

Արթուր Հովհաննիսյան - Hayatsk.am
Ոստիկանությունը Նորիկ Սարգսյանին ներկայացրեց որպես մեղադրյալի, բայց նա կասկածյալի կարգավիճակ ունի:
ՀՀ ոստիկանության տարածած սեպտեմբերի 30-ի հաղորդագրության համաձայն` «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կատարված հանցագործությունը բացահայտվել է: Ըստ նույն հաղորդագրության, որսագողը ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանն է: Այս կապակցությամբ «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության հոկտեմբերի 1-ի հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության մի քանի անդամներ ոստիկանության կողմից հաղորդագրության տարածումից անմիջապես հետո` սեպտեմբերի 30-ի երեկոյան, կասկածներ ունենալով, որ բացահայտվել է ոչ իրական մեղավորը, մեկնել են Գառնի և այցելել Նորիկ Սարգսյանի ընտանիքին: Նախաձեռնության անդամների հետ զրույցում Նորայր Սարգսյանը և ընտանիքի անդամներն ու հարազատները փաստել են, որ վերջինս ոչ մի առնչություն չունի կատարված որսագողության հետ»:
Ն. Սարգսյանի մոր տեղեկացմամբ, իր տղային տարել են քննչական բաժին, նա չի ունեցել փաստաբան: Ըստ նույն հայտարարության, «Հաշվի առնելով Նորիկի ծանր բարոյահոգեբանական վիճակը, ոչ մի երաշխիք չկա, որ նրա նկատմամբ չեն կիրառվի ճնշման մեթոդներ` կորզելով իրենց համար ցանկալի ցուցմունքներ: Այս պահի դրությամբ Նորիկ Սարգսյանը գտնվում է Արարատի մարզի քննչական բաժանմունքում և իրավապահ մարմիններից պահանջում է փաստաբանի պարտադիր առկայություն»:
Ուշագրավ է այս հայտարարությանը հաջորդած ոստիկանության 01.10.2012 թ. պարզաբանումը, որում մասնավորապես նշված է.
«Օրեր առաջ բնապահպան ակտիվիստները որսագողության դեպք էին արձանագրել Խոսրովի արգելոցում: Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքը հասարակական լայն հնչեղություն ստացավ: Այս արտառոց (ի՞նչ, արտառո՞ց...- Ա. Հ.) դեպքի բացահայտմանն ուղղված աշխատանքները սկսվեցին անհապաղ և ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ էին: Եվ չնայած ոմանց թերահավատությանը, որ հանցագործությունը կբացահայտվի, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց` սեպտեմբերի 29-ին, որսագողության դեպքը բացահայտվեց. 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանը խոստովանեց կատարվածը: Նրա կացարանից առգրավվեց զենք-զինամթերք և այլ իրեղեն ապացույցներ:
Թվում էր` բնապահպան ակտիվիստները պետք է գոհունակություն հայտնեին և աջակցեին իրավապահներին դեպքի բացահայտման գործում: Բայց տարօրինակ կերպով կատարվեց հակառակը...»:
Պարզաբանման մեջ նշված է նաև. «Նախաքննություն է ընթանում, որով վերջնականապես կպարզվի Սարգսյանի մեղավորության աստիճանը, իսկ բնապահպանների իրական շահագրգռությունները պարզվում են այսօր իսկ` նախաքննությանը խանգարելով: Խորհուրդ ենք տալիս, խնդրում ու պահանջում ենք` չխոչընդոտել քննության ընթացքին, չխանգարել կատարվածի լիարժեք բացահայտմանը, հակառակ դեպքում բոլոր հիմքերը կունենանք ենթադրելու, որ ձեր խնդիրը բնապահպանությունը չէ, այլ անհիմն ու անհարկի լարվածություն ստեղծելը` միայն ձեզ հայտնի նպատակներով»: Այս պարզաբանմանը ծանոթանալուց հետո, բնականաբար, բազմաթիվ հարցեր են առաջ գալիս:
Նախ, եթե որսագողության դեպքն իսկապես բացահայտվել է, ինչպես ոստիկանությունն է ներկայացրել, Նորիկ Սարգսյանն էլ խոստովանել է կատարվածը, ոստիկանությունն ինչո՞ւ դրանից կարճ ժամանակ անց նրան գործում ոչ թե մեղադրյալի, այլ կասկածյալի կարգավիճակով ընդգրկեց: Այս փաստն արդեն իսկ վկայում է, որ «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության կասկածները, վերապահումներն այնքան էլ հիմնազուրկ ու զուր չէին: Փաստն այն է, որ ոստիկանությունը Ն. Սարգսյանին ներկայացրեց որպես մեղադրյալի, բայց նա կասկածյալի կարգավիճակ ունի:
Երկրորդ. կացարանից առգրավվածը` մի փոքր բանկայով արջի յուղը, որն, ըստ Ն. Սարգսյանի զոքանչի, ինքն է գնած եղել Նոր Նորքի զանգվածի շուկայից իշիասով հիվանդ փեսայի համար, կարելի՞ էր առանց ստուգման, այդ թվում նաև` լաբորատոր փորձաքննության (արջի հայտնաբերված մնացորդների հետ վաղեմության ժամկետի և կենսաբանական համապատասխանության որոշում) ներկայացնել իրեղեն ապացույց:
Երրորդ. զենք-զինամթերքը (որսորդական հրացան, կարաբին, դրանց փամփուշտները), եթե օրինական են, ինչպես Ն. Սարգսյանի մայրն է ասում, արդյոք հի՞մք էին, որ ոստիկանությունը շտապելով, հանցագործությունը բացահայտված ներկայացներ, Ն. Սարգսյանին էլ` որսագող, այսինքն` հանցագործ, որի մեղավորության աստիճանը վերջնականապես պարզվելու է ընթացող նախաքննությամբ: Ստացվում է, որ, ըստ ոստիկանության, մեղավոր է, մնում է միայն մեղավորության աստիճանը վերջնականապես պարզել: Բնականաբար հարց է առաջանում` եթե մեղավոր է, ինչո՞ւ հոկտեմբերի 4-ի դրությամբ նա դեռ կասկածյալի կարգավիճակում էր: Դժվար է կատարվածին այլ որակում տալ, քան անմեղության կանխավարկածի խախտում ոստիկանության կողմից:
Զենք-զինամթերքի օրինական լինել-չլինելու վերաբերյալ մեր հարցին ՀՀ ոստիկանությունը հոկտեմբերի 4-ին խուսափեց պատասխանել` պատճառաբանությամբ, որ դեռ քննություն է ընթանում, զենքերի հետ կապված խնդիրը ստուգվում է: Հետաքրքիր է, թե արդեն մոտ 5 օր ինչն է ստուգվում, երբ դա պարզելու համար մեկ օրն էլ բավական էր:
Չորրորդ. հետո ի՞նչ, որ Ն. Սարգսյանը, ոստիկանության տեղեկացմամբ, «խոստովանեց կատարվածը»: Քչե՞րն են, որ ֆիզիկական և (կամ) հոգեբանական ճնշումների ենթարկվելով, ասել են, թե իրենք են կատարել այս կամ այն հանցանքը, իսկ հետո փոշմանելով, համարձակություն ձեռք բերելով, վստահելի փաստաբան ունենալով, հրաժարվել են իրենց տված ինքնախոստովանական ցուցմունքից: Ո՞ւմ հայտնի չէ, որ որոշ ոստիկաններ իրենց ձեռքն ընկած մարդուն կարող են հասցնել այնպիսի վիճակի, որ նույնիսկ Քենեդու սպանությունն իր վրա վերցնի:
Կասկածելու հիմքերից է, նախ, նախաձեռնության անդամների հետ զրույցում Նորայր Սարգսյանի հավաստումը, որ տվյալ որսագողության հետ ինքն առնչություն չունի, այդ պահին նրա բարոյահոգեբանական ծանր, ընկճված վիճակը, այն փաստը, որ, նախաձեռնության տեղեկացմամբ, ոստիկանները նրան նստեցրել են 035ՈՍ64 պետհամարանիշով, առանց ոստիկանական տարբերանշանների ավտոմեքենան ու փորձել են առանց փաստաբանի ուղեկցության տեղափոխել չգիտես թե ուր:
