

www.1in.am
Նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում «Ընդերքի մասին» օրենսգրքի քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ ոչ բոլոր օգտակար հանածոների շահագործումն է այս փուլում հնարավոր անվտանգ իրականացնել, և ընդերքի հարստությունը պետք է ծառայի ժողովրդին:
Պատգամավորն անընդունելի համարեց Հոդված 13-ը, որով երկրաբանական տեղեկությունը մատուցվում է անվճար, բայց չի կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության. «Ինչու ՀՀ քաղաքացին չի կարող տեղեկություն ստանալ ընդերքի մասին»,- հարցադրում արեց Ս. Սաֆարյանը՝ հավելելով, որ սա է պատճառը, որ մարդիկ չեն կարող մինչև հիմա հասկանալ Սյունիքում ուրան հայտնաբերվե՞լ է, թե՞ ոչ, շահագործվելո՞ւ է, թե՞ ոչ:
Ս. Սաֆարյանը նաև նշեց, որ ընդերքօգտագործումը մի փուլ է, որը ներառում է ուսումնասիրությունից մինչև օգտագործում, սակայն հստակ չէ, թե երբ է ավարտվում ընդերքի ուսումնասիրության փուլը և սկսվում օգտագործմանը. «Ընդերքի օգտագործումը պետք է լինի պետության համար շահեկան, հանրության համար հասանելի, բաց»:
ՕԵԿ պատգամավոր Խաչիկ Հարությունյանի խոսքով՝ արտադրական լցակույտերը կարող են պարունակել նաև թունավոր նյութեր, և այդ առումով հարցը բավական մտահոգիչ է: Նա առաջարկեց դասակարգել ըստ վտանգավորության, նախատեսել ընթացակարգեր՝ հանքավայրի շահագործման ավարտից հետո այդ թափոնների սպասարկման հարցը լուծելու համար, քանի որ հսկայական միջոցներ են պահանջվելու, և պետությունը պետք է պարզի, թե որտեղից են վերցվելու ֆինանսական միջոցները: Միաժամանակ, Խ. Հարությունյանն առաջարկեց ընդերքի օգտագործման համար մրցույթ անցկացնել, և ոչ թե առաջին դիմողին տալ այդ թույլտվությունը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ հանքավայրի վերաբերյալ տեղեկատվությունը չի կարելի տրամադրել միայն երրորդ շահագրգիռ անձին, իսկ պետական մարմիններին դա հասու է. «Ինձ պարզ ասեք՝ ձեր փորացավն ի՞նչն ա»,- ասաց Վ. Այվազյանը՝ դիմելով Ս. Սաֆարյանին:
Նա նշեց, որ եթե նախկինում հարկում էին հանքանյութի հանված պաշարից, հիմա գանձվելու է հանքաքարում ընդհանուր պարունակությունից, այսինքն՝ ըստ տնտեսական գնահատման: Վ. Այվազյանը հայտնեց, որ ռեկուլտիվացիոն գործարկումից 2 տարի առաջ շահագործողը փակման նախագիծ է ներկայացնում և գումարներ է նախատեսում թափոնների համար:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, թե նախկինում կային խնդիրներ, որ օրենսդրորեն լուծում չեն ստացել, և այս փոփոխություններով փորձում են տալ: Ընդ որում, ըստ նախարարի՝ պատահական մարդը չի կարող առաջնային իրավունքով հանքի շահագործման իրավունք վերցնել, պետք է հաապատասխան որակավորում ունենա:
«Ահռելի տարբերություն կա խորհրդային տարիներին և ներկայիս շահագործումների միջև»,- հայտարարեց նախարարը՝ պարզաբանելով, որ ԽՍՀՄ տարիներին որևէ հանքավայրում ռեկուլտիվացիոն աշխատանք չի կատարվել, իսկ այսօր չկա մի հանքավայր, ուր ռեկուլտիվացիա չի արվել: Նա հավաստեց, թե օրենքի փոփոխություններով այնպիսի դաշտ է ստեղծվում, որ ներդրումները ավելացնելու համար գրավիչ լինի:
Նոյեմբեր 16, 2011 at 14:45
