

ԷկոԼուր
Թեպետ Սեւանա լճում ձկան արդյունագործական պաշարներ գործնականում չկան, սակայն Բնապահպանության նախարարությունը Սեւանա լճում ձկնապաշարների համալրման ծրագիրը համարում է հաջողած եւ արդյունավետ: Այս մասին նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը նամակով տեղեկացրել է Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանին: Լիաննա Ասոյանը Բնապահպանության նախարարությունից հարցրել էր Սեւանում ձկնապաշարների վերականգման ծրագրի մեկնարկի, մանրաձկան, քանակի, տեսակի, մատակարարող կազմաերպությունների եւ ծախսված միջոցների մասին: Ըստ այդմ, պաշտոնական տեղեկատվության համաձայն` 2005-2011թթ. ընթացքում Սեւանա լիճ են լցվել 8277641,0 հատ Սեւանի կողակ ձկան թրթուրներ, Ամառային իշխանի եւ Գեղարքունու իշխանի մանրաձկներ: Նշված ժամանակաշրջանում ամենից շատ մանրաձուկ բաց է թողնվել 2011` 366667,0 հատ, որի համար պետբյուջեից հատկացվել է 60000,0 հազար դրամ: Իսկ ընդհանուր առմամբ 2005-2011թթ. ընթացքումՍեւանա լճի ձկնապաշարների համալրման համար պետությունը հատկացրել է 290287,8 հազար դրամ: Մանրաձուկ մատակարարող կազմակերպություններն են «Գոս» ՓԲԸ-ն, «Արեւաձուկ» ՍՊԸ-ն, «Սեւանի ձկնաբուծական գործարանը» ԲԲԸ-ն, «Միավար» ՍՊԸ-ն, «Բելգաս ֆիշ» ՍՊԸ-ն, «ՈՒնիֆիշ» ՍՊԸ-ն, «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ն:
Չնայած պետության գործադրած ջանքերին, Սեւանա լճի ձկնապաշարները չեն ավելանում, ձկնորսության նկատմամբ վերահսկողության բացակայության, ձկների ձվադրման վայրերի ոչնչացման եւ մանրաձկան լճի պայմաններին չհարմարվելու եւ թռչուններին կեր դառնալու շնորհիվ: Հիշեցնենք, որ եթե 1990-ական թվականների Սեւանա լճում հաշվվում է մոտ 30 հազար տոննա արդյունագործական ձկնապաշար, ապա ներկայումս ձկնապաշարների քանակը հասնում է մոտ 30-50 տոննայի:
Սեպտեմբեր 10, 2012 at 16:03
