Սեւանա լճում կզարգացնեն ցանցավանդակային ձկնաբուծությունը

Սեւանա լճում կզարգացնեն ցանցավանդակային ձկնաբուծությունը

ԷկոԼուր

Սեւանա լճում կզարգացնեն ցանցավանդակային ձկնաբուծությունը: Սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ անդրադարձել է այս հարցին: Նրա հանձնարարությամբ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը այս տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացնի Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծության ծրագիր: Նախատեսվում է մինչև 2021թ-ը արտադրել, վերամշակել ու վաճառել 50 հազար տոննա իշխան ձուկ: Հիշեցնենք, որ Սեւանա լճում` Շորժայի մոտ, իրականացվում էր ցանցավանդակային ձկնաբուծության փորձնական ծրագիր, որի արդյունքներից էր կախված, թե ինչ զարգացում կունենա հենց Սեւանա լճում ձկնաբուծության զարգացումը:

Այս կապակցությամբ մեջբերենք այս տարվա մայիսին այդ ծրագրի համակարգող «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր փորձագետ Էդվարդ Գևորգյանի` ԷկոԼուրին տված հարցազրույցից մի հատված, որտեղ նա նշում է, թե որքան տարածք հարկավոր կլինի, Սեւանա լճում ձկնաբութծության զարգացման համար.. «Արդյունավետ քանակությունը, որը կօգնի նաև և լճում իշխանի վերականգնմանը,  դա մոտավորապես տարեկան 50.000 տոննա ձկան արտադրությունն է: Սա Սևանի համար մեծ թիվ չէ, որովհետև 30-35 հազար տոննա ձուկ ունեցել ենք լճում: Այս տեխնոլոգիայով 50.000 տոննա ձկան արտադրության համար մենք դիտարկում ենք միայն օրգանական ձկնարդյունաբերությունը, որը նախատեսում է 1 խորանարդ մետրում առավելագույնը 10կգ ձկան արտադրություն: Սա այդքան էլ մեծ թիվ չէ:
Ընդհանրապես նմանատիպ փորձ կա եվրոպական երկներում և աշխարհում, նմանատիպ ջրավազաններում մինչև տարածքի 1.5%-ի օգտագործումը ձկնաբուծության համար համարվում է անվտանգ: Այս պարագայում մենք գիտենք, որ Սևանը 123-124 հազար հա է մոտավորապես ու, եթե հաշվենք այդ 1.5%-ը, սա բավականին մեծ թիվ է: Իսկ 50.000 տոննայի արտադրության համար այս տեխնոլոգիայով մեզ անհրաժեշտ է մոտ 100-120 հեկտար տարածք: Սա ընդամենը 0.1%-ն է»:  

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` մշակվելու է Սևանա լճի տարածքում ձկնաբուծության զարգացման համապարփակ ծրագիր, որը կընդգրկի ձկան մայրական կազմի ձևավորումը, ձկնկիթի արտադրությունը, մանրաձկան արտադրությունը, ձկան կերի արտադրությունը, ձկան արտադրությունը և վերամշակումը, ոլորտը համակարգող ասոցիացիան, գիտահետազոտական կենտրոնները և լաբորատորիաները, որակի և անվտանգության հավաստման համակարգը, արտադրանքի արտահանումը և իրացումը:

Նախագահը կարևորել է նման խոշոր և տարածաշրջանի զարգացման համար էական նշանակություն ունեցող ծրագրերի իրագործումը, այդ համատեքստում ընդգծելով, որ ներկայացված ծրագիրը և՛ Սևանա լճի բնապահպանական, էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման ու ձկնային պաշարների համալրման, և՛ մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման տեսանկյունից մեծ կարևորություն ունի:

Սեպտեմբեր 09, 2013 at 12:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր