Միջազգային եւ հասարակական կազմակերպություններն իրենց ցավակցությունն են հայտնում «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանին` դստեր` Եղիսաբեթ Դանիելյանի անժամանակ մահվան կապակցությամբ

Միջազգային եւ հասարակական կազմակերպություններն իրենց ցավակցությունն են հայտնում «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանին` դստեր` Եղիսաբեթ Դանիելյանի անժամանակ մահվան կապակցությամբ

ԷկոԼուր

«ԿՕԱ-ների (Կայուն օրգանական աղտոտիչներ) ոչնչացման միջազգային ցանց»-ի, «Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի» (WECF) կազմակերպության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի անդամներն իրենց ցավակցությունն են հայտնում «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանին` դստեր` Եղիսաբեթ Դանիելյանի անժամանակ մահվան կապակցությամբ, ով գլխավորում էր Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակը:

«Ես և «Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի» (WECF) կազմակերպության մյուս անդամները ճանաչում էինք և հիանում Դանիելյան Եղիսաբեթով դեռ 2000թ-ից, երբ առաջին անգամ հանդիպեցինք նրան, ինչպես նաև այն տարիների ընթացքում, երբ միավորում էինք մեր ուժերը «ԿՕԱ-ների ոչնչացման միջազգային ցանցի» (IPEN) հետ` հանուն ԿՕԱ-ների մասին համաձայնագրի պաշտպանության:

Կուզենայի նրա մասին իմ հուշերով կիսվել բոլորիդ հետ:

Եղիսաբեթը մեր անչափ սիրելի բարեկամն էր ու գործընկերը: Մենք նրան հանդիպեցինք, երբ նա դեռ երիտասարդ բժիշկ էր և մասնակցում էր Ձեր կազմակերպության նախաձեռնած` առողջության վրա քիմիական նյութերի ազդեցության վերաբերյալ առաջին նախագծերին և, դրան զուգահեռ, դասավանդում էր համալսարանում: Հետագայում նա դարձավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարը, որի պաշտոնում նա ցուցաբերեց նվիրվածություն և խիզախություն` մատնանշելով ժամանակակից մի շարք հիվանդությունների պատճառ հանդիսացող էկոլոգիական խնդիրները և առողջության համար վտանգավոր ռիսկերի կանխարգելման ուղիները:

Ինձ հիացմունք էր պատճառում նրա խոսքի ուժը, խիզախությունն ու դիվանագիտական հմտությունը, որը նա դրևորում էր այդչափ պատասխանատու և հաճախ դժվարին պաշտոն զբաղեցնելու տարիներին:

Եղիսաբեթը սիրասուն մայր էր և ընտանիքի անդամ: Օժտված էր երաժշտական մեծ տաղանդով, և նրա անչափ գեղեցիկ սոպրանոն կարող էր ապահովել նրա համար օպերային երգչուհու կարիերա: Նրա կյանքում եղել է մի պահ, երբ նա կանգնել է իր ապագայի համար դժվար ընտրության առջև: Տարբեր առիթներով նրա հայերեն երգերի գեղեցիկ կատարումն անչափ հուզել է մեր սրտերը:

Նա մեծ ինտելեկտի տեր մարդ էր, շատ բարյացկամ ու պարզ հաղորդակցման մեջ: Եղիսաբեթի վճռականությունը և խիզախությունը դեռ երկար ժամանակ կոգևորի մեզ: Նրա խիզախությունը տեղի չտվեց նաև հիվանդության ժամանակ, որը, սակայն, դժբախտաբար, ճակատագրական վախճան ունեցավ նրա համար:

Նա կյանքին հրաժեշտ տվեց չափազանց երիտասարդ տարիքում` իր որդու, ծնողների և ընտանիքի, իր գործընկերների և մեր կարոտը սրտում:

Մենք կիսում ենք նրան սիրող անձանց վիշտը:

WECF-ը և մեր գործընկերները, առողջապահական և բնապահպանական ՀԿ-ներն ու կանանց կազմակերպությունները հետայսու առավել մեծ նվիրվածությամբ կշարունակեն պայքարել էկոլոգիական այն խնդիրների դեմ, որոնք  պատճառ են դառնում կրծքի քաղցկեղի և այլ քաղցկեղային հիվանդությունների առաջացման և շարունակում են կործանել մարդկային կյանքերը: Մենք փորձագետ գիտնականների հետ պետք է շարունակենք ներկայացնել առողջության և քիմիական աղտոտվածության ու ճառագայթման միջև գոյություն ունեցող կապերը և քարոզարշավ ծավալենք` կանխարգելիչ իրավական միջոցառումների համար:

Թող որ Եղիսաբեթի մասին հիշողությունը միշտ ուղեկցի և ոգևորի մեզ այս աշխատանքում:

Մարի Կրանենդոնկ` WECF-ի պատվավոր նախագահ»:

«ԷկոԼուր»-ը միանում է մեր գործընկերների ցավակցական ուղերձին եւ հույս հայտնում, որ Ելենա Մանվելյանը այս ծանր վիշտը կհաղթահարի այն ազնիվ հասարակական գործունեությամբ, որին նա նվիրել է իր կյանքը:

Հոկտեմբեր 27, 2011 at 11:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր