

ԱրմԻնֆո
Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 15-ի նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ընդերքի մասին» օրենսգիրքը: Բացի այդ, Ազգային Ժողովի պատգամավորները երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ եւ լրացումներ մտցրեցին «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում:
Ինչպես իր ելույթում նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, մոտակա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները կարող են կազմել 3-4 միլիարդ դոլլար, ինչը պայմանավորված կլինի Ընդերքի մասին նոր օրենսգրքի ընդունմամբ: «Մեր գնահատականներով` մոտակա մի քանի տարիների ընթացքում ներդրումները կկազմեն 3-4 միլիարդ դոլլար: Ես խոսել եմ պոտենցիալ ներդրողների հետ, ովքեր սպասում են օրենսգրքի ընդունմանը»,- ասաց նախարարը:
Մովսիսյանը հավելեց, որ ներդրումներ ակնկալվում են այն մետաղական եւ ոչ մետաղական հանքավայրերում եւ հանքային երեւակումներում, որոնք արդեն հետազոտության որոշակի փուլ անցել են կամ ընդհանրապես չեն հետազոտվել: Նախարարը պարզաբանեց, որ գործող օրենսդրության մեջ կան շատ հակասություններ, եւ այն չի խթանում ներդրումներն այս ոլորտում, իսկ Ընդերքի մասին օրենսգիրքը կոչված է կարգավորելու առկա հարցերը եւ հակասությունները:
Օրենսգիրքը առավելագույնս կպաշտպանի պետության շահերը եւ էկոլոգիական պահանջները միջազգային նորմաներին կհամապատասխանեցնի: Այն կկարգավորի Հայաստանում բոլոր օգտակար հանածոների արդյունահանման հարցերը բացառությամբ գազի, նավթի եւ ռադիոակտիվ հումքի: Վերջիններիս համար աշնանը նախատեսվում է առանձին օրինագիծ ներկայացնել խորհրդարան:
Նոյեմբեր 17, 2011 at 13:55