«Ակտիվիստները և Նորիկ Սարգսյանի հարազատները թույլ չեն տվել նրան տեղափոխել վերոնշյալ ավտոմեքենայով առանց իր փաստաբանի, քանի որ արարքը, որում նա մեղադրվում է, չի ենթադրում կալանավորում,- նշված է մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված նախաձեռնության հոկտեմբերի 1-ի ահազանգում:- Դրանից հետո Ն. Սարգսյանին նորից հետ են տարել քննչական բաժանմունք: Ակտիվիստների հավաստմամբ` ոստիկանները Ն. Սարգսյանի հետ վարվում են չափազանց կոպիտ ու անհարգալից, և Սարգսյանը գտնվում է չափազանց ճնշված բարոյահոգեբանական վիճակում:
Այս ամենը միայն ապացուցում է, որ ոստիկանությունն իրեն հատուկ մեթոդներով, ամեն ինչ անում է որսագողությունը Ն. Սարգսյանի վրա բարդելու համար` դրա իրական կատարողներին և բնապահպանության նախարարության անգործությունը կոծկելու նպատակով»:
Վերոնշյալի պարագայում, կարծում ենք, բնավ էլ տարօրինակ չէ, որ բնապահպան ակտիվիստներն իրենց գոհունակությունը չեն հայտնում իրավապահների կասկածելի բացահայտման կապակցությամբ: Իսկ ինչ վերաբերում է վերջիններիս չաջակցելուն, ապա հարց է առաջ գալիս` ինչո՞վ, ինչպե՞ս պետք է աջակցեին: Որսագողության դեպքի բացահայտմամբ նրանք արդեն իսկ աջակցել են:
Եվս մեկ նկատառում. եթե բնապահպանների հայտարարությունները, ահազանգերը, թեկուզ նույնիսկ անհիմն, իսկապես կարող են խոչընդոտել քննության ընթացքին, խանգարել կատարվածի լիարժեք բացահայտմանը, ինչպես ոստիկանությունն է իր պարզաբանման մեջ ներկայացրել, ապա վայ այդ ոստիկանությանը, ավելի լավ է այդպիսի ոստիկանություն չունենանք:
Ի վերջո, կարծում ենք, բարոյական չէ նախաձեռնության անդամներին սպառնալը, թե «...հակառակ դեպքում բոլոր հիմքերը կունենանք ենթադրելու, որ ձեր խնդիրը բնապահպանությունը չէ»: Պետք չէ մոռանալ այդ նախաձեռնության անդամների բնապահպանական վաստակը, թեկուզ միայն Խոսրովի արգելոցում որսագողության հենց նրանց շնորհիվ կատարված այս և նախորդ (Խոսրովի արգելոցի անտառապետերից Գոռի կողմից Կալաշնիկովի ինքնաձիգով վարազի գնդակահարումը) բացահայտումները:
Որոշակի փաստերից ու հանգամանքներից ելնելով, անձամբ ես նույնպես կասկածներ ունեմ, թե որսագողը Ն. Սարգսյանն է, բայց ընդգծում եմ` ընդամենը կասկածներ, որոնք, ինչպես ցանկացած կարծիք, սուբյեկտիվ բնույթ ունեն ու կարող են իրականությանը չհամապատասխանել: Եթե, ի վերջո, պարզվի, որ որսագողը նա է եղել, ապա պետք է պարզել նաև, թե նապաստակը մորթելուց հետո խարույկի շուրջ նա ում հետ է օղի խմել (օղու երկու շիշ է հայտնաբերվել, նա մենակ չէր խմի 2 շիշ), քեֆ արել: Ավելին` արգելոցի, բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներից ո՞ւմ հետ է հանցավոր համաձայնություն կամ իրեն չբռնելու երաշխիք ունեցել, որ արգելոցում այդպես անհոգ խարույկ է վառել, երկար ժամանակ գտնվել նրա մոտ (երկու շիշ օղին միանգամից չէր խմի կամ չէին խմի), հավանաբար խորովել նապաստակը` չզգուշանալով, որ կիլոմետրերով տարածվող խարույկի ծխի հոտն առնելով, այդտեղ կգան արգելոցի կամ բնապահպանական տեսչության աշխատակիցները:
Հ.Գ. Վերոնշյալ քրեական գործը երեկ արդեն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հոկտեմբեր 05, 2012 at 18:08
