Եւ դա մենք բարձր ենք գնահատում: Այն փաստը, որ հասարակայնությունը դիմում է Համապատասխանության կոմիտե, վկայում է նրա տեղեկացվածության մասին Օրհուսի կոնվենցիայից եւ այն հնարավորություններից, որոնք կոնվենցիան տալիս է որոշումների ընդունմանը հասարակայնության մասնակցության եւ հասարակական վերահսկողության իրականացման համար, իսկ ընդհանուր առմամբ վկայում է երկրում քաղաքացիական հասարակության կայացման մասին: Դրա հետ մեկտեղ ցանկանում եմ նշել, որ պետական եւ հասարակական սեկտորների գործընկերությունը այնքան ավելի արդյունավետ կլինի, որքան որ կողմերի դիրքորոշումն ավելի կառուցողական կլինի»:
Նստաշրջանի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները.
- Համապատասխանության հարցերով կոմիտեի ամփոփիչ զեկույց` Կոնվենցիայի իրականացման ընթացքի վերաբերյալ
- Կոնվենցիայի ու դրա լրացումների վավերացման ընթացք
- Տեղեկատվության մատչելիությունը, այդ թվում տեղեկատվություն էլեկտրոնային կապի միջոցներով
- Արդարադատության մատչելիություն
- Որոշումների կայացման գործընթացին հասարակայնության մասնակցություն
- Միջազգային ֆորումներին հասարակայնության մասնակցություն
- Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում 2009-2011թթ. աշխատանքային ծրագրի և 2009-2014թթ. ռազմավարական պլանի իրականացում
- Կենսաբանական անվտանգության, մասնավորապես գենետիկորեն վերափոխված օրգանիզմների վերաբերյալ հասարակայնության իրազեկվածության մակարդակի բարձրացում:
Լուսանկարը` www.iisd.ca կայքի
Հուլիս 25, 2011 at 13:32
